Շոու-Բիզնես

«Ոչինչ չեմ հիշում, վարագույրը փակվելուն պես, երևի, ուշագնաց եղա»․ Իննա Խոջամիրյանը՝ 24-ամյակի, «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերայի և զգացողությունների մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 24-ամյակը տոնել է Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում․ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերան համընկել էր Իննայի ծննդյան օրվա հետ։ «Սա պատմական ծնունդ էր․ սա ծնունդ չէր, վերածնունդ էր»,- խոսելով տարեդարձի մասին՝ ծիծաղելով ասաց Իննան։

Загрузка...

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներկայացման պրեմիերայի, առաջին անգամ հանդիսատեսի առաջ ներկայանալիս իր զգացողությունների, տարեդարձի օրվա և ցանկությունների մասին։

«Չեմ հիշում՝ ինչպես անցավ պրեմիերան։ Հիշողությունիցս 1.5 ժամ ջնջվել է, մանր դետալներ եմ սկսում հիշել։ Ինձ երկար տրամադրել ու նախապատրաստել էի, մինչև պրեմիերան նույնիսկ փորձում էի դահլիճում երևակայական հանդիսատես պատկերացնել, բայց երբ վարագույրը բացվեց, տեսա, որ դահլիճում տեղ ու դադար չկա, իրական, ամենաիսկական հանդիսատեսը նստած է, առաջինն մտքովս անցավ, որ «վալերյանկա» պիտի խմեի։) Սիրտս սկսեց կայծակնային արագությամբ բաբախել։ Էմոցիոնալ կոնտեքստում քամվեցի։ Ներկայացման վերջին տեսարաններում արդեն ձայնս ականջիս սովորական երանգով չէր հնչում, երևի, հուզմունքից էր։ Ակնկալիք-արդյունք-էներգիայի մասին հիմա չեմ կարող խոսել. այս ներկայացումը դեռ մի քանի ամսվա կյանք ունի. միայն պրակտիկան և ընթացքը ցույց կտան, թե ինչ կլինի»,- ասաց դերասանուհին։

Ըստ Իննայի՝ զգացողություններն ու հուզմունքը հասել են գագաթնակետին ներկայացման վերջում․ «Ներկայացման ավարտին ծափահարություններ էին լսվում, բայց հանդիսատեսին մշուշի մեջ էի տեսնում։ Անբացատրելի երևույթ է. ողջ ներուժս տրամադրել էի ոտքի վրա մնալուն, բայց վարագույրը փակվելուն պես, երևի, ուշագնաց եղա, ոչինչ չեմ հիշում։ Երբ սկսեցի իրականությունն ընկալել, թատրոնի տնօրենի կինը՝ Ադելն էր աչքիս առաջ, ուզում էի գրկել, ուժ չունեի: Բուժաշխատողն ու թատրոնի գործընկերներս արդեն բեմում էին՝ ինձ մոտ։ Երևի, սա բեմից վախը հաղթահարելու ազդակ էր կամ չգիտեմ ինչ, երբեք չէի ապրել, չէի զգացել նման բան։ Ռեժիսորի հետ դեռ պիտի քննարկենք հետագա շտկումներն ու փոփոխությունները»։

Իննան ասաց, որ ամենից շատ սպասում է իր վարպետի՝ Դավիթ Հակոբյանի կարծիքին: «Արձագանքները դրական էին, բայց այս պահին չեմ կարող հանդիսատեսի արձագանքի մասին կարծիք կազմել։ Նորից ու նորից պետք է խաղանք հասկանալու համար, թե ինչ արձագանք ունի ներկայացումը։ Վարպետս՝ Դավիթն Հակոբյանն ասաց, որ ներկայացման մասին ինձ հետ կխոսի Երևանում, սրտատրոփ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մինչև սեպտեմբերի 28-ի բեմելը։ Նա կյանքիս բացառիկ մարդկանցից է, ով ինչ կա, ամենայն մանրուքներով ճակատիս կասի։ Նրա գնահատականն ինձ համար անչափ կարևոր է»։

Իննան նշեց, որ ներկայացման լարվածության պատճառով տարեդարձիօրվա  գիտակցումը եկել է միայն երեկոյան, չնայած ընկերներին հաջողվել է օրը տոնի վերածել: «Երեկ նաև թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի՝ Լյուդվիգ Հարությունյանի ծնունդն էր։ Եռատոն էր մեզ մոտ՝ մեր ծնունդները և պրեմիերան։ Մի հրաշալի մեծ անձնակազմով ի սրտե նշել ենք, հայավարի ասած՝ կարգին քեֆ էր։ Ամեն տարի 00։00-ին ընկերներս ինձ  շնորհավորել են անակնկալ կերպով։ Դա արդեն չի էլ կարելի անակնկալ կոչել։ Այս տարի մեզ 120 կմ-ը և տրանսֆերի խնդիրն էր խանգարում: Իմանալով այդ մասին՝ սուսուփուս պատրաստվում էի քնել, երբ սենյակիս դուռը թակեցին, գործընկերներս էին։ Չէի սպասում, չէի մտածում, որ կգան, շատ էի ոգևորվել։ Հետո բոլորով գնացինք Լյուդվիգին շնորհավորելու, մի ամբողջ արարողություն դարձավ, նոր տարի էր հիշեցնում»,- ժպիտով պատմեց դերասանուհին:

Իննան իր նվերները հանրայնացնել չցանկացավ, միայն ասաց․ «Նվերներ ստանալ շատ եմ սիրում, այ քեզ աղջիկ, եթե չսիրի:) Ինչ խոսք, այնքա՜ն լավ նվերներ ունեմ»:

Դերասանուհին ասաց, որ հիշարժան տարեդարձներ շատ է ունեցել, սակայն այս մեկը տարբերվել է ամեն ինչով․ «Այնքան էի տարվել ներկայացմամբ, որ օրվա վերջին մի քանի ժամը միայն ծննդի զգացողություն ունեցա։ Տարեդարձի հետ կապված հատուկ ցանկություններ չունեմ։ Ես անսպասելի իրադարձություններ ու անակնկալներ շատ եմ սիրում, կարևոր չէ՝ ինչ միջավայրում կլինի, որտեղ, ոնց։ Անակնկալներ կան, ուրեմն ես երջանիկ եմ»:

Իննայի խոսքով՝ իր ցանկությունների մեծ մասը ներկայումս մասնագիտական-աշխատանքային են: «Պարադոքս է, բայց բացառիկ ունակություն ունեմ պահածս ցանկությունները մոռանալու։ Մեկ այլ պարադոքս է՝ վերջերս ինչ ցանկանում եմ, ինչ լեզվիցս դուրս է թռչում, թեկուզ ի միջի այլոց, իրականանում է։ Այս պահին ցանկություններիս մեծ մասը մասնագիտական-աշխատանքային են. կայանալ, աշխատել, փորփրել, կարդալ, սովորել… այնքան բան կա անելու։ Փոքր ժամանակ մտածում էի, որ աղջկա ամուսնության տարիքը 23-ն է. մինչ այդ չամուսնացար, վերջ։ Ասել է թե, մանկական պատրանքներիս սահմանը հատեցի։ Տարիքի զգացողությունս կորցրել եմ, խուսափում եմ մեծանալուց, առավել ևս չեմ ուզում հարցին մասնագիտորեն մոտենալ»,- ասաց հոգեբանի մասնագիտություն սովորած դերասանուհին:

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...