Շոու-Բիզնես

«Հրաժարվեցի նկարահանվել վարկանշային սերիալներից մեկում, որովհետև պետք է հետաքրքիր զարգացում լինի»․ Հայկ Պետրոսյանը՝ առաջարկների բացակայության, նոր սերիալի և ընտանիքի մասին

Կամերային երաժշտական թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը հեռուստադիտողներին հայտնի է «Քաղաքում», «Խոպանի տեսություն» և «Շանթ» հեռուստաընկերության մի շարք այլ հեռուստասերիալներից։ Տևական ժամանակ է, ինչ դերասանը եթերում էր միայն որպես հաղորդավար, սակայն այս փուլում հեռուստադիտողները նրան կարող են տեսնել «Անավարտ երազ» հեռուստանովելում։

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը խոսել է հեռուստասերիալներում հանդես գալու տևական դադարի, առաջարկների բացակայության, նոր սերիալում նկարահանվելու և երկու տղայի հայրիկ լինելու մասին։  

Հեռուստասերիալներում չնկարահանվելու այս դադարը Հայկը կապում է համապատասխան առաջարկի բացակայության հետ։  «Անկեղծ կասեմ, հեռուստասերիալներում չէի նկարահանվում, որովհետև ավելի քան մեկ տարի չունեի համապատասխան առաջարկ։ Գլամուրային ռեժիսորների ու պրոդյուսերների մոտ միտում կա՝ դերասան ընտրելիս հաշվի են առնում ոչ թե տաղանդն ու անցած ուղին, այլ Ինստագրամի հետևորդների քանակը։ Մարդիկ մտածում են, որ դրանով հնարավոր է վարկանիշ ապահովել և շեշտ չեն դնում դերասանի  ներաշխարհի, բնության, տաղանդի, արտաքին տվյալների վրա, նայում են՝ նաԻնստագրամի հետևորդների քանակով նա իրենց ձեռք տալի՞ս է, թե՞ ոչ, Ֆեյսբուքում հրապարակումները քանի՞ «լայք» ունեն։ Հետաքրքիր է, բայց հաճախ եմ լսում, որ ասում են քեզ մոտ առաջարկների պակաս միշտ լինում է, քանի որ սոցցանցերում ակտիվ չես։ Նման տեսակետ հայտնողներին ասում եմ՝ հաջողություն, որովհետև եթե ինչ-որ մեկն ինձ պետք է ընտրի Ինստագրամի համար, ես չեմ ուզում մասնագիտական որևէ առնչություն ունենալ իր հետ»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ սոցցանցերում միշտ պասիվ է եղել, քանի որ կարծում է՝ սոցցանցերը մասնագիտական տեսանկյունից լրջություն չեն ներկայացնում։

Հայկի խոսքով՝ առաջարկների դեպքում էլ կան հանգամանքներ, որոնք ինքը կարևորում է։ «Վերջերս բավականին վարկանիշային հեռուստասերիալներից մեկում նկարահանվելու հրավեր ստացա, սակայն հրաժարվեցի, որովհետև բացի ուղղակի էկրանին լինելը, շատ եմ կարևորում որակը։ Ներկայումս այդ դաշտում որակի և սցենարի տեսանկյունից, իսկապես, մեծ բաց կա։ Ինձ համար դերն այնքան կարևոր չէ, որքան ամբողջ սցենարը։ Եթե միայն կենցաղային խոսակցությունների մակարդակի ինչ-որ բան է, ուրիշ ոչ մի հետաքրքիր զարգացում չկա, չկա գեղագիտություն, տրամաբանություն, հրաժարվում եմ։ Լեզվին ու խոսքին ևս մեծ կարևորություն եմ տալիս։ Երբ խաղում ես, պետք է լինի հստակ սցենար, թեմա, զարգացում։ Եղել են դեպքեր, երբ քասթինգը չեմ անցել, եղել են դեպքեր, երբ ինքս եմ հրաժարվել, որովհետև համաձայնության չենք եկել։ Դեպքերը տարբեր են, բայց, այնպես չէ, որ շատ-շատ առաջարկներ եմ ունեցել»,- ասաց Հայկը։

Դերասանը նկատեց, որ էկրանից բացակայելը չի նշանակում, որ մասնագիտական զբաղվածություն չունի։ Հայկի խոսքով՝ ներկայումս իր ժամանակի զգալի մասը տրամադրում է թատրոնին, ընթերցում է աուդիոգրքերի համար և հանդես է գալիս որպես հանդիսավար։

Աշխատանքային հագեցած գրաֆիկը դերասանը փորձում է այնպես դասավորել, որ միշտ ժամանակ ունենա ընտանիքի համար։ Օրերս լրացավ Հայկի կրտսեր որդու՝ Արեգի 1-ամյակը, դերասանի ավագ որդին՝ Նարեկը, հինգ ու կես տարեական է։

«Երկու տղայի հայրիկ լինելը փորձում եմ հնարավորինս համատեղել մասնագիտական ակտիվ գործունեության հետ։ Փոքր որդիս դեռ մեկ տարեկան է՝ շատ փոքրիկ է, ինձ տեսնելիս ուրախանում է, բայց իմ պակասը գիտակցաբար կարող է զգալ միայն մեծ տղաս։ Երբեմն թատրոնի հյուրախաղերով տարբեր քաղաքներ ենք գնում և կարող եմ տևական ժամանակ հեռու լինել որդիներիցս: Մյուս բոլոր դեպքերում օրվա ընթացքում  նրանց համար ժամանակ գտնում եմ։ Հնարավոր է՝ ուշ տեսնեմ կամ առավոտյան ընդամենը մեկ ժամ կարողանանք շփվել, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ շատ ժամանակ անցկացնենք միասին»,- ասաց դերասանը։

Հայկը նշեց, որ ընտանիքում մինչև օրս իրենից դժգոհություններ չունեն, քանի որ հասցնում է միշտ ու ամեն ինչ: «Տղայիս հետ շատ ենք սիրում սպորտով զբաղվել, միասին պարապում ենք։ Տղաս շատ է սիրում հարցեր տալ, առանց չափազանցնելու, երևի, օրական  մինչև 250 հարց է տալիս։ Հետաքրքիր է, բայց երբեմն ինքն է ինձ առաջարկում, որ խոսենք։ Շատ լավ զրուցակից է, մենք ժամերով կարող ենք խոսել՝ ինքը հարցեր է տալիս, ես էլ փորձում եմ  հիմնավոր պատասխաններ գտնել։ Երեխաների դաստիարակության հարցում ես ու կինս ճիշտ ենք համարում թողնել, որ երեխան հնարավորինս շատ խաղա մինչև դպրոց գնալը։ Մենք չենք ցանկանում երեխաներին գերզբաղեցնել, տարբեր տեղեր տանել, որպեսզի նրանց մոտ հոգնածություն առաջանա։ Անում են այն, ինչ սիրում են, հաճույքով են ստանում»,- եզրափակեց դերասանը։

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...