ԺԱՄԱՆՑ

«Պատվից առավել»-ի թիմի երեկույթը «ՏԷՖԻ» մրցանակի արժանանալու առթիվ

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Պատվից առավել» հեռուստասերիալն արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի: Այս առիթով ստեղծագործական թիմի հավաքույթը փոքր-ինչ ուշացավ, քանի որ նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ВГИК), և միայն հիմա է կարողացել գալ Հայաստան։

Загрузка...

Պրոդյուսերը հավաքույթի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ երեկույթն անցել է ջերմ ընտանեկան միջավայրում, երգել, պարել, ուրախացել, մի խոսքով՝ հայավարի քեֆ են արել:

««ՏԷՖԻ»-ի մասին շատ խոսեցինք: Արդեն ինձ վատ եմ զգում խոսել այդ մասին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ առաջին սերիալարտադրողն ենք Հայաստանում, որը ստացավ այսպիսի հեղինակավոր մրցանակ, կարծում եմ, արժեր հավաքվել: Բազմիցս ասել եմ, որ Ելենա Արշակյանը գոյություն չունի առանց իր մեծ թիմի: Խնջույքը կազմակերպել էինք, որպեսզի մեր շնորհակալությունը հայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնել են նախագծի կայացման հարցում: Իհարկե, հավաքույթին ներկա էին «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարները: Իրենք էլ շատ լավ գիտակցում են այն մարդկանց դերը, որոնք իրենց լուման են ունեցել պրոյեկտի կայացման հարցում: Անշուշտ, պետք էր բոլորին ասել»,- ասաց Ելենան:

Պրոդյուսերը շեշտեց, որ իր ցանկությունն է, որպեսզի այս մրցանակը Հայաստանում լինի առաջինը, բայց ոչ վերջինը, ընդ որում, ոչ միայն իր թիմի համար: «Կարծում եմ՝ նշաձող ենք սահմանել, որին պետք է և՛ մենք ուշադիր լինենք, և՛ մյուսները: Շատ եմ ուզում, որպեսզի Հայաստանում ավելի որակով ու լավ սերիալներ նկարահանվեն»,- ասաց նա։

Խնջույքին ներկա է եղել ոչ միայն «Պատվից առավելի», այլև «Մոր խոստումը» հեռուստասերիալի ստեղծագործական թիմը: Ելենան նկատեց, որ իր թիմերը միշտ օգնում են իրար․ «Շատ հաճախ «Մոր խոստման» անձնակազմն օգնել է «Պատվից առավելին», հատկապես, ձմեռային բարդ նկարահանումների ժամանակ: Մենք երբեք չենք առանձնացնում մեր թիմերին, իրենք էլ չեն առանձնացնում: Խնջույքին պարտադիր պետք է ներկա լինեին նաև նրանք: Նրանք էլ հավասարապես հետևել և կիսել էին ուրախությունը, որն ունեցել է «Պատվից առավելի» նկարահանող խումբը»:

Պրոդյուսերը կրկին մեկնել է երկրից, քանի որ կարևորում է ուսումը շարունակելը: Ըստ նրա՝ իր բացակայությունը չի ազդի նախագծի աշխատանքների վրա: «Կարծում եմ՝ իմ բացակայությունը չի անդրադառնա ֆիլմի արդյունքի վրա, որովհետև վերադառնում թարմացած, նոր ուժերով ու հետաքրքիր մտքերով: Կարող եմ ասել հակառակը, դա միայն օգնում է»,- եզրափակեց Ելենան:

ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան

Loading...