Լրահոս

Քոչարյանը սկսելու է խոսել և գործը բարդել չորս հոգու վրա

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հերթական միջնորդությունը գրավի դիմաց նրան ազատ արձակելու վերաբերյալ. երկրորդ նախագահը կմնա կալանքի տակ:

Загрузка...

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ ինքն այդ դատավարության ընթացքով ամենաշահագրգռված անձն է, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը: Բայց երկրորդ նախագահի փաստաբանների՝ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ պերմանենտ միջնորդությունները թույլ չեն տալիս, որպեսզի սկսվի դատավարությունը, և դրա ընթացքը բերի ճշմարտության բացահայտման:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գերագույն մարմնի անդամ Հայկ Սահակյանը, վերլուծաբաններ Մհեր Ղալեչայնը և Նժդեհ Հովսեփյանը:

«Սահմանադրական դատարանն անընդհատ փորձել է օգնել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նույն շղթայի տարբեր օղակներն են, այս անգամ էլ չստացվեց,- նշեց Մհեր Ղալեչյանը՝ հավելելով, որ հնարավոր է նոր միջնորդություն ներկայացվի՝ նոր հիմքերով: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ այս ամենի նպատակը դատավարության մեկնարկը ձգձգելն է, ժամանակ շահելը: Մհեր Ղալեչյանի խոսքով՝ Քոչարյանին բնորոշ չէ պատասխանատվություն ստանձնելու հատկանիշը, նա միշտ իրեն է վերագրել միայն հաջողությունները:

Հայկ Սահակյանը, անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանն այն մասին, թե ինքն է այդ դատավարության ընթացքով ամենաշահագրգռված անձը, ընդգծեց, որ երկրորդ նախագահն ընդամենը պոպուլիստական հայտարարություն է արել. «Ինչպե՞ս կարող է նա շահագրգռված լինել, որ օբյեկտիվ քննություն իրականացվի: Ճշմարտության բացահայտմամբ ամենաշահագրգռված կողմը քաղաքացիներն են և իշխող ուժը: Քոչարյանը և իր թիմը արհեստական խոչընդոտնր են ստեղծում և բուն պրոցեսը չի սկսվում: Քոչարյանն անկեղծ չէ իր հայտարարությունների մեջ»:

Նժդեհ Հովսեփյանը նույնպես ընդգծեց, որ միջնորդություններով դատավարության մեկնարկը անընդհատ ձգձգելու միտում կա. «Քոչարյանը չի ցանկանում, որ Մարտի 1-ի քրեական գործը մեկնարկի, հնչի մեղադրականը, և հանդես գան վկաները՝ իրենց ցուցմունքներով»:

«Դատն անխուսափելիորեն մեկնարկելու է, կարծում եմ՝ Քոչարյանը սկսելու է խոսել և մեղքը բարդելու է չորս անձանց վրա՝ Գորիկ Հակոբյանի, Հայկ Հարությունյանի, Գրիշա Սարկիսովի և Արմեն Երիցյանի,- ընդգծեց Նժդեհ Հովսեփյանը՝ հավելելով, որ Քոչարյանը հորինելու է պատմություններ և վերագրելու է մարդկանց, ովքեր չեն կարող հավաստել այդ ամենը:

Loading...