ԺԱՄԱՆՑ

Հասմիկ Խոջյանը՝ հագուստին տրամադրվող բյուջեի, աշնանը նախընտրելի գույների և ոճափոխության մասին

Загрузка...

«Էլենի օրագիրը» և «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Հասմիկ Խոջյանին հեռոստադիտողները պարբերաբար տեսնում են ոճափոխված։ Դերասանուհին ամենից հաճախ սիրում է սանրվածքի փոփոխություններ անել։  

Tert.am Life-ը Հասմիկի հետ զրուցել է նրա պահանարի, հագնվելու նախապատվության և ոճի մասին։

Դերասանուհին ժպիտով նշեց՝ նորաձևությանն այնքան էլ չի հետևում, սակայն գեղեցիկ հագնվել շատ է սիրում․ «Նորաձևությունն ինձ համար այն է, ինչն ինձ դուր է գալիս և  ինչն ինձ համար հարմարավետ է։ Ինքս երբեք շատ խորացած չեմ հետևել նորաձևությանը, որ տեսնեմ համաշխարհային ապրանքանիշերից որն ինչ է թողարկել, գնամ դա գնեմ։ Ինձ համար look-երն ընտրում եմ ըստ իմ տրամադրության, եղանակի, վայրի, ուր պատրաստվում եմ այցելել։ Շատ եմ կարևորում, որ հագուստս համապատասխանի այն ամենին, ինչը կատարվում է իմ ներաշխարհում։ Ինֆորմացիայի տեսանկյունից հիմա մենք այն դարում ենք ապրում, որ անկախ քո կամքից տեղեկանում ես նորաձևության ոլորտից որոշ բաներից, որոնք եթե դուր են գալիս՝ սկսում ես կիրառել։ Նորաձևությանը հետևում եմ այդքանով»։

Հասմիկն ասաց, որ իր համար ոճային սահմանափակումներ չկան, ինչպես նաև գունային սահմանափակումներ․ «Պահարանումս կան գրեթե բոլոր ոճերն ու գույները։ Չնայած սպոտային հագուստ, անգամ առօրյայում, շատ քիչ եմ հագնում, բայց այդ ոճն էլ ունեմ։ Աշնան գույներն ինձ համար կարմիրի երանգներն են, պաստելային գույները, կանաչը։ Գեղեցիկ հագնվելու առումով ինձ համար ամենասիրելի եղանակը աշունն է, որովհետև  կարողանում ես թեթև հագնվել և կերպարը լրացնել երկարաթև որևէ բանով, ինչը և՛ կհամալրի քո ընհանուր look-ը, և՛ երեկոյան չես մրսի։  Այս ընթացքը սիրում եմ  նաև  գույների համար, որովհետև նախապատվությունը կարելի է տալ տաք երանգներին»։  

Խոսելով ոճ և համադրությունների մասին՝ Հասմիկն ասաց․ «Իմ ոճը հիմնականում դասական հագուստի հետ ոճային որևէ խառնուրդն է։ Եթե անգամ շատ սպորտային եմ հագնված, ապա գոնե դետալներով, աքսեսուարներով փորձում եմ լրացնել։ Ամբողջովին մեկ ոճով սովորաբար չեմ լինում և ամեն ինչում փորձում եմ մի քիչ էլ դասական շեշտադրում անել։ Օրինակ՝ պիջակով ու ջինսային տարբերակներ կարող են լինել, կանացի շորիկ՝ սպորտային կոշիկներով։ Հնարավոր է հագուստն առանձին-առանձին դրված լինի և  չպատկերացնենք դրանց համադրումը, սակայն համադրելուց հետո ինձ դուր գա»։

Դերասանուհին նշեց, որ աքսեսուարներից շատ է սիրում ակնոց և գլխարկներ։  Հասմիկի խոսքով՝  ընկերները երբեմն անգամ կատակում են, թե ինքն արդեն ակնոցի մի ամբողջ հավաքածու ունի։

Հասմիկի պահարանի անբաժան մասը, ինչպես շատերի դեպքում՝ ջինսն է։

«Մի բան կա, որ միշտ, անկախ ամեն ինչից, իմ պահարանում է և դա ջինսե տաբատն է։ Նորաձևությունը փոխվում է՝ նեղ, լայն, բարձր գոտի, ցածր գոտի, սակայն ջինսե տաբատը ինքն իրենով մնում է»։  

Անդրադառնալով համադրություններին և հագուստին տրամադրվող բյուջեին՝ դերասանուհին նշեց․ «Ես միշտ սիրել եմ լավ հագնվել, և դրա համար թանկը չափանիշ չէ։ Լուրջ ու թանկարժեք ապրանքանիշ կարող է չլինել կամ ամբողջ look-ս երկու միլիոն արժողություն չունենա, բայց ես լինեմ լավ հագնված։  Գնում եմ միջին արժեքի հագուստ ու ստանում եմ գեղեցիկ look։ Այսինքն այն ամենը, ինչը ես համարում եմ գեղեցիկ ու ճաշակով՝ դա ինձ համար լավն է։ Երբ համադրությունը ճիշտ է լինում, ամենահասարակ շորերից էլ կարող ես հետաքրքիր կերպար ստանալ։ Հանրային լինել կամ չլինելն ինձ համար այնքան էլ մեծ նշանակություն չունի, եթե մարդն ունի ներքին ճաշակ»։  

Հասմիկին, բացի հագուստի ոճային բազմազանությունից, հնարավոր է պարպերաբար տեսնել նաև փոփոխված սանրվածքով։

«Մազերիս թե՛ գույնի, թե՛ ձևի հետ կապված փոփոխություններ շատ եմ  սիրում անել։ Եվ եթե խաղացածս կերպարն ինձ թույլ է տալիս, ապա պարբերաբար նորություններ անում եմ։  Երբ որևէ տեղ եմ ունենում գնալու,  չեմ սիրում  նույնը լինել և որևէ չկրկնվող  բան եմ մտածում։  Վարսահարդարիս հետ միշտ որոշում ենք, թե ինչ կարելի է անել, որ հետաքրքիր տեսք ստանանք։ Կարծում եմ ստացվում է։ Այն ինչ ինձ դուր է գալիս, մտածում եմ, որ համապատասխանում է ինձ։  Ամեն դեպքում, փորձում եմ և դեռ չի եղել նման դեպք, որ վարսահարդարւմս ինձ այնքան դուր չգա կամ չսազի, որ փոխեմ ու նոր դուրս գամ»,-ասաց դերասանուհին։  

Loading...