Շոու-Բիզնես

«Ուզում էի հասկանալ՝ ինչու ես կարող էի մերժված լինել». Wing 21-ի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը մի տղայի ազդեցությամբ փոխվելու, ավանդական ընտանիք ունենալու ու քրոջ մահվան մասին

Wing 21. 24-ամյա աղջիկ, որը սիրում է թռչել: Ժամանակին, երբ չէր ցանկանում սոցցանցերում օգտագործել իր անունը, հենց այս պատճառով ընտրեց Wing՝ թև կեղծանունը: Չնայած Ինստագրամում իր անունով չներկայանալու ցանկությանը՝ հենց այս հարթակով աղջիկը հայտնի դարձավ՝ դառնալով նախ՝ Ինստագրամի հայտնի հայուհիներից մեկը, հետո առաջարկներ ստանալով ներկայանալու հեռուստատեսությունում: 21-ը նա բնորոշում է որպես իր լավ ու վատ օրերի թիվ, հետևորդները գիտեն, որ չի բացահայտում 21-ի գաղտնիքը, սակայն Tert.am Life-ի հետ հարցազրույցում բացահայտել է նաև 21-ի հետ կապված անձնական մի պատմություն, որը մեծ դեր է ունեցել իր տեսակի ձևավորման վրա:

Загрузка...

Tert.am Life-ը Wing 21-ի հետ ոչ միայն բացահայտումներով լի հարցազրույց է ունեցել, այլև հետաքրքիր ֆոտոշարք իրականացրել: Նրա սթայլինգն արել է ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ բոլորին հայտնի աղջկան ներկայացնելով նոր ռակուրսով: Լուսանկարիչն Աննա Սողոյանն է: Հագուստը տրամադրել է White Stor-ը:

Ես մեծացել եմ հայ ավանդական ընտանիքում

Վինգը մեծացել է ֆերմերի և բանասերի ընտանիքում, ունի կրտսեր եղբայր: Իր բնորոշմամբ՝ մեծացել է հայկական ավանդական ընտանիքում: Թե ինչպես ստացվեց, որ իր բնորոշած  ավանդական հայ ընտանիքում մեծացավ հայկական կարծրատիպերից դուրս աղջիկ, Վինգն ունի իր պատասխանը. «Ի՞նչը ես չեմ անում հայեցի: Ես հերթական մարդն եմ հայկական մտածելակերպով, որը չունի կարծրատիպեր: Ես ազատամիտ եմ, ունեմ իմ կարծիքն ու տեսանկյունը, բայց և իմ սահմանները, որոնցից դուրս չեմ գա: Իմ սահմանն այն է, որ ես ինձ կողքից նայելիս չամաչեմ: Մենք ազատությունը սխալ ենք հասկանում: Մերոնց համար ես իրոք ուրիշ երեխա եմ եղել: Եթե ես մեծացած լինեի մի ընտանիքում, որտեղ ինձ ոչինչ թույլ չեն տվել, ինձ համար կարող էր քաղցր լինել դրսում կատարվող ամեն բան, բայց ես նման խնդիր չեմ ունեցել և շատ լավ գիտեմ իմ սահմանները»:

Վինգն ասում է՝ տեսակով կոտրվող չէ: Սրա լավագույն դրսևորումներից մեկը, թերևս, ձախլիկ լինելն է, ինչի դեմ փոքր տարիքում ընտանիքում շատ են պայքարել, հետո հասկացել են, որ երեխային պետք է հանգիստ թողնել: Այս դեպքում աղջկան «փրկել» է մայրիկը, ինչպես շատ այլ դեպքերում է անում:

«Տատիկս նեղվում էր, որ ես ձախլիկ եմ, ինձ ստիպում էր աջ ձեռքով գրել, նկարել, նույնիսկ եղել են դեպքեր, որ ձեռքս կապել են: Մոտս «ներվային ծիկեր» էին առաջանում, բայց ոչինչ չփոխվեց: Հետո մայրիկս հակադրվեց բոլորին, ասաց, որ եթե ձախլիկ եմ, ուրեմն պետք է ձախլիկ լինեմ»,- ասաց նա ու հավելեց, որ այսօր էլ հաճախ մայրիկի պաշտպանության ներքո է: Օրինակ, հայրիկը երբեք իրեն չի ներկայացնում իր դժգոհությունները, բոլոր բողոքները մայրիկին են ուղղվում: «Ընտանիքս ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ: Պապաս կյանք ա՝ հայ տղամարդ՝ բառիս բուն իմաստով, սակայն ինձ երբեք չի ասել՝ սա հագիր, սա մի հագիր: Եթե ինչ-որ դժգոհություն է ունեցել, մայրիկիս է ասել: Գուցե ժամանակի հետ հասկացել է, որ իմ տեսակն այսպիսին է: Իր բախումները կարող են մամայի հետ լինել, մաման ինձ միշտ հանում է այդ ամենից: Մամաս իմ ընկերուհին է, թեև ինքը  դժգոհում է, որ ես շատ փակ եմ, չեմ կիսվում, ինչպես մյուս աղջիկները: Իրականում, ես չեմ սիրում տանը խոսել այն մասին, ինչը գուցե անհանգստացնի հարազատներիս: Ավելորդ ինֆորմացիա տալ չեմ սիրում»,- ասաց նա:

Ինստագրամում Մաշն ունի 2 գլխավոր քննադատ՝ մայրիկն ու տատիկը, որոնք նրա ակտիվ հետևորդներն են: «Մինչև օրս յուրաքանչյուր նկարահանման գնալուց առաջ մամաս նայում է աչքերիս ու ասում՝ այնպիսի բան չանես, որն ինձ դուր չի գա: Մի լուսանկար ունեմ, որն իրեն շատ էր զայրացրել՝ ծխախոտով եմ: Նա գիտի, որ ես չեմ ծխում, բայց շատ էր սրտնեղել այդ նկարից»,- ծիծաղելով հիշեց Վինգն ու նկատեց, որ մայրիկն ու տատիկը շատ ավելի օպերատիվ են արձագանքում իր հասցեին հնչած ցանկացած մեկնաբանության, քան ինքը:

Մեծ կորուստ ունեցա, որից հետո չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ինձ ցավեցնել

Մաշը պատմեց, որ մեծ ընտանիքում է մեծացել, քանի որ մի բակում ապրում է նաև հորեղբոր ընտանիքը, ժամանակին՝ տատիկ-պապիկը. «Մի բակում երկու տուն կա, մեր և հորեղբորս տները: Շատ ջերմ, հարազատ մթնոլորտում եմ մեծացել»:

Սեպտեմբերին նրա ընտանիքն անդառնալի կորուստ ունեցավ: Հայաստանում հայտնի դարձավ 24-ամյա ծննդկանի՝ Լուիզա Ավետիսյանի մահվան մասին: Նա Մաշի քույրիկն էր: «2 ամիս առաջ քույրս մահացավ: Սովորաբար փորձում եմ ցավս ցույց չտալ, բայց ես գիտեմ՝ ես ինչ եմ ապրել: Առաջին անգամ եմ խոսում այս մասին: Մենք միասին ենք մեծացել, ես նա և մեր երրորդ քույրը, 3 եղբոր աղջիկներ ենք 3-ս էլ 24 տարեկան՝ 3 անբաժանելի քույր՝ Էլենը, Լուլուն ու Մաշը, բոլորն այդպես էին ասում: Իմ ու Էլենի համար Լուլուի մահն անասելի ցավ է: Չգիտեմ՝ կգա՞ մի օր, որ կհամակերպվեմ այդ մտքի հետ: Ես շատ գունավոր մարդ եմ, սակայն այդ շրջանում գույներս պակասել էին: Ինձ շատ օգնեցին մարդիկ, որոնք եղան կողքիս ու հանեցին ինձ այդ վիճակից: Չգիտեմ՝ ինձ հետ ինչ կլիներ, եթե նրանք չլինեին, գուցե մինչև հիմա կաղապարված մնայի դրա մեջ: Սակայն ես հասկացա, որ մարդիկ էգոիստ են, այդ թվում՝ ես: Իմանալով, որ նա չկա, ես սգում եմ իմ կորուստը, իմ  կարոտը: Ես շատ ամուր  ձևավորված իմունիտետ ունեմ, որովհետև իմ կյանքում շատ բացեր ու ցավեր են եղել: Վերջերս ինձ բռնացրեցի մտքի վրա, որ չգիտեմ՝ ինչ կարող է լինել, որ ես հիասթափվեմ, ցավ ապրեմ: Երևի թե, միայն մարդկային կորուստն է անդառնալի»,- ասաց նա:

Տղաների հոգեբանությունը շատ լավ եմ հասկանում

Մաշը 4 տարեկանից գիմնաստիկայի է գնացել, ինչը ձևավորել է նաև նրա տեսակը: Ասում է՝ իր ընկերների զգալի մասը տղաներ են, ինչը պայմանավորված է ոչ միայն ավելի շատ տղաների միջավայրում լինելով, այլև իր տեսակով: Ըստ նրա՝ իրեն բնորոշ են մի շարք «տղայական հատկանիշներ»:

«Ընկերներս հաճախ ասում են, որ ես տղա եմ, շատ հարցերի տղամարդավարի եմ նայում ու պատասխանում: Ես էլ եմ դա նկատում, դա առաջացել է մանուց տղաների հետ շատ շփվելու արդյունքում: Ընկերուհիներ ունեմ, բայց ընկերներս ավելի շատ տղաներ են: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ սովորում էր մոտ 500 երեխա, բայց միայն 30-ն էին աղջիկ: Իմ դասարանում կար 40 աշակերտ, որից 4-ս էինք աղջիկ: Բացի այս գործոնը, ինձ համար աղջիկը կարող է լինել հաճելի զրուցակից, լավ մարդ, բայց հազվադեպ կարող է ընկերուհի լինել: Եթե աղջիկն ինձ համար ընկերուհի է, սկսում եմ քրոջ պես ընկալել: Ցանկացած այլ պարագայում աղջիկը դիմացինին նայում է որպես հակառակորդի, մրցակցի: Աղջիկների մեջ կա այդ մրցակցությունը: Ես միշտ սիրված եմ եղել թե՛ տղաների, թե՛ աղջիկների կողմից: Երբ քոլեջ էի մտնում, բոլորը քարանում էին, բայց և սիրում էին ինձ: Միաժամանակ, շատ եմ բախվել, մինչև օրս բախվում եմ նախանձի: Կարծում եմ՝ աղջկա տեսակը կատվի տեսակ է, եթե դու նաև հաջողակ, գեղեցիկ ես, դա ուժեղացնում է հակառակորդի սինդրոմը,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ ինքն էլ է աղջիկ, նշանակում է՝ նույն հատկանիշները, որոնք իրեն վանում են մյուս աղջիկներից, իր մեջ էլ կան, արձագանքեց,- Իհարկե, կան: Դա ինձ չի վանում, ուղղակի  ես հասկանում եմ, որ ինձ ավելի հաճելի է արական սեռի հետ ընկերություն անել՝ չեն դավաճանում, միշտ կողքիդ կանգնած են, գիտես, որ ամեն հարցում կողքիդ են: Համաձայն չեմ, երբ ասում են, որ աղջկա և տղայի միջև չի կարող ընկերություն լինել, իմ դեպքում գործում է եղբոր գաղափարը»:

Այնուամենայնիվ, այս դեպքում կարող է լինել նաև սիրահարվելու վտանգ: Ըստ Վինգի՝ մի քանի տարի առաջ դա հնարավոր էր, հիմա՝ ոչ: Հպարտությամբ նշեց, որ շատ լավ գիտի տղաների հոգեբանությունը. «Ես ընտրում եմ այնպիսի ընկերների, որոնք իրոք ընկեր են, ինձ նայում են հոգատարությամբ, բայց որպես քրոջ: Ես տղաների հոգեբանությունը շատ լավ հասկանում եմ, միանգամից հասկանում եմ՝ դա ֆլի՞րտ էր, թե՝ ոչ: Ունեմ ընկերներ, որոնց ընկերուհու կամ կնոջ հետ էլ եմ ծանոթ, ընտանիքներով էլ ենք շփվում: Իմ ընկերները գիտեն, որ ես շատ քիչ մարդկանց եմ այդպիսին համարում, թեև շփվող եմ ու շատերի հետ կարող եմ ջերմ լինել: Ես ունեմ շատ քիչ ընկերներ, որոնց տարիների ընթացքում եմ ձեռք բերել: Շատերին վստահել չես կարող»:

Ես վայրի աղջիկ եմ

Մաշը միշտ ուզում է ավելի վայրի երևալ, ինչը նկատելի էր նաև ֆոտոշարքն իրականացնելիս: Ասում է՝ նուրբ կերպարում լինելն իրենը չէ, իսկ ահա կանացի լինելը պարտադիր է՝ տղայական բնավորությամբ կանացի աղջիկ:

«Ես ուզում եմ վայրի երևալ, որովհետև դա իմ տեսակն է: Նուրբ լինելն իմը չէ: Իմ մեջ երկու աղջիկ է ապրում, որոնք, երբեմն, բախումներ են ունում: Կարծես, մի ուսիս բարի Վինգը նստած լինի, մյուսին՝ չարը: Չարաճճին միշտ հաղթում է:)»,- ասաց նա:

Միաժամանակ, Մաշն ասում է, որ ամեն բան փոխվում է, երբ սիրելիիդ կողքին ես, նրա կողքին պետք է դառնաս «փափուկ». «Հենց դա է ամենակարևորն ինձ համար, որքան էլ լինես ուժեղ, կայացած, պետք է ունենաս մեկը, որի կողքին կլինես պուպուշ, փափուկ էակ: Սիրելիիս կողքին կարող եմ 360 աստիճան փոխվել, մեխանիկորեն դառնալ աղջիկ»:

Բաժանվեցինք, քանի որ հարաբերությունների վերջին փուլը սթրեսային էր

Մոտ 2 տարի ընկերություն անելուց հետո Վինգն ու երիտասարդ ռեփեր M’Tiko-ն 7 ամիս առաջ բաժանվեցին: Մաշն առաջին անգամ խոսեց բաժանման ու դրան նախորդած դժվար էտապի մասին: Բաժանումը բերում է հիասթափության, սակայն, ըստ նրա, բաժանումից հետո ծանր ապրումներ չի ունեցել: Դժվար փուլը մինչև այդ էր:

«Ես մեր հարաբերությունների վերջին շրջանում էի դժվար էտապում, երբ դեռ միասին էինք: Վերջին փուլը սթրեսային էր, ներվ կար: Ես տեսակով այնպիսին չեմ, որ փակեմ դուռը, օրերով հաց չուտեմ, չէ… կողքից չեն զգա իմ ցավն ու սթրեսի մեջ լինելը, սակայն կարող եմ շատ ծանր տանել: Իհարկե, միասին գեղեցիկ պահեր ենք ապրել, շատ հարցերում նույնիսկ շնորհակալ եմ իրեն, որովհետև օգնել է, խորհուրդներ տվել, թեկուզ աշխատանքային առումով: Փորձում էի փրկել հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր ընտանիքների գործոնը, սակայն հասկացա, որ առաջին հերթին կարևոր են ձեր հարաբերությունները»,- ասաց նա:

Վերջին ամիսներին խոսակցություններ են շրջանառվում, որ Մաշը հանդիպում է երիտասարդ դերասան, երգիչ Գոշի հետ: Այս մասին խոսել նա չցանկացավ:

Ես երջանիկ մարդ եմ

Մաշն իրեն երջանիկ մարդ է համարում: Ասում է՝ ինչ էներգիա ուղարկես տիեզերք, կրկնապատիկը հետ կստանաս: «Ես երջանիկ եմ ու շնորհակալ եմ իմ ամեն օրվա, իմ կողքի մարդկանց համար, որոնք սիրունացնում են օրերս: Ես հասկացել եմ, որ որքան երջանիկ ես քեզ համարում, որքան գունավոր է քեզ համար, այնքան ավելի լավ է լինում, որքան վատ ես տրամադրվում, այնքան վատ է լինում: Ինչ էներգիա ուղարկում ես վերև, այն էլ քեզ վերադառնում է:

Մարզական կրթություն ստանալուց հետո Վինգը սովորել է Ֆիզկուլտ ինստիտուտի Սպորտային լրագրության բաժնում, տպագրվել ուսանողական թերթում, հետո ներկայացել որպես հաղորդավարուհի, ապա դերասանուհի: Այս պահին նա նման զբաղվածություն չունի: Մաշից հետաքրքրվեցինք, թե ինչով է լցնում իր առօրյան՝ հաշվի առնելով, որ հիմնական զբաղվածություն չունի:

Վինգի եկամուտի հիմնական աղբյուրն Ինստագրամն է: Շատերին թվում է, թե սա ենթադրում է անհոգ կյանք, մինչդեռ Մաշն ասում է, որ նույն Ինստագրամ վարելն իրենից բավականին մեծ զբաղվածություն է ենթադրում: «Ես բավականին զբաղված եմ: Գովազդներն ու ֆոտոշարքերը, ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, պայմանավորվածությունները, մտքերը շատ ժամանակ են խլում:  Գրաֆիկս շատ խիտ է: Դժվար է անել գովազդ, որն ավելի շատ լայք կհավաքի, քան ուրիշների գեղեցիկ լուսանկարները, պետք է մտածես՝ ինչպես դա ներկայացնել, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց նա ու հավելեց, որ ժամանակին իր էջի զարգացումը մեխանիկորեն է ստացվել:

Ինստագրամի հայտնի աղջիկներից մեկը տարիներ առաջ անտարբեր է եղել սոցցանցերի հանդեպ, մինչև հիմա գրանցված չէ Ֆեյսբուքում, Ինստագրամում գրանցվելիս էլ չի ցանկացել օգտագործել իր անունը: Հենց դրա համար էլ ընտրել է «Վինգ» մականունը: «Անունս չէի ուզում գրել: Մտածում էի՝ ինչն ինձ կբնութագրի: Ընտրեցի ազատություն՝ wing՝ թև: Ես սիրում եմ թռչել: Ինչու ոչ wings, որովհետև ես  մենակ էի: Երբ ամուսնանամ, կդառնա wings, ի վերջո, թռչելու համար թևեր է պետք, ոչ թե թև»:

Հիմա հեռու թռչել Մաշը չի ուզում: Ըստ նրա՝ շատ գոհ է այն արդյունքից, որ այսօր ունի, դրան հասել է հաջողակ և աշխատասեր լինելու արդյունքում: Դերասանական ոլորտ մտնելուց հետո զգացել է գործընկերների բացասական վերաբերմունքը, բայց դրա վրա քիչ է ֆիքսվում: «Ոլորտում զգացել եմ բացասական վերաբերմունք, որ ես Ինստագրամից հատնի էի, սկսեցի նկարահանվել: Մտածում են՝ մենք սովորեցինք, այսքան բան արեցինք, դու եկար, մեզ անցար: Բայց դրա վրա չեմ կենտրոնանում: Գուցե դեռ ընդունվել Թատերական ինստիտուտ, երբեք ուշ չէ,- ասաց նա ու հավելեց, որ նկարահանվում է այն նախագծերում, որոնք իրեն հետաքրքիր են,- սերիալներում նկարահանելու առաջարկներ շատ եմ ունեցել, սակայն չեմ նկարահանվել: Շուկան ինձ դուր չի գալիս:  Իհարկե, կան նաև լավ նախագծեր: Օրինակ՝ «Վերջին ուսուցիչը» սերիալում սիրով կնկարահանվեի, եթե առաջարկ լիներ, սակայն լաց ու կոծն իմը չէ: Ինձ թվում է՝ այդ նախագծերում լինելով դու էլ ես դառնում այդպիսին:

Եթե ուշադրության կենտրոնում չլինեմ, շատ կնեղվեմ

Հայտնի լինելու մասին Վինգը մանկուց է երազել, թեև չի պատկերացրել, դա կլինի Ինստագրամի միջոցով: Ուշադրության կենտրոնում լինել 24-ամյա աղջիկը շատ է սիրում, թեև, երբեմն, դա նաև սահմանափակում է: «Ուշադրությունը շատ հաճելի է, բայց և սահմանափակող է, դու պատասխանատու ես լսարանի առաջ: Առաջ ինձ Ինստագրամից էին ճանաչում, «Դեպի ճամբարում» նկարահանվելուց հետո լսարանս մեծացել է: Դա ինչքան հաճելի է, այդքան էլ խանգարում է: Չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ քաղաքում ուղղակի հանգիստ քայլել, մեկ-մեկ խեղդվում ես, բայց դա ինձ դուր է գալիս: Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:

Մաշի հետաքրքրվեցինք՝ երբևէ ունեցե՞լ է պարտություն ուշադրության կենտրոնում լինելու առումով, հատկապես, որ աղջիկներին մեծ հաշվով դիտարկում է որպես մրցակիցների. «Սպորտը քո մեջ ձևավորում է պայքարելու ու հաղթելու տեսակ: Մրցակցությունը լավ բան է, բայց ինձ ներվի վրա չի պահում: Իմ կյանքում, սպորտում ունեցել եմ պարտություններ: Եթե չունենաս պարտություն, չես ունենա հաղթանակ, սակայն ուշադրության պարտություն չեմ ունեցել: Նույնիսկ, երբ հայտնի չէի, միշտ սովոր էի լինել ուշադրության կենտրոնում: Ինձ համար դա սովորական էր: Եթե ուշադրության կենտրոնում չլինեմ, շատ կնեղվեմ»,- ասաց նա:

Ուզում էի հասկանալ՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ ես մերժված լինեմ

Շարունակելով պարտությունների թեման՝ Մաշից հետաքրքրվեցինք երբևէ ունեցե՞լ է պարտություն՝ որպես կատվիկ, ինչպես ինքն է բնորոշում աղջիկներին: Այստեղ բացահայտվեց շատ հետաքրքիր պատմություն, որը փոխկապակցված է նաև իր համար խորհրդանշական 21 թվի հետ: 21-ի ամբողջ գաղտնիքը Մաշը չի բացահայտում՝ ասելով, որ այն իր լավ ու վատ օրերի թիվն է, սակայն այս անգամ բացահայտեց անձնական պատմություն:

«Տղաների ուշադրության հարցում չեմ պարտվել, թեև շատ հետաքրքիր կլիներ: Ամեն դեպքում իմ կյանքում եղել է մի դեպք, երբ հավանել եմ մի տղայի, նա էլ էր հավանություն ցույց տալիս, բայց դա ավելին չդարձավ: Մեր միջև որևէ կապ չի եղել, ուղղակի այդպես լինում է՝ նայում ես մարդուն ու հասկանում, որ քոնն է: Ինձ մոտ հարցականներ կային, թե ինչու դա փոխադարձ չեղավ, ինչու վերջակետն այդպես եղավ: Ես ուզում էի հասկանալ՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ ես մերժված լինեմ: Իր հեռախոսի մեջ մինչև հիմա իմ անունը գրանցված  է «Ամենասիրուն»: Ասում էր՝ դու ամենասիրուն մարդն ես, որին ես ճանաչում եմ, շատ լավն ես, գժվում եմ քո համար ու… վերջ: Հենց դա էր ինձ մոտ հարցականներ թողել: Այդ փորձառությունը ձևավորեց այսօրվա աղջկան՝ ես դարձա այնպիսի աղջիկ, որ նա փոշմանի, թե ինչու իր կողքին չեմ, պետք է մի օր ինձ ասի՝ ինչու ես քեզ բաց թողեցի: Եվ ասաց… Մինչև օրս շնորհակալ եմ իրեն՝ տեսակիս ձևավորման վրա այդպես ազդելու համար, հանդիպելիս հաճելի բարևում ենք,- պատմեց նա, իսկ հարցին, թե այդ փորձառության շնորհիվ կոնկրետ ի՞նչ փոխվեց իր մեջ, պատասխանեց,- Իմ ամենամեծ ֆիշկան իմ պարզությունն ու անկեղծությունն է: Դա չի փոխվել, ավելի շատ անուն ու ստատուս եմ ձեռք բերել: Կարծում եմ՝ պատճառը ստատուսն էր: Ինձ պետք էր չստացված հարաբերություն, որպեսզի այսօր ունենայի այս ստատուսը, վերագտնեի ինձ, լինեի ավելի ուժեղ ու կայացած: Նաև ավելի անտարբեր եմ դարձել: Չգիտեմ՝ կլինի՞ մի բան, որն ինձ կցավացնի: Առաջ կողքիս մարդկանց հետ մի բան լիներ, ծանր տանել, հիմա սառել եմ: 21 թիվը իր հետ միանշանակ կապ ուներ, այն իր թիվն էլ էր: Բացի այդ, ես այդ ժամանակ 21 տարեկան էի:) Կարող ենք բաժանել իմ կյանքը մինչև 21 տարեկան ու դրանից հետո»:

Հարցին՝ այդ տղան այդպիսի ստատո՞ւս ուներ, որ դա այդքան կարևոր էր, նա պատասխանեց. «Հայտնի մարդ չէր, բիզնեսմենի ընտանիքից էր: Թեև երբ ծանոթացանք, բացարձակ չգիտեի՝ ով է: Ամեն դեպքում, ես հասկացա, որ պատճառը ստատուսն էր»:

Եթե ինձ պլաստիկ վիրահատություններ են վերագրում, ուրեմն դրանց կարիքը չունեմ

Չնայած Մաշին մի շարք պլաստիկ վիրահատություններ են վերագրում՝ վստահեցնում է՝ որևէ միջամտություն չունի. «Շրթունքներս, քիթս, ոչինչ չեմ փոխվել: Առաջ նեղվում էի, որ ինձ պլաստիկ վիրահատություններ էին վերագրում, հետո  հասկացա, որ պետք է հպարտանամ դրանցով: Եթե ոչինչ չեմ արել, բայց մարդիկ մտածում են, որ արել եմ, ուրեմն  ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարող էր լինել: Ես վատ չեմ վերաբերում այդ ամենին, պարզապես ինքս չեմ արել, եթե այդքան խոսում են, ուրեմն կարիքն էլ չունեմ»:

Այնուամենայնիվ, աղջիկները հաճախ մի շարք թերություններ են գտնում իրենց վրա: Մաշի խոսքով՝ ինքն էլ բազմաթիվ թերություններ է գտնում իր վրա, սակայն ինքնավստահության խնդիր չունի: «Ես ինձ վրա այնքան թերություն կարող եմ գտնել: Ժամանակին նույնիսկ ուզում էի քիթս վիրահատել, հետո հասկացա, որ իմ դեպքում նման ցանկությունը նորմալ չէ: Հիմա ուզում եմ կազմվածքս մի քիչ կորեկցիա անել, բայց մարզվելով, ոչ թե միջամտությամբ: Միշտ կարող է լինել ավելի լավ: Ես ինձնից գոհ չեմ, այնքանով, որ միշտ կարելի է կատարելագործվել, սակայն չունեմ ներքին բախում, որ օրինակ դժգոհ եմ իմ արտաքնից: Ինքնավստահ եմ»,- ասաց նա:

Նկարահանումն իրականացվել է Kong Yerevan-ում

Դիմահարդարումը և վարսահարդարումը՝ Brow Up Yerevan-ի

Ոճը՝ Մադոննա Հարությունյանի

Լուսանկարները՝ Աննա Սողոյանի

ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան

Loading...