ԺԱՄԱՆՑ

Սկզբում մտածում էի կատակ է. ինչպե՞ս Վարդան Բադալյանին հաջողվեց ելույթ ունենալ Աթենքի ամենամեծ համերգասրահում

Երգիչ Վարդան Բադալյանի  ֆեյսբուքյան  էջը ողողված էր համերգային կատարումներով և հասկանալի էր ,որ այդ համերգը տեղի էր ունեցել  արտերկրում,այս դեպքում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Asekose.am-ը զրուցել է երգչի հետ՝ համերգի մանրամասների, հույն պրոդյուսերի հետ համագործակցության և այլնի մասին:

Загрузка...

Ինչպե՞ս եղավ ,որ Աթենքի ամենամեծ դահլիճում հույն հանդիսատեսի համար հնչեցին հայկական ժողովրդական երգեր:

Մեկնել էի ԱՄՆ համերգային ծրագրով ու հանկարծ այնտեղ անծանոթ համարից զանգ եմ ստանում: Վերցնում եմ ու հեռախոսի մյուս կողմում ՝ մի մարդ ասում է,  որ Հունաստանից է,  պրոդյուսեր,  ով  կազմակերպում է  համերգներ և  շատ է ցանկանում, որ Աթենքի ամենամեծ դահլիճում  տեղի ունենա իմ մենահամերգը՝ նվագախմբի հետ միասին: Սկզբում մտածում եմ կատակ է, բայց հետո արդեն խոսակցությունից հասկանում եմ, որ ամեն ինչ բավականին լուրջ է։ Իսկ երբ ուսումնասիրեցի տվյալ ընկերության պաշտոնական էջը, այլևս որևէ կասկած չմնաց:  Այդ մարդը՝ Գերոգի Էրիտրիդիսը,    պրոդյուսեր  է, ով  կազմակերպել է աշխարհահռչակ շատ երգիչների ու երաժիշտների համերգները։  Իսկ այս անգամ էլ ցանկացել էր, որ լիներ արտիստ  Հայաստանից ու հնչեր   բացառապես հայկական  ժողովրդական երգերը: Հետագայում իմացա արդեն, որ նա  խորհրդային տարիներին ապրել է Մոսկվայում ու շատ լավ ծանոթ է հայկական մշակույթին: Վերադարձա Հայաստան ու արդեն սկսվեց նախապատրաստական աշխատանքները:

Ի՞նչպես էր նա Ձեր մասին իմացել:

Ինձ համար մինչ այս պահն այդպես էլ մնաց գաղտնիք, քանի որ  մինչև վերջ էլ չասաց: Բայց իմ երգացանկը  համացանցի միջոցով լավ ուսումնասիրել էր, նշում էր կոնկրետ հեղինակների անուններ, որոնց երգերը պետք է հնչեին երեկոյի ժամանակ՝ գուսան Շահեն,Սայաթ Նովա և այլն:

Ինչպե՞ս որոշեցիք, որ ձեզ հետ բեմում պետք է լինի « Նարեկացի» նվագախումբը, արդյո՞ք նրանց երաժշտական ուղղուն էլ էր ծանոթ հույն պրոդյուսերը:

Նախ նա առաջարկեց, որ համերգը լինի անպայման ժող գործիքների նվագակցությամբ: Ես առաջարկեցի մի քանի գործիքներ, բայց նա չհամաձայնվեց, ասաց որ մի ամբողջ նվագախումբ ու պարային խումբ է ցանկանում տեսնել բեմում: Քանի որ ես արդեն «Նարեկացի» անսամբլի գեղարվեստական ղեկավար, թառահար Արտեմ Խաչատուրի հետ համերգային ծրագրով հանդես էի եկել, հետևաբար որոշեցի, որ հենց նրանք պետք է լինեն  բեմում: Մեզ հետ էր նաև «Լուսե» պարային համույթը՝ Սուրեն Խաչատրյանի  ղեկավարությամբ ու նաև ժողովրդական երգչուհի Լուսինե Միրզախանյանը: Կազմվեց 26 երգից  բաղկացած համերգային ծրագիր, որը տևեց 2 ժամից ավելի: Մեզ շատ ծանոթ ու սիրելի ժողովրդական երգերը հենց այս համերգի համար նորովի գործիքավորել էր  Արտեմ Խաչատուրը: Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև գործիքային կատարումներ: Իսկ Արամ Խաչատրյանի «Ջութակի» կոնցերտը, երբ հնչեց   ժողգործիքների նվագակցությամբ, դահլիճը մեծ ոգևորություն ապրեց: «Նարեկացի» անսամբլի դերն այս համերգում ուղղակի անգնահատելի է: Եվ համերգի հաջողված լինելը  հենց նրանցով էլ էր պայմանավորված:

/filemanager/uploads/2019/11/week-4/Vardan_Badalyan.jpg

Վարդան, Աթենքի ամենամեծ՝  «Christmas theatre» համերգասրահում էր համերգը, ասում են այնտեղ  ամեն արտիստ չի կարող ելույթ ունենալ, քանի որ չափորոշիչները խիստ են:  

Ճիշտ եք,այնտեղ շատ հույն երգիչներ անգամ ելույթ չեն ունենում: Իսկ հանդիսատեսը բացառապես հույներ էին: Նրանք շատ ջերմ ընդունեցին մեզ: Երգեր կար, որոնք գիտեին, քանի որ իրենց արտիստները դա կատարում են: Դրանք են՝ «Յար քո բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ»․․․ Այս երգերի ժամանակ հանդիսատեսը մեզ հետ երգում էր: Իսկ երբ երգեցի Կոմիտասի «Կռունկը», լիովին այլ զգացողություն էր դահլիճում: Նշեմ ,որ ամբողջ  համերգի ժամանակ մեծ էկրանով ցուցադրվում էր Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերը, իսկ «Կռունկի» ժամանակ արդեն Ցեղասպանության հուշահամալիրի պատկերն էր մեծ էկրանին, իսկ ցեղասպանության թեման գիտեք ,որ նրանց համար էլ է շատ ցավոտ:  

Երբ ուսումնասիրում էի Ձեր ֆեյսբուքյան էջը, նկատեցի որ այդ համերգի պաստառի վրա շատ փոքր տառերով էր ձեր անունները գրված ու ձեր նկարներն անգամ չկան: Փոխարենը, մեծադիր աղջկա նկար էր՝ հայկական տարազով ու գրված «Հայաստան»:  Ի՞նչու էիք նման գովազդի տեսակ ընտրել:

Անկեղծ ասած՝ ես ինքս էի ցանկացել, որ պաստառը նման կերպ լինի, քանի որ ինձ Հունաստանում չեն ճանաչում, իմ անուն, ազգանունը ոչինչ չի ասում: Հետևաբար, գրեցինք Հայաստանից երգիչներ ու նվագախումբ են համերգային ծրագրով հանդես գալու,  որպեսզի մարդկանց հետաքրքրեր և նրանք գային համերգի:  Պրոդյուսերը մի պահ զարմացավ, ես ասացի՝ թող գան համերգի, այդ ժամանակ ինձ կճանաչեն, մյուս անգամ  էլ  արդեն իմ համերգին կգան: Չեք պատկերացնի՝ ինչ ոգևորություն էինք ապրում, երբ տեսնում էինք, որ ամբողջ Աթենքը ողողված էր մեր համերգային պաստառներով:  Յոթ  ամիս շարունակ նրանց աչքի առաջ են եղել Հայաստանի պատկերները:

Առաջին անգամ էի՞ք  այլազգի հանդիսատեսի առջև ելույթ ունենում, և կաշկանդվածություն չկա՞ր:

Մի անգամ երգել եմ Իրանում, իրանցի հանդիսատեսի համար, բայց այս համերգին պատասխանատվության զգացումս շատ ավելի մեծ էր: Երբ բարձրացա բեմ՝ երգերիս առաջին նոտաներից հետո նրանք մեզ շատ ջերմ ընդունեցին։ Ես արդեն շատ ավելի վստահ էի ինձ զգում բեմում: Ի դեպ՝ նշեմ, որ նույն այս ծրագրով նոյեմբերի 1,2-ին  Արցախում ենք հանդես եկել: Այդ համերգի տոմսերի գումարն էլ փոխանցվել է Ստեփանակերտի  թատրոնի վերանորոգման աշխատանքների համար: Կարելի է ասել՝  գնացինք Արցախ՝ օրհնություն ստացանք ու մեկնեցինք Հունաստան:

Ի՞սկ  համերգից հետո  գործնական առաջարկներ եղան:

Այո, որոշվեց որ պետք է թողարկվի ձայնասկավառակ,սակայն արդեն հայկական ժողովրդական երգերը անսամբլի հետ ոչ միայն կկատարեմ ես, այլև՝ հույն հայտնի երգիչներ: Առայժմ շատ փակագծեր չեմ ուզում բացել, երբ լինի, այն ժամանակ էլ կխոսեմ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...