Լրահոս

Սերժ Սարգսյանի փոխարեն կանչեք Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանություններն ամեն ինչ անում են, որ առաջիկա օրերին 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանա ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով` վերջին ժամանակահատվածում հաճախ է քննարկվում այն անձանց անունները, ովքեր պետք է հանձնաժողով ներկայանան, բայց, կարծես թե, հանձնաժողովին դեռեւս չի հանջողվում առանցքային դեմքերին «բերման ենթարկել»: Ըստ հանձնաժողովականների` իրենց համար կարեւոր է, որ անպայման հարցաքննվի Սերժ Սարգսյանը, որը, կարծես թե, որեւէ կերպ չի համաձայնում խորհրդարան գալ:

Загрузка...

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ` պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի Սերժ Սարգսյանը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ներկայանալու հարցում:

-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչ տեսակետ ունեք ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ: Արդյոք կարծո՞ւմ եք, որ հանձնաժողովին հաջողվելու է բացահայտումներ անել քառօրյա պատերազմի վերաբերյալ:

-Հետեւում եմ հանձնաժողովի աշխատանքներին այնքանով, որքանով որ լրատվամիջոցները տեղեկատվություն են տալիս կատարած աշխատանքի վերաբերյալ. որ ասեմ` այդպես գիշեր-ցերեկ հետեւում եմ, չէ, բայց ինչքան հնարավոր է, տեղեկություններին հետեւում եմ: Ի՞նչ բացահայտում, այս պահի դրությամբ, որ նայում ես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքներին, որեւէ բան չկա: Ինձ համար էական է պաշտպանության նախարարի կարծիքը. ՊՆախարար Դավիթ Տոնոյանը, ով այն ժամանակ եղել է ՊՆ առաջին փոխնախարարը, ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը համոզված է, թե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում բոլոր մտահոգությունները կփարատվեն:

Սա մեկ, ես ի սկզբանե ասել եմ, որ Անդրանիկ Քոչարյանը եւ իր կամպանիան առաջինը պետք է հրավիրեն Նիկոլ Փաշինյանին ցուցմունք տալու համար, որովհետեւ Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, որպեսզի Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ: Ես ուղիղ խոսքը մեջ չեմ բերել, այլ ընդհանուր միտքն եմ ներկայացնում: Թող վարչապետին կանչեն ու ասեն` ընգե՛ր ջան, էս տեղեկությունը քեզ որտեղի՞ց: Եթե պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ, ապա դու էլ գնում ես ՀԱՊԿ-ում միաձայն բաներ եք ստորագրում: Եթե ՀԱՊԿ-ը ձեւական կառույց է եղել, եթե ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է եղել, ապա այդ ամենը ձեզ որտեղի՞ց: Ինչ վերաբերում է այդ բացահայտումներին, ապա եթե ինչ-որ խախտումներ են եղել, թող օրենքով սահմանված կարգով պատժվի: Կրկնում եմ, որ այս պահին դեռ ինձ մոտ համոզմունք կա, որ այդ աղմուկ-աղաղակով ստեղծված հանձնաժողովում դեռեւս որեւէ բան չկա: Ես ասել եմ ու կրկնում եմ` Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են ու վերջ: Ով ուրիշ բան է մտածում, ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին: Թերությունը մի բան է, բայց հաղթանակը որպես պարտություն ներկայացնելը դա արդեն ազգային դավաճանություն է: Բայց կրկին հորդորում եմ, որ հանձնաժողովը հրավիրի Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ չեն հրավիրում:

-Իշխանությունները նպատակ ունեն, որ քննիչ հանձնաժողովի նիստերին ներկայանա Սերժ Սարգսյանը, որովհետեւ, ըստ իրենց, նա շատ բան ունի պատմելու այդ օրերի հետ կապված: Սերժ Սարգսյանը խուսափո՞ւմ է ներկայանալ հանձնաժողով:

-Սերժ Սարգսյանը հասարակությունից որեւէ բան թաքցնելու չունի, բայց նախքան Սերժ Սարգսյանը հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, ես արդեն նշեցի, որ ինքն այնպիսի հայտարարություն է արել, որը անհրաժեշտ է, որպեսզի պարզաբանվի: Որտեղի՞ց է նրան նման տեղեկատվություն: Սերժ Սարգսյանը հաղթանակած նախագահ է, իր օրոք Ադրբեջանը քառօրյա պատերազմի ժամանակ պարտություն է կրել: Իսկ Դավիթ Տոնոյանը պառլամենտում հայտարարել է, որ թող քննեն, ու այդ քննության արդյունքում կպարզի, որ այն հեքիաթները, որ մենք պարտվել ենք, թե այսպես, թե այնպես, դրանք ընդամենը ծիծաղելի բաներ են:

-Բայց տեղեկություններ կան, որ Ս. Սարգսյանը չի ցանկանում հանձնաժողովին ներկայացնել այն իրողությունը, որը եղել է քառօրյա պատերազմի ժամանակ:

-Սերժ Սարգսյանը կյանքում ոչ մի բանից չի խուսափել, ինքը պատասխանատվություն վերցնող գործիչ է եղել միշտ, ու մի՛ մոռացեք, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն է եղել:

-Այսինքն` եթե հրավեր լինի հանձնաժողովից, գնալո՞ւ է Սերժ Սարգսյանը:

-Ես եթե-ներով հարցեին չեմ պատասխանում, ես կրկնում եմ` նախ եւ առաջ պետք է հրավիրել Նիկոլ Փաշինյանին այդ հանձնաժողով, իսկ Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, հանրությունից որեւէ թաքցնելու բան չունի, առավել եւս Ս. Սարգսյանի եւ Բակո Սահակյանի գլխավորությամբ երկու պետությունները Ադրբեջանին տարել են ձախողման Ապրիլյան քառօրյա պատերազմում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...