ԺԱՄԱՆՑ

Աստղերի անհայտ կողմը. Յանա Դանիելյանը, դաշնամուրն ու չարչարանքները

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը հեռուստահաղորդավարուհի Յանա Դանիելյանն է: Պարզվում է՝ նա 2005թ. ավարտել է Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, իսկ արդեն 2011թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը. մասնագիտությամբ դաշնակահարուհի է:

Загрузка...

«Իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Ուսանողական տարիներին պրակտիկայի շրջանակում երեխաների հետ պարապել եմ դաշնամուր. միայն այդքանը: Ու թեեւ երաժշտական ուղղությամբ չշարունակեցի ուղիս, միեւնույնն է, շատ ուրախ եմ, որ երաժշտական կրթություն եմ ստացել. այն լայնացնում է մարդու աշխարհայացքը: Հատկապես ուրախ եմ, որ դասական երաժշտության ասպարեզում եմ եղել, մասնակցել եմ ամենատարբեր մրցույթների, 13 տարեկանում ստացել եմ ոսկե մեդալ, մեկնել եմ տարբեր երկրներ, վերադարձել եմ գլխավոր մրցանակներով: Շնորհակալ եմ դասախոսիս՝ Արմեն Բաբախանյանին»,- մեկնաբանեց Յանան:

Նա չի ափսոսում, որ հետագայում ընտրել է հաղորդավարուհու ուղին, քանի որ իրեն ավելի կոմֆորտ է զգում այդ աշխատանքն իրականացնելիս: Հիմա արդեն Յանայի դուստրն է նվագում դաշնամուր, հետաքրքրվում երաժշտությամբ. «Անկեղծ ասած՝ չէի ցանկանա, որ դուստրս դաշնակահարուհի դառնար: Ես գիտեմ, թե երաժիշտները ինչ ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներ են ստիպված հաղթահարել: Մինչեւ հիմա ես ունեմ մեջքի խնդիր, տեսողության խնդիր… Երբ ունկնդրում եք երաժշտի նվագը, թվում է, թե դա բավական թեթեւ մի աշխատանք է, բայց մեկ ելույթի համար երաժիշտը ստիպված է պատրաստվել օրերով ու ամիսներով… Եվ դա բավական մեծ էներգիա ու ջանք է պահանջում: Ամեն դեպքում, եթե դուստրս պնդի, որ ցանկանում է երաժիշտ դառնալ, ես դեմ չեմ լինի նրա որոշմանը»,- եզրափակեց Յանան:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...