Հետաքրքիր

Խորենը, Նազենին ու Վահեն՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ընկերության մասին պատմող «Անավարտ օպերա» ֆիլմում

2020-ի սկզբին ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը լսարանին կներկայացնի փաստագրական-խաղարկային ֆիլմ Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի և Վահե Բեգոյանի մասնակցությամբ: «Անավարտ օպերա»  ֆիլմը HK Production-ի ու «Հայք» կինոստուդիայի արտադրանքն է։

Загрузка...

Հրաչ Քեշիշյանը Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և պատմել նախագծի առաջին մանրամասները։ Դերասան Խորեն Լևոնյանը մարմնավորել է Հովհաննես Թումանյանին, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ իշախանուհի Մարիամ Թումանյանին, երաժիշտ Վահե Բեգոյանը՝ Կոմիտասին։

«Սա բավականին ուսուցողական նախագիծ է՝ փաստագրական-խաղարկային ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի բարեկամությանը։ Հետաքրքիր պատմություն է, որի հիմք է հանդիսացել իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկը Կոմիտասին՝ գրել «Անուշ» օպերան։ Կոմիտասը սկսել է աշխատել օպերայի շուրջ, բավականին երկար է աշխատել՝ մինչև 1910 թվականը, սակայն օպերան այդպես էլ չի կայացել՝ մնալով անավարտ։ Ի դեպ, իշխանուհի Մարիամ Թումանյանն ազգակցական կապ չունի Հովհաննես Թումանյանի հետ։ Նա մեկենաս էր, որը հովանավորում ու խթանում էր Թումանյանի գործունեությունը։ 1903 թվականին Մարիամն իր մեծ ներդրումն է ունեցել  Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուի տպագրման գործում»,-ասաց Հրաչ Քեշիշյանը։

Խաղարկային ֆիլմը, ըստ ռեժիսորի, համեմված է մասնագիտական մեկնաբանություններով և փաստաթղթային տվյալներով:

«Փաստագրական հատվածներում ունենք մասնագետների շատ հետաքրքիր մեկնաբանություններ։ Ինֆորմատիվ նախագիծ է, որովհետև հատվածներ ենք ներկայացնում Թումանյանի և Կոմիտասի կյանքից, մանրամասներ նրանց  բարեկամությունից, հանդիպումներից։ Կարծում եմ՝ աշակերտների, ուսանողների համար ևս բավականին հետաքրքիր և ինֆորմատիվ կլինի»,- ասաց ռեժիսորը։

Հրաչ Քեշիշյանը նշեց, որ ֆիլմը նախ կներկայացնեն խորհրդանշական շնորհանդեսի ընթացքում, ապա կորոշեն նախագծի եթերային ճակատագիրը:

«Նկարահանումներն ավարտել ենք, հիմա մոնտաժային աշխատանքներն ենք անում: Մտադիր ենք ֆիլմի աշխատանքներն այս տարի ավարտել։ Տարեսկզբին կունենանք գեղեցիկ շնորհանդես, որի միջոցով էլ  կներկայացնենք ֆիլմը։ Հետագա ցուցադրությունների հետ կապված առայժմ հստակ որևէ բան ասել չեմ կարող, որովհետև դա առանձին աշխատանք է պահանջում»,- ասաց նա:

Loading...