ԺԱՄԱՆՑ

«Մոր խոստումի» վերջին սերիայի օրը, նկարահանման ավարտի հուզիչ պահն ու Ելենա Արշակյանի նոր նախագիծը

Загрузка...

«Շնորհակալություն, նկարահանումներն ավարտված են». ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն ու իր թիմն ամեն անգամ այս արտահայտությամբ են եզրափակում հերթական նախագիծը:

Երեկ պրոդյուսերի «Մոր խոստումը» հեռուստասերիալի նկարահանման վերջին օրն էր: Tert.am Life-ը ներկա է եղել նախագծի վերջին նկարահանմանն ու ներկայացնում է բեքսթեյջն ու մանրամասները:

Վերջին նկարահանումից հետո թիմի անդամները կտրեցին տորթն ու հաջողություն մաղթեցին իրար: Այս թիմի մասին խոսելիս Ելենան միշտ շեշտում է, որ դերասանական ու ստեղծագործական կազմը շատ միասնական է: Ելենան առանձին ոգևորությամբ խոսեց այս կազմի մասին:

«Երկար տարիների աշխատանքային փորձս թույլ է տալիս նկատել, որ քիչ դերասաններ են շնորհակալ լինում իրենց տրված հնարավորության համար: Ես հարյուրավոր դերասանների հետ եմ աշխատել, սակայն մի ձեռքիս կարող եմ հաշվել նրանց, ովքեր գնահատում ու հասկանում են պրոյեկտի համար արված աշխատանքն ու ունակ են շնորհակալ լինել, որ կարողացան լսարանին ներկայանալ տվյալ կերպարով: Իհարկե, սա երկուստեք աշխատանք է, և ես էլ իրենց եմ շնորհակալ լավ աշխատանքի համար: Երեկ հրաժեշտի շատ հուզիչ երեկո ունեցանք»,- ասաց պրոդյուսերը:

Նախագծի դերասաններից ոմանք կներկայանան Ելենայի՝ 2020-ին սպասվող նախագծերում, ոմանց հետ այս փուլում համագործակցություն չի նախատեսվում, սակայն հետագայում կրկին կաշխատեն:

Այս փուլում Ելենա Արշականն ավարտեց թե՛ «Պատվից առավել», թե՛ «Մոր խոստումը» նախագծերը: Հաջորդ տարի պրոդյուսերն ու իր թիմը լսարանին կներկայանա 2 նոր նախագծով՝ մեկն «Արմենիա», մյուսը՝ ATV հեռուստաընկերությունների համար: Նրանք արդեն սկսել են աշխատանքները:

«Նախորդ տարի այս օրերին նախապատրաստական բուռն շրջան էր, որովհետև «Մոր խոստումի» որոշ հատվածներ Երևանում նկարահանեցինք, որոշ հատվածներ՝ Եգիպտոսում: Նկարահանումները սկսեցինք ջերմ ընտանեկան միջավայրում, այդպես էլ ավարտեցինք: Իմ փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նախագիծ ինչպես սկսում, այնպես էլ ավարտում ենք»,- ասաց նա ու շնորհակալություն հայտնեց բոլորին:

Անդրադառնալով սպասվող նախագծերին՝ Ելենան ասաց, որ իրենք դադար վերցնելու ժամանակ չունեն ու հայտնեց ինչպես «Մոր խոստումի» վերջին, այնպես էլ հաջորդ նախագծի առաջին սերիայի օրերը. դեկտեմբերի 31-ին կլինի «Մոր խոստումի» վերջին սերիան, հունվարի 6-ին եթերում կլինի նրանց նոր նախագիծը:

2 նախագիծ զուգահեռ սկսելն ու ավարտելը բարդ է, սակայն պրոդյուսերն ասաց, որ լավ թիմն ու պատասխանատվության զգացումն իրեն օգնում են առաջ գնալ: «Սերիալարտադրության հետ չնչին առնչություն ունեցած մարդը կհասկանա, թե որքան բարդ է զուգահեռ 2 նախագիծ սկսել, սակայն ես ունեմ պատասխանատվության մեծ զգացում ու պատասխանատու եմ իմ ընկերների՝ աշխատակիցների, մեր լսարանի առաջ՝ անկախ նրանից, թե դա որքան բարդ կամ հեշտ է: Նոր նախագծի սցենարն արդեն կա, բավականին հետաքրքիր է, շուտով կսկսենք նկարահանումները»,- ասաց Ելենան:

Պրոդյուսերը խոստացավ այս անգամ ևս փորձառու դերասանների հետ էկրան բերել նորավարտ դերասանների: «Նոր անունների հնարավորություն տալն իմ գլխավոր  շեշտադրումն է: Ընդ որում՝ ես աշխատում եմ ոչ միայն նորավարտ դերասանների, այլև նկարիչների, օպերատորների, ռեժիսորների, տարբեր մասնագետների հետ: Ուզում եմ բոլորը հասկանան, որ Հայաստանում գործ կա, ինքս բաց եմ աշխատելու աշխատասեր ու տաղանդավոր մարդկանց հետ: Իհարկե, քասթինգին 500-ից ավելի մարդ էր եկել, ես ընտրել եմ նրանց, որոնց նկատել եմ, աշխատասեր ու տաղանդավոր համարել, ոմանց, գուցե, չեմ նկատել, բայց վստահ եմ՝ հաջորդ քասթինգին նկատեմ»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Loading...