ԺԱՄԱՆՑ

«Միայի համար օրիգինալ զգեստներ ընտրում է Վաչեն»․ Գայանե Մանուկյանը՝ դստեր զգեստապահարանի և մանկական նորաձևության մասին

Загрузка...

Մանկական նորաձևությունն այժմ ոչնչով չի զիջում մեծերի համար նախատեսված հավաքածուներին։ Համաշխարհային հայտնի նորաձևության տները՝ Gucci-ն, Chanel-ը, Dolce & Gabbana-ն, Chloé-ն, Burberry-ն, ամեն տարի առանձին հավաքածուներով ներկայացնում են երեխաների հագուստներ։ Փոքրիկների համար նախատեսված հավաքածուներ ստեղծելը բարդ է, քանի որ երեխաների մաշկը զգայուն է, հագուստը պետք է ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ ու հիպոալերգիկ լինի։  

Համաշխարհային նորաձևության տների աշուն-ձմեռ 2019-2020 թթ. հավաքածուներն այս տարի փոքրիկներին հնարավորություն են տալիս հագնել գրեթե ամեն բան, որ նախատեսված է մեծերի համար։  Տարվա հիմնական միտումներից է «տյուլ» գործվածքը, որի հիմքում  բամբակը, պոլիէսթերն ու մետաքսն է։ Սա հնարավորություն է տալիս փոքրիկների համար ստեղծել և՛  հարմարավետ, և՛ նորաձև, և՛ հիպոալերգիկ look-եր։

Հոգեբանները վստահ են՝  հագուստը երեխաների համար նաև ինքնաարտահայտման հնարավորություն է։  Փոքրիկի՝ հագուստի միջոցով ինքնաարտահայտմանը կողմ են նաև հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանն ու կինը՝ դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը։  

Tert.am Life-ի հետ զրույցում Գայանեն խոսել է մանկական նորաձևության, դստեր պահարանի մաիսն և լուսանկարներ տրամադրել։

Միան շուտով երեք տարեկան կդառնա, փոքրիկը, երբեմն, ինքն է իր ընտրում look-երը։ Մոխրագույն և վարդագույն համադրությամբ look-ը, ըստ Գայանեի, Միան է ընտրել, փոքրիկը նախընտրել է թագը թարս դնել։) Մայրիկը ժպիտով նշեց, որ թե՛ ինքը, թե՛ Վաչեն փորձում են հնարավորինս քիչ սահմանափակել աղջկան և տալ ինքնաարտահայտվելու հարավորություն։

«Միան շատ է սիրում մազակալներ, գլխազարդեր ընտրել։ Երբեմն ընտրում է ոչ միանման համադրություններ։ Չենք դիմակայում նրա էքսպերիմենտներին, որովհետև ուզում ենք, որ փորձի արտահայտվել։ Հետևում ենք, թե ինչ է ստացվում արդյունքում ու չենք բռնանում նրա ցանկությանը»,-ասաց նա։

Ինչպես Գայանեն, այնպես էլ Վաչեն առավել հաճախ նախընտրում են սև look-եր։  Հարցին, թե որքանով է սա ազդում փոքրիկի պահարանի գունավորման վրա, մայրիկը պատասխանեց. «Ինքս սևի սիրահար եմ, բայց երբեմն կրում եմ նաև այլ գույներ՝ կախված տրամադրությունից: Միայի համար նախընտրում եմ այն գույները, որոնք իրեն սազում են, ոչ միշտ է, որ դրանք իմ սիրած գույներն են։ Գույն ընտրելիս միշտ պետք է առաջնորդվել հենց այդ սկզբունքով` հասկանալ, թե որ գույնն է մաշկի և մազերի երանգի հետ ներդաշնակ: Օրինակ դստերս գույներն են` մուգ կապույտը, սպիտակը, մուգ կարմիրը և պաստելային երանգները»:

Գայանեի խոսքով՝ աղջիկը ևս շատ է սիրում սևը, քանի որ իրեն հաճախ է տեսնում սև հագուստով։ Ինչպես շատ փոքրիկ աղջիկներ, Միան նույնպես անտարբեր չէ փայլերի հանդեպ:

Չնայած փոքրիկների նորաձևությունը մեծ մասսայականություն է վայելում, այն ոչ միանշանակ է ընդունվում։  Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր համատեղել նորաձևությունն ու փոքրիկի հարմարավետությունը, Գայանեն պատասխանեց․ «Հնարավոր է համատեղել նորաձևությունն ու հարմարավետությունը, սակայն ես հարմարավետը գերադասում եմ նորաձևից: Եթե անկեղծ լինեմ, մանկական նորաձևությանն առանձնապես չեմ հետևում։ Առհասարակ, մանկական հագուստը պետք է լինի պրակտիկ և հարմար խաղալու համար: Միշտ չէ, որ նորաձևը հարմարավետ է ակտիվ խաղերով հրապուրվող բալիկների համար: Նախընտրում եմ բնական կտորներ։ Միան մեծ մասմաբ հագնում է հարմար զգեստներ և, հատկապես, կոշիկներ»։

Միան իր հագուստի ընտրության հարցում ներդրում ունենում է, իսկ ծնողներն այդ ընտրությունն անում են խնամքով․ «Միշտ փորձում եմ Միայի համար ընտրել հետաքրքիր պրինտերով շապիկներ, հաճախ` հումորային գրվածքներով: Ի դեպ, Միայի համար շատ օրիգինալ զգեստներ ընտրում է հենց Վաչեն: Ես էլ մի քանի անգամ ստեղծել եմ հագուստ նրա համար, մեծ մասամբ դրանք եղել են աքսեսուարներ և առօրյայի համար հարմարավետ զգեստներ»:

Loading...