ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել Ալեքսանյանը նեղսրտած է

«Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ»։ Սրանք բոլոր իշխանությունների ամենասիրելի ու թերևս ամենահաջողակ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի խոսքերն են։ Գործարարին պատահաբար հանդիպեցինք իր նորակառույց «Մեգամոլ»-ում։ Նա նեղսրտած է, որ մարդիկ իր ճկունությունը, բոլոր իշխանությունների հետ խելամիտ հարաբերվելու տաղանդը գնահատելու փոխարեն իրեն քննադատում են, թե ինչու է, ասենք, քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրել։

Загрузка...

Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Լա՞վ չի, որ նվիրել եմ, քաղաքապետին էդքան քննադատում էիք, որ զիբիլի հարցը չի լուծում, հիմա լավ չի՞, որ օգնում ենք, որ լուծի։ Էնքան գրեցիք, մարդ չի ուզում մի լավ բան անի արդեն, հեսա, որ գործերս մի քիչ լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու, նվիրեմ քաղաքապետարանին»,- մեզ հետ զրույցում «ԿամԱԶ»-ների նվիրատվության թեմայով արդարանում էր Ալեքսանյանը։

Ի դեպ, նա չի հերքում քաղաքապետարանին իր նվերները, բայց հանկարծ հիշելով, որ քաղաքապետն ասել է՝ «ԿամԱԶ»-ներ նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն Ալեքսանյանին չի պատկանում, սկսեց ինքն իրեն հերքել, թե այդ ընկերության հետ որևէ կապ չունի։ Ալեքսանյանին ասացինք, որ գնահատում ենք իր անկեղծությունը, բայց ավելի գնահատելի կլիներ, եթե քաղաքապետի ոճով չհերքեր անհերքելին, այլ ավելի ազնիվ լիներ և հայտարարեր այն, ինչ բոլորին է հայտնի։ Ալեքսանյանը նաև հիշեցրեց, որ ինքը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից է սկսել բիզնեսով զբաղվել, երբ մետրով կտոր էր վաճառում ու բոլոր իշխանությունների հետ էլ լավ է եղել։ Թերևս այդտեղ է նրա խելքի ու ճկունության գաղտնիքը։ Դրա համար էլ այսօր ոմանք՝ ոչ այնքան ճկունները, բանտում են կամ հետապնդվում են, իսկ ինքը նոր մոլեր ու գործարաններ է բացում, իշխանական հավաքույթներին է մասնակցում, Նիկոլ Փաշինյանն էլ իր ձեռնարկների բացումն է օրհնում և հարկային արտոնություններ տալիս։

Զրույցը, ի դեպ, հենց «ԿամԱԶ»-ների թեմայից սկսվեց, որի ընթացքում նա մեզ հիշեցրեց իր մյուս նվիրատվությունների մասին էլ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլ հիմնադրամների։

Հիշեցրեց, որ նախորդ իշխանությունների օրոք էլ է միշտ նվիրատվություններ արել, ու դարձյալ մի խոստովանություն արեց․ այդ բարեգործությունները, նվերները, որ արել է, արել է ոչ թե կոռուպցիոն նպատակներով, որպեսզի իր բիզնեսներին արտոնություններ տրվեն, այլ ուղղակի «քթածակ ունի», իր գործերը որ լավ են գնում, ինքն էլ փորձում է երկրի, քաղաքի, պետության համար մի լավ բան անել։ Իհարկե, այդ պետությունն ու երկիրը նրա համար նույնանում են օրվա իշխանության ու երկրի ղեկավարի հետ, դրա համար էլ նրան հիշեցրինք՝ մարդկանց մոտ այն տպավորությունն է, թե Սամվել Ալեքսանյանը բոլոր իշխանությունների անձնական «դրամապանակն է»՝ նա էր սնում Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, նա է սնում նաև այսօրվա վարչապետին ու նրա թիմին։ Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանի օրոք Սամվել Ալեքսանյանը «պալիծիկ» էր, «բիզնեսի հետ կապ չուներ», ուստի խնդրում էր իրեն միայն «պալիծիկայից» հարցեր տալ, ապա հիմա կտրուկ իրավիճակ է փոխվել՝ նա քաղաքական հարցերի չի պատասխանում և խնդրում է միայն բիզնեսից հարցնել։ Օրինակ՝ խոսում է «Ալեքս տեքստիլ»-ից, թե ինչպես է զարգացնում այսօր տեքստիլ արդյունաբերությունն ու բազմաթիվ աշխատատեղեր բացում, «Մեգամոլ»-ից, որ նման շքեղ ու «ցիվիլ» կառույց է ստեղծել՝ հիշեցնելով, թե ինչ անմխիթար վիճակ էր նախկինում այդ տարածքում, երբ մոլի փոխարեն Մասիվի շուկան էր գործում։ Ի դեպ, նա այնպես ճկուն էր գովազդում իր արտադրանքը, որ մոլում մի քիչ պտտվելուց հետո վերջը տրվեցինք Ալեքսանյանի մարկետինգային հնարքներին ու նրա տեքստիլի խանութից առևտուր արեցինք։ Թեպետ նույն արժեքով ավելի լավ բան կարելի էր գտնել մյուս խանութներից, բայց Ալեքսանյանն ամեն գնով համոզում էր, որ օգտվենք հայկական արտադրանքից, պրոպագանդենք տեղականը։

«Այ ցավդ տանեմ, հիմա որ վարչապետը եկել ա, սաղ տեղական ա հագնվում, ես տեղական «Alex» եմ հագնվում, ո՞ւր ա քո «Ալեքս»-ի շորերը։ Հայրենասեր ես, խի՞ չես հագնում։ Էս ստվիտրդ «Ալե՞քս» ա՝ չէ… ասում ես՝ Celio ա, ինչի՞ ես Celio հագնում, թուրքերին հարստացնում, արի հիմա գնանք, ես քեզ լիքը հայկական սվիտեր տամ, նասկի տամ, մայկա ա, տռուսիկ ա․․․ հայրենասիրությունը դրանից ա գալիս, դու դա քարոզի, ոչ թե որ Ալեքսանյանը «ԿամԱԶ» տվեց, էս արեց, էն արեց, փոխանակ գրեք, ոգևորեք, որ վաղը հինգ հատ էլ ես առնեմ տամ․․․»,- ասաց Ալեքսանյանը՝ ցույց տալով իր հագի 400 հազար դրամ արժողությամբ «Alex»-ի բաճկոնը»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Loading...