ԺԱՄԱՆՑ Շոու-Բիզնես

Դինա Ավետիսյանը երեխաների հետ նոր կյանք է սկսել Երեւանում

Դինա Ավետիսյանը տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան եւ երեխաների հետ ապրում է Երեւանում։ Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ամուսնալուծության, ապագայի պլանների եւ այն մասին, թե ինչպես է պատրաստվում Ամանորին:

Загрузка...



«Երբեք չեմ սիրել հանրայնացնել անձնական կյանքս, ինչպես ամուսնության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա՝ ամուսնալուծությունից հետո, փորձում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից։ Իհարկե, հասկանում եմ, որ այդ ինֆորմացիայի պակասի պատճառով ասեկոսեներն ավելի շատ բորբոքվել են, բայց միեւնույն է՝ այսօր նորից չեմ սիրում խոսել անձնական կյանքից»,-ասել է Դինան։

Տոներին հաշված օրեր են մնացել, նա երեխաների հետ հասցրել է զարդարել եղեւնին ու Ձմեռ պապին նամակ գրել․«Մեր տանը տոնածառը զարդարվում է 2 փուլով. սկզբից բոլոր խաղալիքները տալիս եմ երեխաներիս, նրանք մի լավ խաղում են, զարդարում ինչպես կարող են, իսկ հետո, երբ ձանձրանում են եւ վերջապես քնում, անցնում եմ գործի։ Աղջիկս շատ շուտ գլխի է ընկնում, որ իր կախած խաղալիքներն իրենց տեղում չեն եւ սկսում է նորից ձեւափոխել: Քանի որ կյանքիս վերջին 7 տարիներն անցկացրել եմ ԱՄՆ-ում, այնտեղից մի սովորույթ մնաց ինձ. տոնածառը զարդարում եմ Գոհաբանության օրվանից մեկ օր առաջ: Հետեւաբար, մեր տանը տոնածառը բավական երկար է մնում, ինչն էլ ինձ շատ դուր է գալիս»:

Դինա Ավետիսյանը


Հաղորդավարուհին լավատես է եւ հույսով լի․«Հավատում եմ հրաշքներին ու տարօրինակ համարում այն մարդկանց, ովքեր ասում են, որ չեն հավատում դրանց գոյությանը։ Բոլորիս մեջ էլ ապրում է այն երեխան, ով հավատում է հրաշքին ու օգնում, որ կյանքում ապրենք երազելով եւ երբեք չդադարենք զարմանալ: Բոլորիս մեջ կա, ուղղակի ոմանց դեպքում քնած է։ Միշտ ենք նամակներ գրել, այս տարին եւս բացառություն չէ։ Նամակ գրելու գործընթացն արարողակարգ է. տղայիս ես եմ օգնում, աղջիկս արդեն ինքնուրույն է շարադրում։ Այդ օրը բավական սպասված օր է, գրում ենք ու սպասում իրականացմանը։ Այս տարի տոները դիմավորելու եմ Հայաստանում, բալիկներիս հետ եմ լինելու, իսկ ընտանիքիս անդամներից ով կմիանա մեզ, դեռ պարզ չէ. քույրերս ու մայրս դրսում են ապրում: Գուցե գան եւ անակնկալ մատուցեն»։

Խոսել ենք նաեւ Նոր տարվա սեղանի նախապատրաստական աշխատանքներից. «Գուցե զավեշտալի լինի շատերի համար, բայց մի հատուկ օր ունենք, երբ «Մայրաքաղաքային» աղցան ենք պատրաստելու։ Հատուկ սպասում եմ այդ օրվան։ Դա աղջկաս ամենասիրելի աղցանն է, միասին ենք պատրաստում, եկար գործընթաց է․ դանդաղ կտրատում ենք, զուգահեռ զրուցում, այդ պատճառով այդ աղցանը կրկնակի կարեւոր է։ Անցնող տարին ստեղծագործական բուռն տարի էր, նաեւ վերանորոգման աշխատանքներով եմ զբաղվել։ Այս տարի ավարտին հասցրի մի  նախագիծ, որը երկու տարի առաջ էի նախագծել. խոսքն իմ նոր բիզնես ծրագրի մասին է»։

Դինա Ավետիսյանի որդին (արխիվային լուսանկար)


Դինան մեզ է տրամադրել արխիվային մի քանի լուսանկար, որ իր ամենասիրելին են. «Այս ֆոտոշարքն իմ հեռախոսի անբաժանելի մասն է: Սիրում եմ, քանի որ իմ բալիկներն են` գեղեցիկ նկարված, բայց սիրում եմ նաեւ, քանի որ մի շատ գեղեցիկ օր էր ինձ համար, շատ ուրախ։ Նախ՝ երեխաներիս հույզերն անսահման էին։ Նրանք հա՛մ ուզում էին գրկել նապաստակներին, բայց նաեւ սարսափելի փշաքաղվում էին եւ դողում ամբողջ մարմնով։ Դե, կարող եք պատկերացնել, թե այդ ամենն ինչպիսի ձայնային արձագանքներով էր ուղեկցվում։ Մի խոսքով, երեխաները մի լավ ուրախացան, նապաստակները մի լավ վազվզեցին, ես այդ ամենը մի լավ վայելեցի, բայց նապաստակները մնացին գրեթե սոված. երեխաներս նրանց բոլոր գազարները կերան»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դինա Ավետիսյանի արխիվից

Loading...