Լրահոս

Նոր ՀԴՄ-ները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով. ՊԵԿ-ը գաղտնի է պահում պայմանագրերը

Փետրվարի 5-ին կառավարությունը հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները կվաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն: 100 հազար դրամը, ըստ կառավարության, կսուբսիդավորի պետությունը։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախկին գինը՝ 160 հազար դրամը, սարքի գրեթե ինքնարժեքն էր։

Загрузка...

«Հետք»-ը պարզել է, սակայն, որ նոր մոդելի ՀԴՄ-ների ինքնարժեքը մոտ 90 հազար դրամ է։

Պարզել ենք նաև, որ այդ ՀԴՄ-ները ձեռք են բերվել չինական մի ընկերությունից, որի հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% թանկ։

ՊԵԿ-ը գաղտնի է պահում ՀԴՄ-ների գնման պայմանագրերը

Հարկային նոր օրենսգրքով բոլոր տնտեսվարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու վերջնաժամկետը սահմանվել էր 2019թ. հունվարի 1-ը։ Բոլոր հարկ վճարողների համար սահմանվել էր իրացման նույն գինը՝ 160 հազար դրամ՝ ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի 2018թ. տարեսկզբի հրամանով։

Այսինքն՝ 2018թ. ընթացքում ՀԴՄ-ները 160 հազար դրամով արդեն իսկ իրացվել են այն տնտեսվարողներին, որոնք 2017թ. արդյունքներով (կախված տարվա իրացման չափերից) պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներ ունենային, իսկ 2019թ. հունվարի 1-ից դրանք պարտադիր պետք է դառնային բոլոր հարկ վճարողների համար։

ՀԴՄ-ների գինը տնտեսվարողների համար նվազեց 2019 թ.-ի փետրվարի 5-ին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Նույն օրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաման ստորագրեց, որով նոր սերնդի ՀԴՄ-ի իրացման արժեքը սահմանվեց 60 հազար դրամ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը սարքերը 60 հազար դարձնելու իր հրամանից մոտ մեկ ամիս առաջ լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի՝ Վարդան Հարությունյանի սահմանած 160 հազար դրամը գրեթե սարքի ինքնարժեքն է։

«Մեքենան, որը ներմուծվել է, նրա ինքնարժեքը կազմել է 158 հազար դրամ, վաճառքի գինը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով սահմանվել է 160 հազար դրամ, գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է»,- ասել էր Դավիթ Անանյանը։

Այն, որ 160 հազար դրամը սարքի գրեթե ինքնարժեքն է, նաև հրապարկված էր ՊԵԿ-ի կայքում՝ մինչև դրանց գինը 60 հազար դրամ դարձնելը։

«Երևան տոնավաճառ»-ում հարցումներ կատարեցինք՝ պարզելու, թե տաղավարներում առևտրով զբաղվողները ինչ մոդելի սարքեր են ձեռք բերել 2019թ. հունվարին։ Պարզվեց, որ նրանց գնած նոր սերնդի ՀԴՄ-ները «PAX S900» մոդելի են։

Վաճառողն իր հին ՀԴՄ-ն փոխարինել էր նորով (ձախից)

«Հետք»-ը Պետական եկամուտների կոմիտեից հարցումով տեղեկացավ, որ «PAX S900» ՀԴՄ-ները ներկրվել են չինական «Պաքս Թեքնոլոջի» (PAX Technology) ընկերությունից։ Հարցրել էինք նաև սարքի ինքնարժեքը, սակայն ՊԵԿ-ը «PAX S900»-ի ձեռքբերման հստակ արժեք չտրամադրեց՝ նշելով գների միջակայք՝ 110 հազար 247 դրամ — 150 հազար 445 դրամ։ 

«Հետք»-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը ստանալու համար։ Սակայն կոմիտեն հրաժարվեց տրամադրել՝ պատճառաբանելով, որ մատակարարող կազմակերպությունների ընտրության և գման ընթացակարգերը սահմանվել են կառավարության գաղտի որոշումներով և ենթակա չեն բացահայտման։

ՊԵԿ-ը պետական գնման պայմանագիրը համարում է բացահայտման ոչ ենթակա տեղեկատվություն։ Մենք ՊԵԿ-ին առաջարկել էինք փոխանցել պայմանագրերը՝ փակելով առևտրային գաղտնիք համարվող տողերը, սակայն նույնիսկ այս դեպքում հարկային մարմինը չի տրամադրում ՀԴՄ-ների ձեռք բերման պայմանագրերը։

Նշենք, որ ֆինանսների նախարարության գնումների հաշվետվողականության համակարգում (armeps.am) հրապարակված են պետական տարբեր մարմինների և օտարերկրյա ընկերությունների միջև կնքված բազմաթիվ պայմանագրեր, դրանք գաղտնի չեն պահվում։

Վրացի գործարարն օգնեց պարզել սարքի ինքնարժեքը

«Հետք»-ը վրացի գործարարի անունից նամակ գրեց չինական «PAX Technology» ընկերության գլխամասային գրասենյակին՝ տեղեկացնելով, որ ցանկանում է այդ սարքերից ներկրել անմիջապես ընկերությունից և խնդրեց հայտնել «PAX S900»-ի արժեքը։

Ընկերությունից նախ ճշտեցին, թե ինչ քանակի ՀԴՄ-ներ է ուզում ներկրել վրացի գործարարը՝ տեղեկացնելով, որ «գինը կախված է քանակից»։ Մեր պատասխանում փոքր խմբաքանակ նշեցինք՝ 150-200 հատ, և պարզվեց, որ սարքն այս դեպքում արժե 185 ԱՄՆ դոլար (մոտ 90 հազար դրամ)։

Ընկերությունից ճշտեցինք նաև, որ գինը ներառում է նաև փոխադրման գումարը։

Նշենք, որ ՊԵԿ-ի «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը» այս սարքերից ներկրել է ավելի մեծ խմբաքանակով, և պետական գնման պարագայում վստահաբար կարող էր նաև 185 դոլարից ցածր գնով ձեռք բերել։

Ընկերության հետ ունեցած այս նամակագրությունից հետո մեզ այլ բան չի մնում ենթադրել, քան այն, որ ՊԵԿ-ը չի տրամադրում պայմանագրերը, որպեսզի չբացահայտվի սարքի ձեռքբերման իրական արժեքը։

Կառավարությունն իրականում սուբսիդիա չի տրամադրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո, երբ նոր սերնդի ՀԴՄ-ների գինը հայտարարվեց 60 հազար դրամ, կառավարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարեց, որ սարքի արժեքի մնացած 100 հազար դրամը կսուբսիդավորվի «պետության կողմից»։

Հայտարարությունում նշված էր նաև, որ այն տնտեսվարողները, ովքեր հունվար ամսին արդեն իսկ գնել էին ՀԴՄ-ները 160 հազար դրամով, հետ կստանան իրենց վճարած 100 հազար դրամը։

Աղբյուրը

Loading...

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.