Շոու-Բիզնես

«Ես սովորեցի մենակ երջանիկ լինել». Անի Երանյանի անկեղծ հարցազրույցն ու նոր ֆոտոշարքը

Աղջիկ, որը ժամանակին շատ բաց էր բոլորի առաջ, հետո որոշեց մի քիչ մեկուսանալ: Ասում է՝ մեծացել է: 2017-ին Մոսկվա տեղափոխված դերասանուհի Անի Երանյանն այս շրջանում Հայաստանում է, 1 տարի կմնա այստեղ: Անիի՝ Հայաստան այցի նպատակը միայն «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում նկարահանվելը չէ, սակայն երկրորդ առիթի մասին առայժմ չի խոսում:

Загрузка...

Tert.am Life-ը հանդիպել է Անիին և շատ անկեղծ հարցազրույց ունեցել կյանքի այս փուլի, մենակության մեջ երջանկություն գտնելու, 30 տարեկանին մոտենալու վախերի, Մոսկվայում սկսած բիզնեսի, հայրիկի աջակցության, ֆինանսական կայունության և ոչ միայն այս ամենի մասին: Անին նաև նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին:

-Անի, մեր առաջին հարցազրույցները դեռ 2011-2012 թվականներին էին, երբ նոր էիր սկսել կարիերադ: Այս ընթացքում հանրային դաշտում տարբեր դրսևրումներով Անիի եմ տեսել՝ շատ բաց ու շփվող, շատ փակ ու հանրային դաշտից մեկուսացած, մեծ խնջույքներ նախաձեռնող ու հանրային մեծ միջոցառումներից հեռու մնացող: Իմ տպավորությամբ՝ հիմա այդ ծայրահեղությունների բալանսի մեջ ես. խոսում ես, բայց քիչ, Ինստագրամում հետևորդներից հարցերին պատասխանելիս նկատել եմ, որ երբեմն կարող ես շատ կտրուկ լինել: Այս փոփոխությունները, բնականաբար, քո հոգեվիճակի արտաքին դրսևորումներն էին: Հոգեբանորեն ի՞նչ ճանապարհ անցար այս փոփոխությունների ընթացքում:

Կարծում եմ, եթե մարդը նույնն է լինում 10 տարվա տարբերությամբ, ուրեմն՝ նույն տեղում է: Տարիների ընթացքում հասկանում ես, որ լռությունը ոչ միշտ է ճիշտ հասկացվում: Կան մարդիկ, որոնց հետ պետք է խոսես իրենց լեզվով: Ես հասել եմ այն կետին, որ կարող եմ ինձ թույլ տալ մարդկանց պատասխանել այնպես, ինչպես իրենք իրենց թույլ են տալիս հարց տալ ինձ:

Մեծ խնջույքներն էլ տարիքով էին պայմանավորված: Այն ժամանակ սիրում էի այդ ակտիվությունը, հիմա մենակության ու հանգստության կարիք եմ ունենում: Այդ փոփոխությունները տարիների, խնդիրների, կոտրվել-չկոտրվելու հետևանք էին, ընթացքում քիչ-քիչ ինչ-որ բաներ հավաքեցին ու դարձան մի գունդ, որը հիմա գլորվում է ու ջարդում ամեն ինչ: Չկա կոնկրետ էտապ, որից հետո այդպես եղավ: Դա տարիների արդյունք էր: Երևի, մեծացել եմ:

-Հաճախ մենք կտրուկ ենք դառնում՝ ելնելով մեր ինքնապաշտպանությունից:

-Կարծում եմ՝ ես ժամանակին ավելի շատ էի ինքնապաշտպանվում, քան հիմա:

րովհետև հիմա ավելի փորձառու եսշուտ ես ընկալում մարդու տեսակն ու դժվա՞ր է քեզ խոցել:

-Հա, ու մի քիչ էլ թքած ունեմ: Ժամանակին այդպես չէր: Իմ կյանքն այնպես է ստացվել, որ 18 տարեկանից նկարահանվում եմ: Շուտով կլինի 11 տարի, ինչ ես 80 տոկոսով ապրում եմ այնպես, ինչպես հարիր է հայտնի մարդուն, ինչպես «պետք» է:

Ես հասկացա, որ հեսա մոտենում եմ 30-ին, բայց իմ կյանքով չեմ ապրում, ինչը լուրջ անդրադառնում է ինձ վրա, ես նեղացնում եմ իմ հոգուն: Որոշեցի ապրել իմ կյանքն այնպես, ինչպես ուզում եմ: Ես դրանով չեմ անում այնպիսի բան, որ այլ մարդկանց վատ լինի, չեմ վիրավորում:

-Կայանալուն զուգահեռ բոլորս էլ ավելի ինքնավստահ ենք դառնում, բայց հատկապես հայտնիների դեպքում հաճախ դա վերագրում են ոչ թե հոգեբանորեն անցած ճանապարհին, այլ «աստղայինը տանելուն»: Չե՞ն ասում՝ մեծամտացել ես:

-Մարդիկ, որոնք ուզում են այդպես ասել, միշտ առիթ կգտնեն այդպես ասելու: 8-րդ դասարանից ինձ միշտ ասում են, որ գոռոզ եմ, մռութներս կախ, իսկ ես ընդամենը իմ չափի մեջ եմ, ամեն մեկին չեմ ժպտում, ձևականություն չեմ անում, սեր չեմ շռայլում: Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ մարդկային որակները չեն փոխվել:

Գիտես, Մոսկվան ինձ շատ լավ բան սովորեցրեց՝ սառը լինել: Շատերն ասում են՝ ոնց կարելի է ապրել Մոսկվայի սառը մարդկանց մեջ, բայց իրենք մի շատ լավ գիծ ունեն՝ անկեղծ են, քեզ ոչինչ չեն պարտադրում, իրենք էլ քո առաջ ոչինչ պարտավոր չեն: Ես դա շատ եմ սիրում: Գուցե, Մոսկվայի շնորհիվ ես էլ եմ ավելի սառը դարձել, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի շատ իմ հոգին սիրել, քան թույլ տալ, որ ուրիշներն իրենց լավ զգան:

-Իսկ կա՞ն տեղեր, որտեղ այդ սառնությունն ինքդ քեզ է խանգարում:

-Չգիտեմ… չեմ նկատել: Ուղղակի շատերի համար անսովոր է: Ինձ լավ չճանաչողները գուցե կարծում են մեծամտացել եմ, բայց ես կարող եմ հակառակն ասել՝ հիմա ավելի հաճախ եմ ժպտում, ավելի ջերմ եմ մարդկանց հետ:

-Ավելի ինքաբա՞վ ես:

-Հա, հոգեվիճակս ավելի հանգիստ է, ներսիս գույները շատացել են: Ես գտել եմ ինձ ու կարողանում եմ մենակ երջանիկ լինել: Առաջ այդպես չէր, ես չէի կարողանում մենակ երջանիկ լինել: Եթե մենակ էի մնում, պետք է ընկերներիցս մեկի հետ շփվեի, հետաքրքրություն գտնեի, իսկ հիմա եկել եմ այն կետին, որ կարողանում եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել ու դրանով երջանիկ լինել:

-Մոսկվայում մենակ ես ապրում: Մի կողմից լիարժեք խաղաղություն ու հանգստություն ես գտել ինքդ քեզ հետ, մյուս կողմից, երբեմն, մենակության զգացողություն, պոռթկումներ չե՞ն լինում:

-Երբեմն լինում են, երբեմն տեղի են տալիս արցունքներին, կարոտին, բայց ընդամենը մի քանի րոպե են տևում: Ես հիմա տեղի եմ տալիս իմ էմոցիաներին, ու դա շատ լավ է, որովհետև ժամանակին ես այդ մասին չէի խոսում, անգամ, երբ մենակ էի լինում, զսպում էի հուզմունքս, որովհետև մտածում էի՝ ես ուժեղ եմ, չպետք է լացեմ: Հիմա հանգիստ թույլ եմ թողնում էմոցիաներս. եթե էս պահին հոգիս ուզում է լացել, պիտի լացի, եթե ուզում է զանգել, ասել՝ մամ, ես քեզ կարոտել եմ, զանգելու է և ասի:

Մենակ ապրելը նաև լավ կողմ ունի. ես սկսեցի ժամանակ տրամադրել ու ավելի լավ ճանաչել ինձ, կյանքի մասին խորհել… Այս 5 տարվա ընթացքում ամենակարևոր բանն այն էր, որ գտա ինձ ու ինձ հետ մենակ լինելու լիարժեքությունը:

-Ի՞նչն ես ամենից շատ կարոտում:

-Մամայիս… միշտ, բոլոր ժամանակներում: Մտածում էի՝ հիմա Մոսկվայում եմ, պապայիս  ավելի հաճախ կտեսնեմ, սակայն այդպես չէ: Եղել է մեկ ամիս և ավելի, որ չենք տեսել իրար: Մոսկվայում ֆիզիկապես ժամանակ չկա, պիտի շտապես, որ օրվա ընթացքում հասցնես գործերիդ գոնե 30 տոկոսը:

-Միշտ շատ կապված ես եղել մայրիկիդ հետ: Իհարկե, մեր հարազատների հետ հարաբերությունների ջերմությունը չի փոխվում անկախ ժամանակից ու տարածությունից, բայց հեռավորությունը փոխում է շփման ռիթմը, թեկուզ այն իմաստով, որ ամեն պահի ներկա չեք իրար կյանքում: Հեռավորությունն ինչպե՞ս ազդեց քո ու մայիկիդ վրա:

— Դա շատ դժվար, բայց կարևոր որոշում էր: Ժամանակն էր մի քիչ իրարից կտրվելու: Այդ կապվածությունն իր մեջ որքան լավ, նույնքան էլ վատ բան ունի: Հոգեբանորեն ինձ վրա շատ լուրջ անդրադառնում էր, երբ տեսնում էի, որ ծնողիս կնճիռները, սպիտակ մազերն ավելանում են, որքան էլ իմ ծնողները երիտասարդ են և՛ տեսքով, և՛ տարիքով: Ինձ համար շատ կարևոր է ծնողներիս առողջությունն ու երկարակեցությունը: Ես կարող է ուղղակի շատ երկար մտածեմ այդ թեմայի մասին:

Անկախ հեռավորությունից՝ մամաս ինձ շատ լավ զգում է, որքան էլ ժպտամ, հասկանում է, որ մի բան այն չէ: Այդ պահին կարող է ոչինչ չասի, մի քանի օր անց հարցնի՝ ինչ էր եղել այդ օրը: Մայրիկիս խնայելու համար փորձում եմ վատ էմոցիաներս փակել իրենից, բայց, երբեմն, այնպիսի պոռթկումներ են լինում, որ ամբողջ փակածս ջուրն է գնում (ծիծաղում է, հեղ.):

-Տրամադրության վայրիվերումներ հաճա՞խ ես ունենում:

-Միշտ եմ տրամադրության մարդ եղել, հիմա՝ ավելի: Կարող է հիմա քեզ հետ շատ ուրախ խոսեմ, մեկ էլ մի պահ ահավոր տխրեմ: Բացի այդ ամեն ինչ սկսել է շատ շուտ անհետաքրքիր դառնալ, ձանձրացնել ինձ: Այն ժամանակ կարող է թաքցնեի ձանձրույթս, հիմա չեմ կարողանում: Եթե պիտի մռութներս կախ նստեմ, մարդը զգա, ավելի լավ է անկեղծ լինեմ: Ես անկեղծ եմ ընկերներիս հետ:

-Անի, 18-19 տարեկանում գալով հեռուստատեսություն՝ քո շրջապատն ավելի վաղ տարիքում ձևավորվեց, սկսեցիր ակտիվ կյանքով ապրել: Այդ գերհագեցած կյա՞նքը քեզ բերեց ամեն ինչից շուտ հոգնելուն:

-Ես իմ երիտասարդությունը չեմ վայելել: Այն պատանեկությունը, որը կուզեի վայելել 18-25 տարեկանում, չեմ ունեցել. ես 24 ժամ կամ նկարահանման էի: Ես շուտ կայացա և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես, և՛ մտածելակերպով, բայց իմ ներսի Անին, որն ուզում էր գիժ, խելագար բաներ աներ, մնաց փակված:

-Որովհետև հանրայի՞ն էր, թե՞ ժամանակ չուներ:

-Հանրային էր, պետք է կարգավիճակին համապատասխան լիներ, ինչ-որ չափով էլ ժամանակ չուներ:

-Շա՞տ բան խլեց քեզնից հանրային լինելը:

-Չեմ կարող նման բան ասել, որովհետև ես վախենում եմ իմ խոսքերից: Ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար, ինչ ինձ տվել է: Ես երջանիկ եմ իմ մասնագիտության մեջ: Ամեն մեկին չի տրվում այդ բախտը: Ես դրա համար իրոք մատս մատիս չեմ տվել: Իմ առաջ դռները բացվել են, ու ես վախենում եմ սխալ արտահայտվել… Անգամ, երբ մենակ եմ լինում ու շատ հոգնած, վախենում եմ ինքս ինձ մոտ նման միտք բարձրաձայնել, որպեսզի դա  ինձանից չխլվի: Եթե դա չլինի, ես կարող է գժվեմ: Ուրիշ բան է, երբ գիտեմ, որ դա կա, բայց ես հիմա չեմ  զբաղվում, բայց երբ իմանամ, որ չկա, շատ ծանր կտանեմ:

-Այնուամենայնիվ, պարբերաբար դրանից փախչելու կարիք ես ունենում:

-Ու փախչում եմ: Չնայած փախչելը վատ բառ է, ավելի շատ հանգստի կարիք եմ ունենում: Ես տեսակով էմոցիոնալ եմ, շատ եմ տրվում իմ գործին, կերտածս կերպարին: Դա ինձանից շատ հոգի է տանում, հետո ես դատարկվում եմ, այդ ամենից հեռու լինելու, գործընկերներիս հետ կապ չունենալու, տեսախցիկների չտեսնելու կարիք եմ ունենում:

Դադարից հետո «Շիրազի Վարդում» նոր կերպարս՝ Ելենային, շատ սիրով եմ կերտում, շատ ուժ, էներգիա եմ տալիս իրեն: Կարծում եմ՝ լավ կստացվի:

-Դաջվածք անող աղջկա կերպարը ներկայիս արտաքնիդ շատ համապատասխան է, իսկ Անիի տեսակի հետ որքանո՞վ ընդհանրություններ ունի այս կերպարը:

-Երևի միայն հոգու խորությամբ ենք նման իրար: Նա վիրավորանք ունի իր ծնողի հանդեպ, ես իրական կյանքում չէի կարող այդպես անել ծնողիս հետ, բայց շատ խորը կերպար է, շատ լուրջ դժվարությունների միջով է անցել ու կարողացել է ուժեղ մնալ: Ես գուցե չկարողանայի այդքան ուժեղ լինել, եթե այդպիսի դժվարություններ ունենայի:

-Անի, կարիերայիդ սկզբում սերիալներում էիր նկարահանվում, հետո գնացիր դեպի հումորային ժանր՝ սիթքոմ, ապա դադար վերցրիր, եթեր վերադարձար կարճատև սերիալով: Թվում էր՝ քեզ էլ չենք տեսնի երկարատև սերիալում, մեկ էլ սկսեցիր նկարահանվել երկարատև սերիալում: Այս ընթացքում ավելի լրջորեն սկսեցիր զբաղվել նաև երաժշտական կարիերայովդ: Ձանձրանո՞ւմ ես, թե՞ դեռ փնտրում ես քեզ մասնագիտությանդ մեջ:

-Չեմ փնտրում, ես միշտ ասել եմ, որ մասնագիտությամբ դերասանուհի եմ, չնայած 9 տարվա երաժշտական կրթություն ունեմ:

Այս ամենը, երևի, պայմանավորված է նրանով, որ ես տրամադրության մարդ եմ, հիմա սիրտս տանում է այդ կողմ, գնում եմ: Ես էլ չէի մտածում, որ երբևէ կրկին կնկարահանվեմ երկարատև սերիալում, որովհետև այն իրոք լուրջ էներգիա է տանում: Այս դեպքում պայմանավորվածությունս այնպես էր, որ կերպարս չլինի հերոսուհին, իսկապես այդքան էներգիա ծախսել չեմ կարող: Ես հիշում եմ ինձ «Աննայի», «Գեներալի աղջկա» ժամանակ, դա իրոք շատ դժվար էր: Մի տարի ուղղակի կորցնում ես քո անձնական կյանքից:

-Ճի՞շտ եմ նկատում, որ ինքդ քեզ համար էլ անկանխատեսելի ես:

-Հա, կա նման բան, որովհետև միշտ արել եմ այն, ինչ այդ պահին սիրտս ուզել է:

-Որոշակի ստատուս ձեռք բերելուց հետո շատ դերասանների համար սկզբունքային է լինում միայն ֆիլմի հերոսի կամ հերոսուհու կերպարով ներկայանալը: Հետաքրքիր է, որ հիմա ինքդ ես խուսափում դրանից: Մի՞շտ է այդպես եղել, թե՞ ունեցել ես էտապ, երբ գլխավոր հերոսուհին լինելն առաջնային է եղել:

-Երբևէ չի եղել նման բան: Հետաքրքիր է, որ «Աննա» սերիալում ես ընդամենը 2-3 սերիայի համար էի գնացել: Սկզբում կերպարս մատուցողուհի էր, հետո դարձավ քարտուղարուհի, հետո ֆիլմը դարձավ Անիի կերպարի մասին: Ինձ համար կարևորն այն է, որ կերպարս  հետաքրքիր լինի, նրանից սովորելու բան ունենամ, նրան տալու բան ունենամ: Ես երկարատև նախագծեր չեմ սիրում, որովհետև սկսում եմ ձանձրանալ, կերպարս տալու բան էլ չի ունենում:

-Դու շատ արագ լուծվեցիր այդ թիմում: Հերոսուհուդ կերպարը գլխավոր դարձավ քո անձնակա՞ն, թե՞ մասնագիտական որակների շնորհիվ:

-Երբևէ իմ ընկերական հարաբերությունները չեն ազդել իմ մասնագիտական առաջխաղացման վրա: Հեռուստադիտողը սիրեց կերպարը, հետաքրքրվեց նրանով, արդյունքում կերտվեց այդ ճանապարհը:

Ես շատ ընկերներ, ծանոթներ ունեմ այս ոլորտում, սակայն երբևէ որևէ մեկը չի կարող ասել, որ ես դիմել եմ իրենց ինձ նկարահանելու համար: Ամեն բան ինքնըստինքյան է եղել, ինձ հրավիրել են, իմ կերպարները եղել են գլխավոր, նախագծերը, որտեղ ես ներգրավված եմ եղել, եղել են ռեյթինգային: Դա ստացվել է բախտի բերմամբ, թե պատահմամբ: Բնականաբար, ես ջանք եմ գործադրել, որ կերպարս լավ ստացվի, նախագիծը հաջողի, բայց իմ աստղը միշտ շողացել է և դա եղել է պատահաբար:

-Հետաքրքիր է, որ երբ տեղափոխվեցիր Մոսկվա, պորտֆոլիո էիր հավաքում քեզ համար քասթինգների մասնակցելու նպատակով: Ինչո՞ւ այստեղ չէիր դիմում, իսկ այնտեղ պատրաստ էիր դիմել:

-Մոսկվայում հավաքեցինք իմ պորտֆոլիոն, մի տեղից հրավեր ստացա, վերջերս նորից գրեցին (բայց արդեն ես չեմ ուզում նկարահանվել այդ նախագծում), սակայն իմ տեսակից ելնելով սկսեցի զբաղվել այլ բանով ու ժամանակ չունեցա ինչ-որ բան անելու:Այդ ընթացքում ստեղծեցի իմ մանր բիզնեսը: Դա նոր բան էր, առավել ևս, ուրիշ քաղաքում, բնականաբար, էլ ոչնչի ժամանակ չունեի:

-Մոսկվա մեկնելը ինչ-որ շրջանում շատ կարևոր դեր խաղաց քո կյանքում: Հիմա դատարկվելու փուլերում ինչպե՞ս ես լցվում:

-Ճանապարհորդելով, լավ երաժշտություն լսելով, մտածելով տվյալ շրջանի կամ ապագայի մասին:

-Մենակությա՞մբ, թե՞ մարդկանց օգնությամբ:

-Մասնագիտությանս բերմամբ ես միշտ ուսումնասիրում եմ մարդկանց, բայց ավելի շատ մենակությամբ եմ լցվում:

-Մենակության մեջ երջանկություն գտնելը շատ կարևոր հատկանիշ է, բայց յուրաքանչյուր մարդ կարիք ունի նաև անձնական երջանկության:

-Ինձ համար երջանկությունն ամուսնանալու մեջ չէ: Մյուս հարցերին՝ ընկեր ունեմ-չունեմ, չեմ ուզում անդրադառնալ:

-Ժամանակին անձնական կյանքդ շատ բաց էր, հետո որոշեցիր փակել այն: Սա այն դաշտն է որտեղ միջին չգտար, շատ բաց ու հանրային ապրելուց հետո որոշեցիր, որ այն միայն քոնն է ու վերջ: Ի՞նչը քեզ բերեց նման որոշման:

-Ես հասկացա, որ երբ անձնական կյանքդ բաց ես պահում, մարդիկ մտնում են նաև այն դաշտ, որը քոնն է, ասում են՝ դե դու հանրային մարդ ես ու սկսում են մտնել այն տեղերը, որտեղ պետք չէ:

-Գուցե դո՞ւ էիր դա թույլ տալիս, որովհետև երբ ինքդ խոսում ես անձնականիդ մասին, ասելու և չասելու նյութի ընտրությունը նվազում է:

-Հա, դրա համար հասկացա, որ այն, ինչ իմն է, պետք է միայն ինձ պահեմ: Երբ գա պահը, որ մարդիկ պետք է ինչ-որ բան իմանան, մարդիկ կիմանան այդ մասին:

Որպես դերասանուհի՝ մարդիկ տեսնում են կամ չեն տեսնում իմ գործունեությունը, որպես մարդ՝ տեղ կա այնքան, որքան ես եմ թույլ տալիս: Մնացածն իմ կյանքն է, ինչպես կուզեմ, կապրեմ:

-Մոսկվա տեղափոխվելու 2 փորձ ունեցար. առաջին անգամ չդիմացար ու վերադարձար: Այն փուլում քեզ Հայաստան կանչող կարևոր բան կար՝ անձնական հարաբերություններդ: Երբ երկրորդ անգամ Մոսկվա մեկնելու որոշում կայացրիր, մեկնեցիր ու մնացիր, խոսակցություններ կային, որ այնտեղ քեզ պահող ամուր հիմք կա՝ կրկին անձնական հարաբերությունները:

Իրականում այդպես չէր: Ես իսկապես հանգստություն էի գտնում Մոսկվայում: Չես կարող պատկերացնել, թե ինչպես էի հանգստանում ուղղակի մետրո մտնելուց, քաղաքում շրջելուց: Նույնիսկ 1 օր նկարահանում չունենալու դեպքում տոմս էի գնում ու մեկնում Մոսկվա: Երբ արդեն Մոսկվայում էի, կարող էի հանկարծակի տոմս գնել ու մեկնել մի ուրիշ երկիր՝ պայմանավորված իմ տվյալ պահի հոգեվիճակով:

-Ամեն տրամադրության փոփոխության ժամանակ այլ երկիր մեկնելը նաև ֆինանսական միջոցներ է ենթադրում: Միշտ կարողացե՞լ ես ապահովել դա, թե՞ ունեցել ես ֆինանսական դժվարությունների շրջան:

-Ունեցել եմ նաև ֆինանսական խնդիրներ: Փառք Աստծո, չի եղել այնպիսի շրջան, որ բացարձակ գումար չունենամ, բայց եղել են դժվար շրջաններ, երբ չեմ կարողացել անել այն, ինչ կուզեմ:

Այս դեպքում բախտս բերում էր, որ Մոսկվան մեծ քաղաք է, միշտ կարելի է գտնել այնպիսի տեղ, որտեղ չես եղել:

-Անի, Մոսկվայում մինչև այս չես բացահայտել, թե ինչ բիզնես ունես Մոսկվայում: Այս անգամ կբացահայտե՞ս:

-Այս ընթացքում 2 խանութ բացեցի Մոսկվայում: Խմորեղեններ, տարբեր տեսակի գեղեցիկ հացեր են տեղում թխվում և վաճառվում: Ինձ հետ բացարձակ կապ չունի (ծիծաղում է, հեղ.):

-Երևի 21-22 տարեկան էիր, երբ մեր հարցազրույցներից մեկում պատմեցիր բիզնես սկսելու որոշմանդ մասին: Սկսեցիր, փակեցիր, նոր բան սկսեցիր, նույնիսկ Մոսկվա մեկնեցիր բիզնես սկսելու նպատակով, բայց վերադարձար: Ի՞նչն էր պատճառը, որ այն ժամանակ անընդհատ փակում էիր սկսածդ գործը: Հետաքրքրությա՞ն խնդիր էր, թե՞ բիզնես մտածողության, հոտառության պակաս կար:

Բիզնեսով պետք է զբաղվի այն մարդը, որը քիչ, թե շատ հասկանում է դրանից: Բնականաբար, այդ տարիքում այդքան էլ չէի հասկանում՝ դա ինչ է: Երևի չստացվեց: Ճիշտն ասած, հիմա չեմ էլ հիշում պատճառը, բայց ես սիրում եմ նոր բաներ սկսել, չեմ վախենում պարտվելուց: Դա նորմալ է, եթե այսօր չպարտվես, վաղը չես հաղթելու:

-Քեզ միշտ ուղեկցում էր խոսակցությունը, որ հայրդ ֆինանսապես կայացած է, դու ապահոված ընտանիքից ես և քեզ հեշտ է տրվում ամեն բան: Ծնողներիդ աջակցությունը որքանո՞վ է եղել բիզնես սկսելիս:

-Միանշանակ ծնողներիս աջակցությունը եղել է: Ես 18 տարեկանից աշխատում եմ, կարողանում եմ ինձ ապահովել, սակայն հայրիկիս աջակցությունը միշտ եղել է, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ: 21-22 տարեկանում ես հաստատ այդքան փող չունեի, որ միայնակ  բիզնես բացեի, որովհետև բավականին մեծ գումարների խնդիր կար: Շնորհակալ եմ պապայիս, որ չէր ասում՝ անիմաստ բաներ ես անում, ասում էր՝ դե լավ, երեխա ա, թող փորձի (ծիծաղում է, հեղ.):

Մոսկվայում բիզնեսս կայացնելու հարցում շատ մեծ լումա ունի ոչ միայն հայրս, այլև հորեղբայրս, որովհետև նա Մոսկվայում այդ բիզնեսներով է զբաղվում: Իմ ընտանիքը միշտ աջակցում է ինձ:

-Հիմա գո՞հ ես ֆինանսական այն կետից, որում գտնվում ես:

-Հա: Իհարկե, միշտ կա աճելու և առաջ գնալու տեղ, չպետք է մնաս նույն տեղում, բայց ես գոհ եմ իմ ունեցածից: Ինձ կարող եմ լիարժեք կայունացած համարել:

-Իսկ բիզնեսիցդ հաճույք ստանո՞ւմ ես, թե՞ շահութաբեր է:

-Շահութաբեր է:) Բայց սկզբում շատ հետաքրքիր էր: Նույնիսկ խմոր եմ սարքել, թեև նախկինում խմորի հետ երբևէ գործ չէի արել, իսկ դա շատ դժվար բան է, պետք է ճիշտ պատրաստես, որ ուռչի, փքվի: Խմոր հունցող տղայի հետ խնդիր եղավ, դուրս եկավ աշխատանքից, արդեն շատ ուշ ժամ էր, առավոտյան 6:30-7-ին խանութը պետք է բացվի, որովհետև տեղում թխվում, վաճառվում է: Ես առավոտյան ժամը 5-ին գնացի, լուրջ դեմքով հագա գոգնոցն ու սկսեցի խմոր սարքել (ծիծաղում է. հեղ.): Ինտերնետով նայեցի՝ ինչպես են պատրաստում, մարդկանց զանգեցի, հարցրեցի, բայց դա ասելը մի բան է, անելը՝ այլ, շատ դժվար է: Երկար պրոցես է, բայց ինձ մոտ ստացվեց: Մինչև մարդ գտանք, 10-15 օր ես էի խմոր սարքում: Հիմա ասում եմ՝ նենց լավ խմոր եմ սարքում, որ ոչ ոք չի կարող սարքել, նենց ա ուռչում, փքվում:)

Եթե ինչ-որ բանով զբաղվում ես, պետք է հասկանաս գործից, որովհետև տարբեր խնդիրներ կարող են առաջանալ:

-Ինչպիսի՞ ղեկավար ես:

-Չգիտեմ:)

-Ճգնաժամային իրավիճակում Անին սկսում է գոռգոռա՞լ, թե՞ հանգիստ է:

-Ես պատրաստ եմ բոլոր աշխատակիցներին  հավասար աշխատել, եթե պետք է, կավլեմ, կանեմ ցանկացած բան և չեմ մտածի՝ ես ղեկավար եմ, բայց դա պետք է չափի մեջ լինի: Ես շատ լավ եմ իմ աշխատակիցների հետ, բայց պետք եղած տեղում շատ խիստ եմ:

-Հիմնականում ռուսների՞, թե՞ հայերի հետ ես աշխատում:

-Գուցե վատ հնչի, բայց հայերի հետ չեմ աշխատում: Նախ՝ ինձ խանգարում է փաստը, որ ինձ ճանաչում են, գուցե, մի քիչ նեղվեմ, կոպիտ խոսեմ, դառնա սխալ պատմություն Անի Երանյանի մասին: Թեև ունեցել եմ մի հայ կին աշխատող, շատ լավ կին էր, ուղղակի տեղափոխվեց:

— Մոսկվայում չգիտե՞ն, որ դու դերասանուհի ես, թե՞ գիտեն, բայց դա ոչինչ չի փոխում, միևնույն է, էկրանից քեզ չեն տեսնում:

-Չէ, չգիտեն, ինչի՞ իմանան: Դա ոչինչ չի տալու ո՛չ իրենց, ո՛չ ինձ: Ես չեմ սիրում խոսել այդ մասին: Առհասարակ, փորձում եմ չշահարկել իմ հանրային լինելու փաստը:

-Անի, մեր արտաքինն այն է, ինչ մենք այդ պահին զգում ենք: Կերպարային փոփոխությունդ շատ քննարկվեց: Երբ կինը որոշում է գնալ փոփոխության, դա կապված է լինում ներքին զարգացումների հետ, թեև անպայման չէ սթրեսի մեջ լինի, ինչպես ընդունված է կարծել: Ինչո՞ւ նման որոշում կայացրիր:

-Ես այդ մասին այդպես էլ չխոսեցի, բայց իրականում դա իմ որոշումը չէր, որ կապված լիներ ներքին պրոցեսի հետ: Երբ մազերիդ կեսից ավելին վառվում է, մնում ձեռքիդ մեջ, դու ուրիշ ոչինչ չես կարող անել: Այդ ընթացքում շատ էի գունաբացել, մազերս շատ անխնամ վիճակում էին: Մոսկվայում մի անգամ էլ գունաբացեցի ու ֆենելու ժամանակ մազերս մնացին սանրի վրա: Նույնիսկ կառե չէի կարող կտրել: Այլ տարբերակ չկար: Իրականում ինձ համար էլ անսպասելի ընտրություն էր:

-Հե՞շտ հարմարվեցիր այդպիսի կտրուկ փոփոխությանը:

-Հա: Մտածեցի՝ մազ է, կերկարի: Ժամանակին կարող էի սթրես տանել, բայց հիմա թեթև տարա: Կարծում եմ՝ այդքան էլ վատ չէ, ինչքան շատ մարդկանց թվում է: Ինձ դուր է գալիս, կարևորը դա է, որովհետև իմ արտաքինն է, նույնիսկ որոշեցի չերկարացնել: Հիմա Ելենայի կերպարով պայմանավորված 1 տարի պետք է պահեմ այս տեսքս, դրանից հետո կփորձեմ երկարացնել: Իրականում կարճ մազը երկարացնելը շատ դժվար է, մի քանի անգամ փորձեցի, հասկացա, որ շատ դժվար է: Թողեցի այն ժամանակվան, երբ նյարդերս տեղի չեն տա:

— Դու կերպարային փոփոխություններ շատ ես արել, բայց պլաստիկ միջամտությունների չես դիմել: Արտաքնիդ հետ միշտ հա՞շտ ես եղել:

-Հա, չեմ ունեցել անհաշտ փուլեր: Միայն վերջերս հասկացա, որ մոտենում եմ այն տարիքին, երբ պետք է արդեն խնամեմ մաշկս: Ես էկրանների մարդ եմ, իրավունք չունեմ անխնամ տեսք ունենալ: Միևնույն ժամանակ, երբեք այնպես չեմ անի, որ իմ բնական կնճիռները վերանան: Դրանք էլ հաստատ պետք են գալու ինչ-որ կերպարի համար:

Ես որևէ պլաստիկ միջամտության չեմ դիմել, թեև դրան նորմալ եմ վերաբերում, նորմալ չեմ համարում, երբ մարդիկ թաքցնում են դա: Պարզապես չեմ հասկանում՝ եթե անում ես, ի՞նչ կա դրանում, որ չասես:

-Անի, զրույցի ընթացքում տարբեր թեմաների ժամանակ կարմիր թելով գնում էր մեծանալու թեման: Վախենո՞ւմ ես մեծանալուց:

-Դժվար հարց ես տալիս… Երբեմն հա, երբեմն, չէ: Ոչ թե մեծանալուց եմ վախենում, այլ ժամանակի արագ անցնելուց. երբեմն նստած ենք լինում, ասում են՝ այսինչ բանից անցավ այսքան տարի, ես ծանր շունչ եմ քաշում, այդ պահին հասկանում եմ, որ մեծանում ենք:

-Մի քանի օրից ծնունդդ է, դառնում ես 29 տարեկան, հաջորդ տարի արդեն նոր տասնամյակ կսկսես՝ կդառնաս 30 տարեկան: Դա քեզ անհանգստացնո՞ւմ է:

-Դեռ ոչ, գուցե, հաջորդ տարի սկսեմ անհանգստանալ: Հետաքրքիր է, ես շատ ծանր էի տանում, երբ մամաս դարձավ 30 տարեկան: Ես դպրոցական էի, երկար ժամանակ, երբ ինձ հարցնում էին՝ մամադ քանի՞ տարեկան է, ասում էի՝ 29, բայց մամաս արդեն 32-33 տարեկան էր: Արդեն տարօրինակ էր թվում, մարդիկ սկսել էին հարցեր տալ, թե մամաս քանի՞ տարեկան է եղել, երբ ես ծնվել եմ ու հասկացա, որ նորմալ չէ, որ ես դեռ ասում եմ՝ մամաս 29 տարեկան է: Նա արդեն 33 տարեկան է:

Չգիտեմ՝ ինձ մոտ ինչպես կլինի, դեռ 1 տարի ունեմ, բայց ես շատ ծանր տարա, երբ 25 տարեկան դարձա: Չգիտեմ ինչու, ուղղակի չհասկացա՝ ինչպես դարձա 25 տարեկան:

-Այնուամենայնիվ, մենք մեծանում ենք ոչ թե տարիքի թվերով, այլ կյանքի որոշակի փուլերում ու իրավիճակներում: Ո՞ր փուլում ես ամենից շատ մեծացել:

-Այն փուլում, երբ շրջապատումս սկսեցին կորուստներ լինել, ընկերներս կորցրեցին իրենց ծնողներին: Ես սկսեցի հասկանալ, որ և՛ մենք ենք մեծանում, և՛ մեր ծնողները:

-Իսկ հիասթափություններ շա՞տ ես ապրել:

— Առաջ հիասթափվում էի, որովհետև չէի սպասում, որ տվյալ մարդը նման բան կանի: Հիմա բոլորից ամեն ինչ սպասում եմ և չեմ հիասթափվում:

-Նույնիսկ մտերիմների՞ց:

-Նույնիսկ մտերիմներից:

-Դա չի՞ դժվարացնում հարաբերությունները:

-Չէ, ես կողքիս ունեմ հարազատ ու սիրելի մարդիկ, որոնց հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, ուղղակի եթե ինչ-որ բան այն չգնա, ես անակնկալի չեմ գա, ինչպես առաջ: