Շոու-Բիզնես

«Համատեղ կյանքի 30-ամյակին կպսակադրվենք եկեղեցում». Արամո եւ Էմմա

Նա ծնվեց 6 ամսականում ` 900 գրամ քաշով, սկսեց խոսել 3 տարկանում եւ ընտրեց արվեստի ուղին՝ դերասանություն, ջազ, երգարվեստ… Այսօր այս արտիստը նշում է 52-ամյակը։ BRAVO.am-ը տարեդարձի նախօրեին անկեծ զրույց է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստներ Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի հետ։

— Շատ տրամաբանական հարցով սկսենք․ ո՞ւր եք, ինչո՞ւ հանրությունը չի տեսնում Ձեզ։

Արամո. Երկիր մոլորակի վրա, ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Երեւանում, շատ համեստ, մտածելով ապրում ենք եւ ստեղծագործում։ Փորձում ենք լավ էներգիա, լավ րոպեներ, լավ ճառագայթներ տալ մեր հանդիսատեսին։

— Բայց հանրությանն այդ ամենն այդքան էլ տեսանելի չէ:

Արամո. Գիտեք, այն թոհուբոհը, որը առկա է այսօր, իմ տեսակի մարդուն շատ է կաշկանդում: Ցանկանում եմ, որ քաղաքականությունից չխոսենք, չվիճենք, ստեղծագործենք՝ թողնելով քաղաքական վերլուծություններն ու քննարկումները։

Загрузка...

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


Այնպես չէ, որ ասելիք չկա, կան նոր երգեր. 50-ամյակիս այդ երգերը երգեցի, դրանք գրել է Էմման, հետագայում պետք է ձայնագրությունների փուլ մտնեն, բայց այսօր մենք ապրում ենք մի շրջանում, որտեղ ձայնասկավառակ ասվածը չկա: Որդուս հետ խոսում եմ, ասում է՝ CD թողարկելու կարիք այլեւս չկա, փոխարենն՝ այն պետք է թվայնացնել: Հարցերը շատ են, ժամանակներն էլ այլ են:

Թատերարվեստում ստեղծագործական առումով հիմա ակտիվ փուլ ենք մտել. «Սեւ, դառը շոկոլադը» շուրջ 6 տարի է՝ բեմում է, ու դեռ կլինի: Հիմա Էմմայի մյուս պիեսի բեմադրության նախապատրաստական աշխատաննքներն են ընթանում, որը կոչվում է «Exit»:



-Տիկի՛ն Էմմա, «Սեւ, դառը շոկոլադը» մեծ հաջողություն ունեցավ: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւմ է գաղտնիքը:

Էմմա. Հասկացել եմ, որ պետք է իսկական լինել։ Իսկական պետք է լինի խոսքդ, երգդ. բոլոր տեսակի շինծու բաները կարճ կյանք ունեն, մտքերը, որոնք գալիս են եւ իրական են, պետք է գնան առաջ, քանի որ դրանք պետք են: Երբեմն նայում եմ եւ մտածում՝ արդյոք ես եմ գրել «Սեւ, դառը շոկոլադը»: Ոչ թե նրա համար, որ չեմ հիշում. ես հիշում եմ ամեն բառ, ամեն ստորակետ… Սուրեն Շահվեդյանին հաճախ էի ասում՝ միթե իրավունք ունեմ անել այս ներկայացումը, բայց հետո հասկացա՝ ես մարդ եմ, ով հավերժ փնտրում է գեղեցիկի ճանապարհը: Անկեղծությունը պետք է լինի շարժից ուժը, եւ, կարծում եմ, անկեղծությունն է, որ դարձավ ներկայացման հաջողությունը։

Արամո. «Սեւ, դառը շոկոլադը» կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին է: Շատ անգամ ներկայացումից հետո մարդիկ խոստովանում են, որ իրենց են տեսնում այս ներկայացման մեջ։ Պարզության եւ իսկական լինելու մեջ է հաջողությունը:

-Իսկ ինչի՞ մասին է լինելու «Exit»-ը։

Էմմա. Չեմ բացի չակերտներ՝ ասելով՝ ինչի մասին է, բայց կրկին բախում է, այս անգամ՝ երեք անձի շուրջ, եւ մի վայրում, որն իրականությունից դուրս է, եւ ամբողջը պիեսը բախում է անցյալի հետ։

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


-Իսկ գրող Էմման եւ հեղինակ-կատարող Էմման միմյանցից շա՞տ են տարբերվում։

-Բնավ չեն տարբերվում։ Ինչ խոսք, էությունս երաժիշտն է, երեւի զարմանալի հնչի, բայց ես կարող եմ ապրել առանց երաժշտության, որովհետու իմ զգայական աշխարհն է երաժշտությունը, այսինքն՝ այստեղ լսելիի եւ չլսելիի խնդիրը չէ։ Իմ ներսի երաժշտությունն ինձ ուղղորդում է՝ ուր էլ որ լինեմ, որպես երաժիշտ եմ ապրում: Որքան էլ Էմմաները տարբեր լինեն, միեւնույն է՝ ներաշխարհը նույնն է, ուստի, կարծում եմ՝ էմմաները շատ տարբեր լինել էլ չեն կարող:



-Ձեր շրջապատից շատերն են ասում, որ տեսակով թեթեւ մարդ եք, բայց դժվար է Ձեզ հասկանալը: Կա՞ սրանում ճշմարտություն։

Էմմա. Թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքի հետ։ Ես սիրում եմ մարդուն, ուստի ես բաց եմ, գուցե երկար-բարակ չզրուցեմ, քանի որ հարաբերությունների ազդակները «ստոպ» են ասում, այսինքն՝ պետք է հասկանալ՝ բացվեմ ինչքան եւ ինչու, պետք է հասկանալ՝ ինչ եմ տալիս այդ մարդուն, կամ առհասարակ պետք է տամ, թե՝ ոչ:

— Ամուսնության առաջին առաջարկությունը եղավ երրորդ հանդիպման ժամանակ՝ ինքնաթիռում, որի պատասխանը տրամաբանական «ոչ»-ն էր։ Այս ամենին հաջորդեց չորեքշաբթի օրն Արամոյի՝ «Էմ, շաբաթ գալիս ենք ձեր տուն՝ քեզ ուզելու» արտահայտությունը: Ինչպե՞ս համաձայնեցիք։

Էմմա. Ես այդ շրջանում Բուլղարիայի ուղեգիր էի շահել, եւ Արամը հարցերեց ինձ, թե ոնց եմ առանց իրեն գնալու, եւ իրոք հասկացա՝ ճիշտ հարց տվեց, առավել եւս, որ մինչ այդ բեմից հայտարարել էր՝ իր կինը՝ էմման, դահլիճում է, եւ երբ թերթերը հրապարակեցին այդ լուրը, ես, բնականաբար, ասելու բան չունեի։



Արամո. Այդ ժամանակ արդեն ընկերներ էինք, արդեն հստակ գիտեինք փոխադարձ սիրո մասին, չորեքշաբթի էր, ասացի, որ շաբաթ օրը գալու ենք ձեր տուն։ Կնոջս տանն ինձ արդեն լավ գիտեին, վստահ էին, որ եթե իմ հետ է, ուրեմն ապահով ձեռքերում է։

— Չլինելով ամուսիններ՝ բեմից հայտատրե՞լ եք, որ ամուսնացած եք:

Արամո. Այո: 800 տեղանոց դահլիճում շատ էին չամուսնացած աղջիկները, ովքեր գիտեին, թե իմ սիրտն ազատ է: Իրենց միանգամից ներկայացրի իմ կնոջը, եւ այդ ժամանակ Էմման հանկարծակիի եկավ, ինչպես եւ մյուս ներկաները։ Այս ամենին հաջորդեց այն, որ տանը բոլորին նախապատրարեցի, եւ շաբաթ օրը գնացինք Էմմայիս ուզելու։

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


— Չունենալով ամուսնության վկայական, եկեղեցում խոստում չտալով՝ 28 տարի շարունակ սիրում եւ փայփայում եք միմյանց:

Արամո. Կարծում եմ՝ ամուսնության գրանցման փաստաթուղթն իր կարեւորությունն ունի, հատկապես բաժանման դեպքում. դե, սեփականություն է, պետք է կիսվի, եւ այլն, բայց ես ավելի կարեւորում եմ հոգեւորը, հնազանդության եւ տեր լինելու սանդղակներն իմ դեպքում այլ են: Ամեն տարի ասում եմ՝ կլոր ամյակին պետք է պսակադրվենք, հիմա համատեղ կյանքի 28-րդ տարին է, կարծում եմ՝ 30-ամյակին պսակադրությունը կարելի է իրականցնել եկեղեցում։ Իրականում հարսի շոր չէ, բայց պսակը անպայման կլինի: Վստահ եմ՝ արծաթե հարսանիքը կնշենք։

— Տիկին Էմմա, կարծեմ սպիտակ զգեստ չեք կրել:

Էմմա. Փոխարենը՝ կարմիր զգեստ եմ կրել, որը լավ եմ հիշում։ Ցավոք, ոչ մի լուսանկար չկա. այդ ժամանակահատվածում հնարավորություն էլ չկար հրավիրել լուսանկարչի եւ հավերժացնել պահը։

-Արամոն միշտ վառ կերպով է պատմում է Ձեր առաջին հանդիպումը, անգամ սանրվածքը, կոշիկներն է հիշում, իսկ Դուք ինչպե՞ս նկատեցիք Ձեր ապագա ամուսնուն։

Էմմա. Արամին մոռանալ կամ չնկատել պարզապես հնարավոր չէր. նա այնքան էքսցենտրիկ էր բոլոր-բոլոր ժամանակներում։ Ամռան շոգին կարող էր հագնել կարճ բաճկոն։ Հիշում եմ՝ ուսանող էի կոնսերվատորիայում, նա շանը ման էր տալիս բոբիկ ոտքերով, շունն էլ իր եւ եղբոր՝ Աշոտի նման տարօրինակ էր /ծիծաղում է,-հեղ./։ Հիմա ծիծաղով եմ հիշում, բայց այդ շունը չէր հաչում, այլ պարզապես ոռնում էր, եւ չէի մտածում, որ հենց այդ տուն եմ գնալու, որտեղ այդ շունն անընդհատ ինչ-որ բան էր ուզելու, այն էլ՝ ոռնալով, բայց շատ անուշիկ շնիկ էր՝ տխուր աչուկներվ, երկար ակնաջներով եւ շատ ծանր մարմնով, եւ երբ նա տեղաշարվում էր, տան ամեն ինչ դղրդում էր։

Էմմա Պետրոսյանը


-Ամռանը՝ բաճկոն, բոբիկ ոտքեր․ ամենն Էմմա Պետրոսյանի տեսադաշտում հայտնվելու համա՞ր էր:

Արամո. Ոչ, ինքնահաստաման կամ աչք ծակելու համար չէր, այլ պարզապես ներքին ցանկություն էր: Մայրս միշտ բարկանում էր, ես էլ ասում էի, որ ինձ այսպես հարմար է։ Երիտասարդական տարիներ էին, որոնք հետաքրքիր կերպով եմ ապրել, տեսակով էլ ազատատենչ մարդ եմ եղել եւ կամ։

-Պարո՛ն Արամո, տեսակով այնքան տարբեր եք. Դուք միշտ շտապում եք, իսկ տիկին Էմման՝ չափից շատ հանգիստ: Ո՞ւր եք այդքան շտապում։ Մի խոսք կա՝ շտապողը տղա չի ունենում, բայց Դուք արդեն ունեք, հանգիստ եք, ուստի շարունակում եք շտապել:):

Արամո. Ես անընդհատ շտապում եմ, չգիտեմ՝ ինչու, ուր, բայց, այո, շտապում եմ։ Ինչ վերաբերում է ասացվածքին, ապա կցանկանայի շատ չշտապել եւ մի հատ էլ աղջիկ ունենալ /ծիծաղում է,-հեղ.

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


-Երբ Ավոն գնաց Գերմանիա ուսանելու, արդյո՞ք տունը դատարկ չէր, եւ չէի՞ք զղջում մեկ զավակ ունենալու համար։

Էմմա. Իհարկե, չեմ կարող ասել, որ երեխաները տան ուրախությունն են, գանձը, հարստությունը, կամ մեր տնկած ծառերն են, քանի որ ինչ էլ ասեմ՝ քիչ է: Ես շատ հավատացյալ մարդ եմ, եւ հավատում եմ, որ Ավոն էր միայն մերը. Աստված այդպես որոշեց, որ մենք պետք է ունենանք մեկ զավակ, եւ վերջ: Իր բացակայության ժամանակ մտածում էի՝ ինչ լավ կլիներ, որ լինեին երկուսը, երեքը, բայց միեւնույն է՝ յուրաքանչյուրի բացակայությունն էլ տխրություն է ծնողի համար։

Արամո. Աստված տա, որ Ավոս գտնի իր կեսին: Ես իրեն մի բան ունեմ ասելու, որ ամենաքիչը երեք երեխա պետք է ունենա, իհարկե, վստահեցնելով, որ նրանք բոլորը կլինեն ապահով ձեռքերում։ Իսկապես պետք է չզլանալ եւ իմանալ մի բան, որ երբ երեխան ծնվում է, Աստված դռները բացում է։

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


— Ջութակահարի կյանքը բավական դժվար է, բայց Դուք եք այն «մեղավորը», ում պատճառով որդին ընտրեց այդ դժվարին ոլորտը: Ասում են՝ չուզողը տնից է լինում:):



Էմմա. Կարծում եմ, որ ջութակն ուրիշ աշխարհ է։ Ուրիշ տեսակի, ուրիշ նյութով է շաղախում մարդուն, ուրիշ աչքեր է բացում, ուրիշ խորք է տալիս, մոլորակների հետ ես ասես շփվում։ Այո, ես ջութակահար եմ, բայց քիչ եմ նվագում, ցավոք: Ավոյի ծնվելուց հետո նվագախմբից հեռացա, բայց այնպես ստացվեց, որ սկսեցի երգել, երեւի զարմանալի հնչի, բայց ինձ մշտապես ջութակահար եմ զգում, եւ իմ մատները հավերժ նվագում են. ջութակն ինձ համար դոմինանտ է, մտովի նվագում եմ անգամ, երբ թխվածք եմ պատրաստում, եւ հետաքրքիր է, որ աղեղով եմ նվագում. շատ կարեւոր բան եմ ասում, քանի որ մատը եւ աղեղը միասին են, աղեղը հարթեցնելու հատկություն ունի։ Ինչ վերաբերում է Ավոյի ընտրությանը, ապա նա ընտրեց անձամբ. տեսել է տանը, տեսել է նվագելուց, ունեցել է բախումներ, երբեմն ուզում էր նվագել, երբմեն՝ ոչ, կար շրջան, երբ մտածում էր ի վերջո կարո՞ղ է նվագել, թե՝ ոչ։ Կատարողական արվեստը առանձնահատկություն ունի, շատ ուրախ եմ, որ ջութակահար դարձավ։ Ռեփն էլ դեռ մանկուց է սիրել, մեզնից Էմինեմի գլխակից էր ուզում, թարգմանում երգերը։ Այսօր անձուլելի բաներ է ձուլում, ստանում համարձակ մեկ այլ բան, եւ այս ամենն ինձ իրոք շատ է դուր գալիս։

-Ավոն նաեւ գրո՞ւմ է:

Էմմա. Այո, երբեմն թաքցնում էր, երբեմն՝ բաց թողնում, երեւի գիտակցաբար, որպեսզի ծանոթանամ իր ներաշխարհին։

Արամոն


-Արամո, 52 տարեկան եք, այս ընթացքում հասցրել եք Ձեր խոսքն ասել, կազմել հիանալի ընտանիք, արժանանալ հանրության սիրուն եւ հարգանքին: Այսօր արտիստ Արամոյին ի՞նչ է պակասում։

— Աստծուն շնորհակալ եմ, որ արվեստի բնագավառում եմ իմ գործունեությունը ծավալում, փորձում եմ եւ պարտավորված եմ սիրով անել այդ ամենը, քանի որ Աստված սեր է, իսկ մարդն իր տեսակով կատարող է, ուստի պետք է ճիշտ կատարել, սիրով ու պատասխանատվությամբ։ Մարդու առաքելությունը սեր տարածելն է, մարդ չպետք է ամաչի ներողություն խնդրելուց։ Այսօր սիրո պակաս կա, սա դաժան բան է, ուզում եմ, որ բոլորը կարողանան սիրել, ճառագայթների պես տարածեն այդ սերը մեկը մյուսին: Սիրո պակասն արտիստին ընկճում է, ուստի, արտիստ Արամոն այսօր միայն մեկ բան է ցանականում, որ մարդիկ սիրեն, շատ սիրեն:

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Republica» հյուրանոցում

Loading...