ԺԱՄԱՆՑ

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը բասկետբոլի մրցաշարի են մասնակցել. Արամեն լավագույն խաղացողներից է

Շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները երբեմն իրենց փորձում են այլ ձևաչափերում։ Այս անգամ  ոչ թե երգիչը նկարահանվել է ֆիլմում կամ հակառակը՝ դերասանը որոշել է երգել, այլ նրանք համախմբվել են և ուժերը փորձել բասկետբոլում:

Загрузка...

Հայոց բանակի օրվա առթիվ Երևանի «Միկա» մարզահադաշտում Կարեն Գիլոյանի «Աստղերի» թիմը՝  Արամեի, Հայկ Դուրգարյանի, Պոնչի՝ Տարոն Իսպիրյանի, Կամո Սեյրանյանի, DJ Սերժոյի, Գոռ Բարսեղյանի, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, սպորտային մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանի, Արմեն Գարամյանի մասնակցությամբ հանդիպել է վարկային կազմակերպություններից մեկի և ՖԱՖ «Երկրպագուների առաջին ճակատի» թիմերի հետ։

Tert.am Life-ը հետևել է խաղի ընթացքին և լուսանկարել ամենահետաքրքիր դրվագները։ Մինչև հանդիպման մեկնարկը հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 41 տարեկանում կյանքից հեռացած, լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին։

Առաջին խաղում «Աստղերի» թիմը հանդիպեց վարկային կազմակերպության թիմի հետ։ Խաղը լարված ընթացք ունեցավ. «Աստղեր»-ին հաղթանակ բերեց վերջին վայրկյանին կատարած նետումը։ Արամեի փոխանցումից հետո հայտնիներին օգնելու համար խաղադաշտ մտած բասկետբոլիստ Վյաչեսլավ Ֆոմինիկհին հաջողվեց գրավել զամբյուղը։  

Հաջորդ հանդիպումը ՖԱՖ «Երկրպագուների առաջին ճակատի» թիմի հետ էր։  Չնայած հայտնիները հաղթանակից հետո խաղադաշտ մտան ոգևորված՝ երկրպագուների թիմը լավ մարզավիճակում էր։ Այս խաղում «Աստղեր»-ի թիմը պարտվեց։  

Կարեն Գիլոյանը, ով ամիսներ շարունակ հայտնիներին պատրաստել է այս հանդիպմանը, բավականին էմոցիոնալ էր արձագանքում խաղի ընթացքին։

Չնայած երկրորդ խաղի պարտությանը, մեկնաբանը ոգևորում էր իր խաղացողներին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ բոլորի խաղից գոհ է, սակայն առանձնացրեց Արամեին. «Արամեն  իսկապես շատ լավ է խաղում, և նա ամենասպորտայինն է։  Մյուս տղաները ևս լավ մարզավիճակում են ու շատ հաջող են խաղում։ Բոլորի համար էլ կարևոր է ակտիվ շարժման մեջ լինելն ու մարզվելը»:

Որպես ամենասպորտային հայտնի՝ Կարեն Գիլոյանը տվեց նաև դերասան Խորեն Լևոնյանի անունը, ով մասնակցել է մարզումներին, սակայն ինչպես նա, այնպես էլ Մկրտիչ Արզումանյանն ու Միհրան Ծառուկյանը չեն կարողացել մասնակցել բուն խաղին։

«Նրանք շատ զբաղված են ու այս խաղին չկարողացան ներկա գտնվել, սակայն տղաների հետ պայմանավորվածություն ունենք շարունակել մարզումները։ Հայտնիների այս թիմում ընդգրկված են տղաներ, որոնք իսկապես գիտեն բասկետբոլ խաղալ։ Եթե ֆուտբոլի դեպքում հնարավոր է քիչ մարզվել ու մտել դաշտ, ապա բասկետբոլ չես կարող խաղալ աեանց մարզվելում: Բասկետբոլում այնքան կանոններ կան, որոնց պետք է տիրապետես, որպեսզի թեկուզ ոչ շատ լավ, բայց խաղաս»,-ասաց Կարեն Գիլոյանը։

Տղաներն իրենց պարտությունից չընկճվեցին, պատրաստ են սիրով շարունակել մարզումները։ Արամեն իր խաղից գոհ է՝ ուրախ է, որ մասնակցել է։ Երգիչ Հայկ Դուրգարյանի ամենաակտիվ երկրպագուն նրա փոքրիկ դուստրն էր, ով պարբերաբար գոռում էր հայրիկի ազգանունն ու վստահ էր՝ նրանք հաղթել են։  

Տղաներից որևէ մեկը չդժգոհեց մարզումներից՝ սիրով են մարզվում։ Կամո Սեյրանյանը, ով խաղի ընթացքում վնասվածք ստացավ, կատակեց՝  կարևորն իրեն հաց տվող մատներին բան չի եղել, մնացած ամեն բան լավ է։ 

Պոնչը, ով բավականին հաջող ու ակտիվ խաղ ցույց տվեց, մեզ հետ զրույցում նշեց․ «Որևէ բան հեշտ չի տրվում, այդ թվում՝ մարզումներն ու այսօրվա խաղը։ Ինքս բասկետբոլի մեծ սիրահար եմ, երբ առաջարկը եղավ, սիրով համաձայնեցի։ Խաղը, կարծում եմ, լավ ընթացք ունեցավ ու դժգոհելու որևէ բան չկա»։

Loading...