Լրահոս

«Փաշինյանի կողմից կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ». Արթուր Վանեցյան

Երեկ տպագիր մամուլի մի խումբ խմբագիրներ հանդիպեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Հանդիպումը տևեց մոտ 2 ժամ, կլուսաբանվի վաղվա թերթերում։ Հանդիպմանը ներկա էր 9 խմբագիր՝  «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը, «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը,  «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր Արտակ Ճաղարյանը:

Загрузка...

Եվս երեք խմբագիրներ՝ «Չորրորդ իշխանություն», «Հայկական Ժամանակ» և «Ժամանակ» թերթերի, հրավիրվել էին, սակայն չէին եկել։ Արթուր Վանեցյանը պատասխանել է տարաբնույթ հարցերի և հայտարարել ստեղծվող կուսակցությամբ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու մասին:

– «Հայրենիք» զարգացման հիմնադրամը Ձե՞ր հիմնադրամն է:

– Այո, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը ես գրանցեցի շուրջ 1-1.5 ամիս առաջ, հիմնական նպատակն այն է, որ ես շատ եմ կարևորում քաղհասարակության դերը մեր երկրում, և առհասարակ բոլոր այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը և ժողովրդավարական երկրներ են, պետք է ունենան շատ զարգացած և ուժեղ քաղհասարակություն: Ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք ֆինանսավորվում են դրսից, և այդ քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում հանդիսանում են այդ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այսօր՝ հեղափոխությունից հետո, հասարակական կազմակերպությունների դաշտը գրեթե մնացել է դատարկ, որովհետև ՀԿ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվել են այսօրվա իշխանությունների մեջ: Բացի այդ, ես չեմ վախենա և կասեմ, որ որոշակի մենաշնորհ կա Հայաստանի ՀԿ դաշտում, և այդ ամենի դեմ ոչ մի բան չունենալով՝ ես որոշեցի, որ մենք պետք է ստեղծենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամը և աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին:

Ամենամեծ և ամենակարևոր տարբերությունը, որը տեսնում եմ և որի համար որոշել եմ գրանցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն է, որ մեր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները և անհատները, նաև ԶԼՄ-ները, որոնց աջակցություն ցույց կտանք, Հայաստանում ոչ թե օտարերկրյա օրակարգ առաջ կբերեն, այլ  կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով: Այսինքն՝ որքան էլ այն ՀԿ-ները, որոնք այսօր գործում են Հայաստանում և ֆինանսավորվում են դրսից, ասեն և պատմեն մեզ, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, դա այդպես չէ: Ամեն դեպքում, ֆինանսավորողը դրսից է, և ինչ-որ մի պահի նրանք սպասարկելու են օտարի շահերը, և առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր: Իսկ ես շատ կարևորում եմ մեր ազգային օրակարգը, և այդ ուղղությամբ փորձելու ենք տանել ակտիվ աշխատանքներ, որպեսզի ձևավորենք մեր ազգային օրակարգը՝ քաղհասարակության միջոցով:

– Հայաստանում այսպիսի սովորություն կա՝ հիմնադրամ ստեղծողները հիմնում են հիմնադրամը, հետո սկսում են դրամ հավաքել: Իսկ իմ պատկերացմամբ և որոշ փորձառությամբ՝ նախ պետք է հիմնադրամը լինի: Ձեր հիմնադրամի պարագայում ինչպե՞ս է լինելու:

– Այո, դուք ճիշտ եք, եթե հիմնվում է հիմնադրամ, ուրեմն՝ պետք են նաև գումարներ: Այդ ուղղությամբ ես ունեցել եմ հանդիպումներ հիմնականում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, այս պահին անունները չեմ հնչեցնի: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ հանդիպումներ եմ ունեցել, պատմել եմ մեր հիմնադրամի նպատակների մասին, և նրանցից ստացել եմ հավաստիացում, որ նրանք կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով, որովհետև իրենց բացատրվել է, որ այդ ֆինանսներն օգտագործվելու են բացառապես մեր ազգային օրակարգի ձևավորման համար: Շատ կարևոր հանգամանք կա՝ «Հայրենիքը» զարգացման հիմնադրամ է, այլ ոչ թե բարեգործական: Մենք բարեգործությամբ չենք զբաղվելու, մենք զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ:

– Կա՞ն արդեն պլաններ, առաջնային քայլեր:

– Ես շատ եմ կարևորում մեր հիմնադրամի թափանցիկ աշխատանքը, թափանցիկությունը լինելու է առաջնահերթություն, և մենք հենց գործունեությունը սկսենք, իսկ կսկսենք շատ մոտ ժամանակներս, կլինի կայք, կլինեն հայտարարություններ, և կունենանք արդեն հայտեր, և ըստ սահմանված կարգի՝ ընտրությունը կկատարվի, և այդ դրամաշնորհները կտրամադրվեն: Շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել, ի դեպ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի տարածքում շատ մեծ տարածք հատկացնելու ենք մի վայրի, որը կոչվելու է Media HUB, այսինքն՝ այդտեղ լինելու են աշխատասենյակներ, լինելու է մամուլի ասուլիսների սրահ, ժամանակակից կահավորմամբ պայմաններ, որտեղ կարող են գալ երիտասարդներ, ՀԿ-ներ, խմբեր, այդ տարածքից անվճար օգտվեն, այդտեղ կարող են գալ ԶԼՄ ներկայացուցիչներ, այսինքն՝ լինի մի տեղ, որտեղ մարդիկ հավաքվեն, կիսվեն իրենց մտքերով: Միգուցե ցանկանան կազմակերպել մամուլի ասուլիսներ, ֆորումներ, և այլն: Նկատի ունեմ՝ մի առանձին հարթակ է լինելու, որը նորույթ  է լինելու Հայաստանում և նպաստելու է թե՛ ԶԼՄ-ների զարգացմանը, թե՛ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների:

– Իսկ ինչպե՞ս եք զուգակցելու այդ հասարակական գործունեությունը քաղաքական գործունեության հետ, կամ լինելո՞ւ է քաղաքական գործունեություն:

– Այսօր ես հայտարարելու եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել: Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, և շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին:

– Երբ ասում եք՝ հիմնադրամի հովանավորներն ապրում են Հայաստանից դուրս, ենթադրում եմ, որ ռուսահայ գործարարներ են, դա չեղա՞վ, որ դրսից է ձեր ֆինանսավորումը:

– Նախ՝ ոչ միայն ռուսահայեր, խոսքը վերաբերում է նաև Ամերիկայում, Եվրոպայում, ինչպես նաև՝ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Այդ ֆինանսավորողներն ազգությամբ հայեր են, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները շատ հայրենասեր մարդիկ են և ցանկացած հարմար առիթի ու հնարավորության դեպքում աջակցում են Հայաստանին և Արցախին:

– Դուք ուսումնասիրություն ունե՞ք՝ Ձեր մուտքը քաղաքական դաշտ այսօր պահանջարկ ունի՞:

– Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ, և այդ մտահոգությունները շատ համատարած են, և եթե անկեղծ լինեմ՝ տեղին: Այդ ուսումնասիրությունները մենք կատարել ենք, և կարծում եմ, որ այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձևավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որն այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելակերպից, չեն արդարացվել հասարակության հույսերը, և նրանք նաև մարդիկ են, որ չեն ուզում՝ վերադարձ անցյալին:

Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում՝ հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ, ըստ որոնց՝  գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ վերադարձ անցյալին հանկարծ չլինի: Բայց նաև ես այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին, և այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է մեր հասարակության և ժողովրդի շրջանում, որ կան սևեր և սպիտակներ… նման բան չկա, մենք բոլորս հայ ենք և բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք:

– Պարոն Վանեցյան, Ձեր հրաժարականի տեքստում էլ հնչեց, որ մեր երկրում վտանգ կա, բայց չկոնկրետացրեցիք՝ ի վերջո, ո՞ւմ կողմից, ովքե՞ր են այդ վտանգը ներկայացնում: Հիմա կկոնկրետացնե՞ք՝ ի՞նչ վտանգներ, ո՞ւմ կողմից, ինչո՞ւ եք մինչև այժմ լռում, ումի՞ց եք կաշկանդված:

– Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել և հաշվարկել, շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում, և լռել այդ ամենի մասին ու չբարձրաձայնել, կարծում եմ՝ կլիներ շատ սխալ: Հատկապես՝ մի մարդու կողմից, ով 1.5 տարի զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնը, և վերջին 20 տարին աշխատել է ԱԱԾ-ում: Ստացվող տեղեկությունների վերլուծությունը, այդ ունակությունը ես ձեռք եմ բերել իմ 20 տարիների աշխատանքի ընթացքում, ինձ հիմք է տվել ենթադրել, որ այն զարգացումները, որ տեղի են ունենում այսօր Հայաստանում, այսինքն՝ տեղի էին ունենում՝ սկիզբը դրվել է 5-6 ամիս առաջ, ես կանխատեսել էի, որ հետևանքները լինելու են Հայաստանի համար ոչ բարենպաստ: Այն վտանգները, որոնք տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց: Որպես օրինակ՝ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին 2 կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն ուղղակի անվտանգության տեսանկյունից նաև շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև մեր երկրի միջազգային վարկանիշին է վերաբերում, և առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ, ովքեր հիմա վերցնեն և հետևեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր, վերլուծություններ, որն ուղղակի ապշեցնող է:

– Ներկա իշխանությունները, փաստ է, որ հույսը դրել են Ձեզ հունից հանելու վրա, Դուք կկարողանա՞ք դիմակայել սպասվող սադրանքներին, հատկապես՝ այսօրվանից հետո:

– Անկեղծ ասած՝ ինձ հունից հանելը շատ դժվար է, գրեթե անհնար: Դա անգամ մեկ-մեկ ինձ խանգարում է իմ էմոցիաները ցուցադրել: Բայց կարող եմ ֆիքսել մի բան՝ վերջին շրջանում իմ դեմ տարվող տեղեկատվական արշավը շատ վաղուց էր պլանավորված և դերաբաշխված՝ դեռևս, երբ ես ԱԱԾ տնօրեն էի: Եթե դուք կհիշե՞ք՝ իմ պաշտոնավարման վերջին մի քանի ամիսներին ինչ-որ տարբեր տեղերից ուղղորդված սկսեցին իմ մասին գրել կեղծ և ստահոդ հոդվածներ, և այդ ամենը տեղավորվում է այն տեղեկատվական արշավի մեջ, որն իմ դեմ իրականացվում է: Որպես օրինակ՝ կարող եմ բերել վերջին շրջանի հրապարակումներն իմ մասին, որոնցից որևէ մեկը չհաստատվեց՝ ամբողջությամբ սուտ էին: Այսինքն՝ հրապարակ են բերում մի վարկած, մի թեզ, ներկայացնում են՝ որպես վերջին կետի ճշմարտություն, հետո սկսում են իրենք իրենց հերքել: Հասանք անգամ նրան, որ ինձ մեղադրեցին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ…

– Հիբրիդայի՞ն էր, գոնե, թե՞ հասարակ:

– Դա նույնպես տեղավորվում է այդ տեղեկատվական արշավի շրջանակներում, և ինչ ունեցանք՝ մի անլուրջ իրավիճակ: Հայտնի թերթը (Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակը», -«168 Ժամ») իմ մասին գրում է մի հոդված, որտեղ ինձ մեղադրում են պետական հեղաշրջման մեջ, և այլնի, և այլնի մեջ, ես, իհարկե, արձագանքում եմ, հերքում եմ: Դուրս է գալիս մի բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, պատգամավոր և այլն, և պնդում են, որ նման փորձ է եղել, որ ես մասնակից եմ եղել պետական հեղաշրջման փորձի: Այնուհետև ստանում ենք ԱԱԾ պաշտոնական պարզաբանումն այդ ուղղությամբ, որ նման դեպք չի եղել, նման փորձ չի եղել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ՝ մենք այդպես չենք ասել, մենք ասել ենք, որ դա հիբրիդային հեղաշրջում է… Օրակարգ է բերվում մի տերմին, որն օգտագործվել է, եթե չեմ սխալվում, Ուկրաինայում: Դա ուղղակի… չգիտեմ, խոսքեր չեմ գտնում ասելու, այդ անլրջությունը, որ տրվում է այդ ամեն ինչին: Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում:

– Այսինքն, կարող ենք հասկանալ, որ Դուք նման ցանկություն չեք ունեցել:

– Իհարկե, ես նման ցանկություն չեմ ունեցել, ընդհակառակը՝ ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, այդ մարդը պետք է դատապարտվի և կրի իր պատիժը: Իրավունք չկա՝ հակասահմանադրական ճանապարհով կատարել որևէ քայլ. թե այդ քայլը ինչ նպատակներով դրդված կլինի՝ որևէ կապ չունի:

– Իսկ, ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհո՞վ տիրացավ իշխանությանը:

– Այդ հարցի շուրջ կա մեծ բանավեճ, որոշ շրջանակներ ասում են, որ ոչ, որոշ շրջանակներ ասում են՝ այո, բայց ես, եկեք, մի քիչ ավելի խորը պատասխանեմ այդ հարցին: 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, աննախադեպ էր: Ամբողջ ժողովուրդը փոփոխությունների ակնկալիքով և պահանջով դուրս եկավ հանրապետության փողոցներ և իր պահանջը ներկայացրեց:

– Ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, օրինակ՝ ես դուրս չեմ եկել:

– Ժողովրդի մեծամասնությունը՝ այսպես ասեմ: Ես՝ լինելով ԱԱԾ աշխատակից, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ անգամ պետական կառույցներում, չնայած՝ որևէ կերպ դա չէր արտահայտվում գործողություններով, մարդիկ սպասում էին փոփոխությունների, և այդ փոփոխությունները եղան: Հետագայում եղան զարգացումներ՝ խորհրդարանի լուծարում, և այլն, և այլն, և մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Համաձայն չեմ այն պնդման հետ, որ առաջին փուլը հակասահմանադրական էր, որովհետև եղել է ժողովրդի պահանջ, նախկին իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որոշում են կայացրել գնալ ժողովրդի պահանջի կատարման ուղղությամբ, և հրաժարական ներկայացրել ու իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին: Բացի նրանից, որ հանձնվել է, նաև ՀՀԿ-ն, որն այդ ժամանակ խորհրդարանի մեծամասնությունն էր, աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ սահմանադրական ճանապարհով վարչապետ ընտրվել: Այ, թե ինչ եղավ հետո, դա արդեն խորը վերլուծության և զրույցի թեմա է, որի մասին մի օր առանձին կխոսենք և փակագծեր կբացենք:

– Փոքրիկ տեխնիկական հարց՝ Դուք ասացիք՝ հայտնի թերթը. արդյո՞ք այս հանդիպմանը հրավիրված էին «Հայկական Ժամանակ», «Ժամանակ» և «Չորրորդ իշխանություն» թերթերը:

– Ես երեկ չէ առաջին օրը կապվել եմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի ներկայացուցչի հետ, ինչպես գիտեք՝ բոլորիդ անձամբ ես եմ հրավիրել այս հանդիպմանը. ես SMS եմ ուղարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի ներկայացուցչին, ասել եմ, որ գլխավոր խմբագիրների հետ նման հանդիպում եմ նախատեսել, ուզում եմ նաև ներկա լինի ձեր գլխավոր խմբագիրը: Ինձ պատասխան է եկել՝ մեր գլխավոր խմբագիրը Աննա Հակոբյանն է, ես գրել եմ ինչ-որ մի բան, հիմա չեմ ուզում մանրամասնել, թողել են անպատասխան:

«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին գրել եմ SMS, ասել եմ՝ եթե Ձեզ հարմար է, զանգահարեմ՝ խոսենք, երևում է, որ SMS-ը կարդացել է, բայց չեն պատասխանել:

«Չորրորդ իշխանության» գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի հետ խոսել եմ, հրավիրել եմ, նա ասաց՝ կարող է՝ գամ, կարող է՝ չգամ, բայց եթե չգամ, հետո առանձին կփորձենք մի հարցազրույց անել, ես ասել եմ՝ շատ լավ: Այսինքն՝ դա է եղել ամբողջ պատմությունը: Ես շատ կուզեի, որ հանդիպմանը ներկա լինեին նաև ձեր նշած լրատվամիջոցների ներկայացուցիչները, գլխավոր խմբագիրները:

– Մինչև 2018թ. իշխանափոխությունը, ընդունեք, որ լայն շրջանակների կողմից Դուք հայտնի չեք եղել, փաստացի, Նիկոլ Փաշինյանը Ձեզ վստահեց, Դուք բավականին հայտնի դարձաք: Արդյո՞ք զուտ բարոյական նկատառումներով ճիշտ չէր՝ Ձեր հրաժարականն առանց հայտարարությունների անել, ավելի հանդարտ հրաժարական տալ:

– Նախ՝ սկսեմ հարցի սկզբից. ինչ վերաբերում է հանրային լինել-չլինելուն: Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն, դա է պատճառը, որ ես հանրային ճանաչում չեմ ունեցել: Եվ կարող եմ ասել, որ, բացի Նիկոլ Փաշինյանից, մնացած այն մարդիկ, ովքեր այսօր եկել են իշխանության, նրանցից գրեթե 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել: Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել այս հասարակության մեջ, և այն տեղը և դերը, որը զբաղեցվեց ԱԱԾ-ի կողմից և անձամբ իմ կողմից, դուք բոլորդ ականատես եք եղել, թե ինչ ահռելի մեծ վստահություն է ձեռք բերել ԱԱԾ-ն, թե ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, մեր հասարակության կողմից:

Ինչ վերաբերում է բարոյական կողմին. բարոյական չէր լինի այն, եթե ես կոնֆորմիզմից ելնելով՝ շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին: Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստով: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Եթե կուզեք՝ մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին, հրաժարականիցս առաջ, առավել ևս՝ հրաժարականից հետո, ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ես արել եմ ամեն ինչ, որպեսզի հեղափոխության ժամանակ տրված խոստումները մեր հասարակությանը՝ իրականանան:

– Իսկ հրաժարականից հետո երբևիցե ափսոսանքի զգացում ունեցե՞լ եք:

– Ոչ: Ես չեմ ափսոսել հրաժարական ներկայացնելու համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ մենք չենք կարողացել արդարացնել այն բազմահազարանոց մարդկանց հույսերը, սպասումները, և ընդհակառակը՝ եղել են շատ մեծ հիասթափության առիթներ:

– Ամեն դեպքում, տարբեր կարծիքներ կան՝ կամ Ձեզ մեղադրում են, որ դավաճանել եք Փաշինյանին, կամ մեղադրում են Փաշինյանին, որ ժամանակին վստահել է Ձեզ: Դուք այս տիպի գնահատականներից չե՞ք վախենում:

– Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Թող դավաճան պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու են, որ՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում:

– Անուններ կտա՞ք, ովքե՞ր են:

– Անուններ այսօր չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:

Մանվել Գրիգորյանի «տուշոնկա շոուի», Ռոբերտ Քոչարյանի  կալանքի մասին

– Հիմա ոչ այնքան հաճելի բան պետք է հարցնեմ՝ ովքե՞ր էին տվել հանձնարարություն՝ պլանավորել և իրականացնել «տուշոնկա շոուն», Քոչարյանի կալանքի օպերացիան:

– Ես չեմ կիսում Ձեր գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված ինչ-որ միջոցառում էր, ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Հետագայում ինչ գնահատականներ տրվեցին այդ ամենին, ես չեմ դրա պատասխանատուն, բայց այն, ինչ ներկայացվել է ԱԱԾ-ի կողմից տարածված տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Իսկ քննությունն իրականացվել է արդեն ՀՔԾ-ում՝ նախաքննության հետ: ԱԱԾ-ն որևէ առնչություն չի ունեցել, և եթե կան որոշակի հարցեր, դժգոհություններ, այդ հարցով պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմնին: Բացի այդ, այսօր ընթանում է դատաքննություն, և բոլոր ապացույցները, ի վերջո, հանրությանը դառնալու են հասանելի, և գնահատականը կտրվի:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ ես դա չէի կոչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործ,  «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1»-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի: Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը:

-Իսկ, Ձեր կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործ ասվածը չի՞ ենթադրում նաև պատասխանատվության կանչել գլխավոր սադրիչին՝ Նիկոլ Փաշինյանին:

– Ես նորից չեմ ուզում կիսել Ձեր գնահատականը: Ես կարծում եմ, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ մի կողմի մոտ հարցեր չծագեն: Քննության ընթացքում, եթե կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն գործող անձը, պետք է նրանց ևս կանչել պատասխանատվության: Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված որևէ մեղադրանք, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք:

– Որքան էլ խուսափեք Ձեր պաշտոնավարման շրջանի հետ կապված փակագծեր բացելուց, ինձ թվում է, որ բազմաթիվ հարցեր կան հիմա կուտակված հասարակության մեջ, որ, եթե նույնիսկ հիմա մենք՝ խմբագիրներս, այստեղ չբարձրաձայնենք, վաղը-մյուս օրը Դուք դուրս եք գալու փողոց, շփվելու եք մարդկանց հետ, քաղաքական Ձեր գործունեության ընթացքում այդ հարցերն անպայման հնչելու են: Դրա համար, կարծում եմ՝ արժե առավելագույնս անկեղծ և բաց լինել հասարակության հետ և բոլոր փակագծերը բացել:

– Խնդրեմ, ես ասացի, որ պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, որը չի պարունակում պետական գաղտնիք: Խնդրեմ:

– Վերադառնալով Ձեր պաշտոնավարման շրջանին, մեզ շատ հետաքրքրում է, մասնավորապես, թե ինչպե՞ս է աշխատել ԱԱԾ-ն, ի՞նչ հարաբերություն է ունեցել վարչապետ Փաշինյանի և կառավարության հետ, ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել, այդ թվում՝ անօրինական հանձնարարականներ, որոնք Դուք կատարել եք: Հասկանալի է, որ ինչ-որ մի բան կուտակվել է մինչև Ձեր հրաժարականի պահը, բայց դրանից առաջ, հաստատապես, եղել են ինչ-որ երևույթներ, որոնք Ձեզ անհանգստացրել են: Արդյո՞ք Ձեր պաշտոնավարման այդ փուլում ունեցել եք անկեղծ խոսակցություն վարչապետի հետ, զգուշացրե՞լ եք իրեն հնարավոր հետևանքների մասին, կոնկրետ գործերի հետ կապված ինչպիսի՞ տարաձայնություններ են եղել, ինչպիսի՞ կոնֆլիկտներ եք ունեցել իր հետ: Ցանկալի է, որ մի քանի օրինակներով  նաև հիմնավորեիք, որպեսզի ավելի պարզ հասկանանք, թե ինչպես է տեղի ունեցել Ձեր 1.5 տարվա աշխատանքը՝ մինչև հրաժարականի պահը:

– Քանի որ Ձեր հարցը պարունակում է մի քանի հարցեր, ես փորձեմ տարանջատել և հերթով պատասխանել: Նախ՝ ուզում եմ սկսել նրանից, որ երևի թե շատ լավ հասկանում եք, որ 20 տարվա օպերատիվ աշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը, երբեք չի պատմի իր անձնական և աշխատանքային զրույցների մասին վարչապետի հետ, բայց, այնուամենայնիվ, Ձեր հարցի մեջ եղավ մի հարցադրում՝ եղե՞լ են անօրինական հանձնարարականներ. վարչապետը բազմիցս հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի…

– Կատարման ենթակա չեն եղել:

– Կամ կատարման ենթակա չեն եղել…

– Օրինակներ կբերե՞ք:

– Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները…  Հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում… ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով և վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է… ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 սուտկա նստեցնում էին: Թող մի հատ օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում կամ դաստիարակչական նկատառումներ՝ կստանա 15 սուտկա: Գոնե  կասենք՝ օրենք են ընդունել, մի բան են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում-հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ:

Շատ կարևոր մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որ դեմ է հեղափոխությանը: Դուք հավատում եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե  ո՛չ:

Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները:

– Ընթացք է տրվել դրան:

– Դե, գիտե՞ք ինչ, ԱԱԾ-ն զինվորական մարդիկ են, որոնք իրենց վերադասի հրամաններն ընդունում են՝ որպես…

– Ինչո՞ւ են անօրինական հրամաններ կատարում, առավել ևս՝ անհեթեթ հրամաններ:

– Չե՞ք կարծում, որ դրանից հետո Ձեր նկատմամբ նման ինչ-որ քայլ կատարվի, ո՚՞նց կարձագանքեք:

– Դուք վերջերս նաև Քննչական կոմիտե էիք գնացել՝ գաղտնալսման գործով:

– Ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ գաղտնալսման գործով՝ որպես վկա հարցաքննվելու: Հարցաքննվել եմ, ներկայացրել եմ իմ ունեցած տեղեկատվությունը: Դա նախաքննական գաղտնիք է, դրանից ավել բան այս պահին ասել չեմ կարող: Երկրորդ գործով, որով հրավիրվել եմ Քննչական կոմիտե, դա եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, ևս տվել եմ ցուցմունք, որի մասին էլի չեմ կարող մանրամասներ հրապարակել, դա նախաքննական գաղտնիք է:

– Երբ վարչապետը, Ձեր կարծիքով՝ անհեթեթ հրաման էր տալիս, ենթադրենք, Դուք նստած եք, չէ՞, կառավարության այդ նիստում, Դուք ի՞նչ եք ասում՝ есть, հա՞:

– Ես եթե ասեի՝ есть, մինչև այսօր կշարունակեի մնալ ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլորի կողմից շատ սիրված Վանեցյանը, կլինեի Ֆեյսբուքի թիվ մեկ սիրված հերոսը և չէի գնա այս դժվար ճանապարհով, որը ես որոշել եմ, ընտրել եմ և գնալու եմ: Ես իմ ողջ ծառայության ընթացքում որևէ անօրինական հրաման չեմ կատարել: Թե ինչպես չեմ կատարել և շարունակել եմ պաշտոնավարել, այդ հարցի հասցեատերը ես չեմ, խնդրում եմ՝ այդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին:

Ինձ որևէ մեկը աշխատանքից չի ազատել: Ես եմ ներկայացրել հրաժարականի դիմում

– Վերջին ժամանակներս տպավորություն էր ստեղծվում, որ ԱԱԾ-ն զբաղվում էր բացառապես ներքին օրակարգով: Այն բավականաչափ  չի զբաղվում անվտանգության հետ կապված խնդիրներով, միայն այն պատճառով, որ արտաքին օրակարգի մասին երբեք չէր խոսվում և հիմա էլ լրջորեն չի խոսվում: Բայց արդյո՞ք ռեսուրսներ մնում էին արտաքին անվտանգային խնդիրները լուծելու համար: Ի՞նչ վիճակում էր այդ հարցը թե Ձեր ծառայության ընթացքում, թե հետո:

– ԱԱԾ-ն շատ բարդ և բազմաշերտ կառույց է: ԱԱԾ-ն օրենքով վերապահված իր լիազորություններն է իրականացնում և հանդիսանում է հանրապետության անվտանգային համակարգի ամենաառանցքային դերակատարներից մեկը: Ազգային անվտանգության խնդիրներն են հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, պետական սահմանների պահպանությունը, ինչպես նաև տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներ: Տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն իմ պաշտոնավարման ընթացքում եղել են բոլորի աչքի առջև, բայց մեր աշխատանքի ընթացքում, հավաստիացնում եմ ձեզ, մենք ունեցել ենք լրջագույն հաջողություններ հետախուզական և հակահետախուզական ոլորտում, ռազմական հակահետախուզության ոլորտում: Մենք լուրջ համագործակցություն ենք ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ թե ահաբեկչության դեմ պայքարին ուղղված քայլերում: Այդ աշխատանքների մասին, մեր յուրահատկությունից և առանձնահատկություններից ելնելով, երբեք չի բարձրաձայնվում: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ այդ աշխատանքները մշտապես հասու են եղել վարչապետին, այդ տեղեկատվությունների մասին ես զեկուցել եմ նրան, և միշտ ԱԱԾ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի:

– Ո՞ւմ կողմից:

– Երկրի ղեկավարի կողմից: ԱԱԾ-ն ուղիղ ենթակա է վարչապետին: Եվ այն պնդումները, որ եղան իմ՝ աշխատանքից ազատվելուց հետո, որ իբր ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքների մեջ, դա է իբր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը…  ես ուզում եմ, նախ, ֆիքսենք, որ ինձ որևէ մեկը աշխատանքից չի ազատել: Ես եմ ներկայացրել հրաժարականի դիմում: Իսկ ինչ վերաբերում է՝ դժգոհե՞լ են, թե չե՞ն դժգոհել…

– Ձեր հրաժարականը երկրի ղեկավարի համար անակնկա՞լ է եղել:

– Հենց առաջին դիմումո՞վ եք հեռացել:

– Ոչ, եղել են նաև այլ դիմումներ, եղել են քննարկումներ…

– Գաղտնալսումից հետո՞ է եղել Ձեր առաջին հրաժարականը…

– Առաջին հրաժարականի դիմումս եղել է գաղտնալսումից հետո, եղել է նաև ընթացքում, հետո եղել է այդ ժամանակ: Եվ երբ որ (իմ դեմ տարվող տեղեկատվական արշավի շրջանակներում) հայտարարում էին՝ իբր դժգոհ է եղել վարչապետը ԱԱԾ աշխատանքից, դրա համար է Վանեցյանին ազատել աշխատանքից… ես ուզում եմ՝ մի բան վերհիշենք: Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ ծառայողի տոնի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում մի ծավալուն ելույթ ունեցավ և ԱԱԾ աշխատանքը ամենաբարձր գնահատականի արժանացրեց: Երևի թե որևէ պետական մարմին այդ շրջանում նման բարձր գնահատականի չի արժանացել: Ես այդ գնահատականը տալու ընդամենը երկու ամիսը չեմ աշխատել ԱԱԾ-ում: Բայց ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, նաև մեր հասարակությանը, որ ԱԱԾ-ն, չնայած հիմիկվա տիրող իրավիճակին, այս անհասկանալի մթնոլորտին, կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները, կատարում է շատ որակյալ, և մենք ունենք բավականին դրական արդյունքներ մեր հիմնական ուղղությունների աշխատանքների մեջ:

– Այ, օրինակ, ինչո՞ւ նույն Նիկոլ Փաշինյանն իր շրջապատով ակնհայտորեն վախենում է ԱԱԾ-ից, և ինչո՞ւ խոսակցություններ են վարվում, օրինակ, Սաֆարյան Ստյոպայի փորձագետների կողմից, որ ԱԱԾ-ում գործում է խորքային պետություն, որի հախից չի կարողանում գալ «թավշյա» իշխանությունը:

– ԱԱԾ-ում աշխատում են նվիրյալ սպաներ, նվիրյալ մարդիկ: ԱԱԾ-ում գրեթե բոլոր ծառայողները ազգի և պետության նվիրյալներ են (իհարկե, լինում են բացառություններ): Մենք աշխատում ենք 7/24 ռեժիմով: Ես առաջին օրերին, երբ այլևս չէի աշխատում, պաշտոնաթող գեներալի կարգավիճակում էի, ինձ համար տարօրինակ էր, որ կարող եմ հեռախոսս մոռանալ ինչ-որ մի տեղ, անջատել, քնել, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել, գնալ ինչ-որ տեղ, մեկնել երկրից… 20 տարի շարունակ երկրից մեկնելն ինձ համար եղել է մի անհասկանալի ճոխություն, որը երբեք չենք կարողացել մեզ թույլ տալ: Բայց այդ նվիրյալների հետ մեկտեղ՝ ԱԱԾ-ն շատ զգայուն ու նուրբ համակարգ է: Եվ այն արտաքին ազդակները, որը ստանում է ԱԱԾ-ն օրվա քաղաքական իշխանությունից, շատ մոտ է ընդունում իրեն: Օրինակ, երբ լրջորեն քննարկվում է հարց՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը սարքել քաղաքական և նշանակել քաղաքացիական ինչ-որ մեկի, ու ինչ-որ մեկի անունը սկսում է շրջանառվել… Դուք հասկանո՞ւմ եք մեր ծառայողների ապրումները: Հետո երկրի վարչապետը Կառավարությունում ընդունում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, որից հետո տարածում է հաղորդագրություն, որ հանդիպում կայացավ էսինչի, էսինչի հետ… Ի՞նչ ազդակներ պետք է մեր ծառայողները ստանան դրանից և ի՞նչ պետք է անեն: Ես չեմ ասում և չեմ պնդում, որ ԱԱԾ-ում կա ինչ-որ դավադրություն, ոչ, ուղղակի դա ինստիտուցիոնալ կառույց է, որը մշտապես ծառայում է պետությանը, անկախ նրանից, թե ով է իշխանությունը տվյալ պահին: Մենք ունենք մեր առջև դրված խնդիրները, որոնք մենք կատարում ենք պատվով և շատ ուշադիր:

– Նշեցիք չընդունված օրենքի մասին, իսկ ընդունվածների մեջ այս 2 տարվա ընթացքում կա՞ն օրենքներ, որոնք խանգարում են, վնասում են, անվտանգության առումով ճիշտ չէին: Այդպիսի դիտարկումներ ունե՞ք արած: Օրինակ, բանկային գաղտնիքի մասին օրենքը, գաղտնալսումները նաև ոստիկանությանը տալու օրենքը…

– Բանկային գաղտնիքի բացման հետ կապված՝ ես մշտապես ունեցել եմ բացասական վերաբերմունք, չնայած այն հանգամանքին, որ եղել եմ հատուկ ծառայության ղեկավար: Բոլորի համար պարզ է, որ ինչքան էլ հասու լինեն մեզ այդ տեղեկությունները, այնքան հեշտ կլինի մեզ կատարել մեր գործառույթները: Բայց հաշվի առնելով առհասարակ պետության գրավչությունը՝ որպես պետություն, մենք պետք է հասկանանք, որ բանկային գաղտնիքը պետք է պահպանվի: Բանկային գաղտնիքը պետք է բացվի բացառիկ դեպքերում: Օրինակ, վերջին 2 տարվա ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, ուղիղ օտարերկրյա ներդրումները Հայաստանում շատ ցածր են: Հիմա եկեք վերլուծենք՝ ինչի՞ է այդպես: Օրինակ, պոտենցիալ ներդրողը պատվիրում է մի վերլուծություն այն երկրի մասին, որտեղ ինքը պետք է գա: Բացում է, տեսնում է հայտարարություններ այն մասին, որ մարդկանց սեփականությունը պետք է խլենք, բանկային գաղտնիքը չկա, ժողովրդի պահանջով փակենք կամ բացենք այս օբյեկտը, էսինչը կոռուպցիոներ է, էսինչը օլիգարխ է, դարձավ խոշոր սեփականատեր, հետո էլի դարձավ օլիգարխ… նմանատիպ հայտարարություններ՝ երկրի ղեկավարի կողմից: Եվ այլն, և այլն: Հասել ենք նրան, որ Կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարն ասում է, որ ճաքած ունիտազ ունեցող գործարարներին պետք է սնանկացնենք… Դուք հասկանո՞ւմ եք: Ի՞նչ է նշանակում՝ սնանկացնենք: Եթե մարդը ծառայությունները չի կարողանում պատշաճ կարգի մատուցել, այս մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում այդ բիզնեսն ինքն իրեն կսնանկանա: Պետությունն ի՞նչ գործառույթ ունի սնանկացնելու: Չի կարելի ուղղակի նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերել:

– Իսկ ոստիկանության գաղտնալսո՞ւմը…

– Աշխարհում առհասարակ կիրառվում է տարբեր պրակտիկա: Մի տեղ միայն հատուկ ծառայություններն են գաղտնալսումներով զբաղվում, մի տեղ նաև ոստիկանական մարմիններն են զբաղվում, բայց Հայաստանի պես փոքր երկրում, կարծում եմ, շռայլություն է, որ ոստիկանությունն ունենա առանձին նման ստորաբաժանում, որովհետև դա կապված է մեծ ծախսերի հետ, և այլն: Ոստիկանությունը ԱԱԾ-ի միջոցով այդ գաղտնալսումները մշտապես իրականացրել է: Ուղղակի եղել է մի տեղ, մի տեղից բաշխվել է: Այդ գաղտնալսումները չեն եղել ԱԱԾ մենաշնորհը: Ուղղակի այդ հանգույցները եղել են ԱԱԾ-ում, որը թույլ է տվել խուսափել շատ ապօրինի գաղտալսումներից, եղել է ինչ-որ փոխզսպող գործունեություն:

– Իսկ որ նման տեխնիկական հնարավորությունները հայտնվել են նաև Օրբելի փողոցի հայտնի հիմնարկի ձեռքո՞ւմ…

– Ես նման տեղեկատվություն չունեմ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ անկախ նրանից՝ Օրբելի հիմնարկի թե ում ձեռքում կհայտնվեին գաղտնալսող սարքեր, իմ պաշտոնավարման ընթացքում նրանք կձերբակալվեին և պատասխանատվության կենթարկվեին:

– Այդ կառույցը, որը Դուք ղեկավարել եք, ղեկավարել են Վալերի Պողոսյանը, Էդուարդ Սիմոնյանցը, Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանը՝ ոստիկանության հետ միասին, նրանք բոլոր քաղաքացիական անձինք էին:

– Վալերի Պողոսյանը քաղաքացիական անձ չէր, եթե չեմ սխալվում: Այո, ես ընդունում եմ, դա եղել է մի շրջան, պետության ձևավորման նոր շրջան է եղել, և ի սկզբանե պետության ձևավորման հիմքում դրվել է ինստիտուցիոնալ կառույցների ձևավորումը, այսինքն՝ որպեսզի այս հիմնարկի ծառայողը աճի և գա հասնի հիմնարկի ղեկավարի, որովհետև էլի եմ ասում՝ կան առանձնահատկություններ, յուրահատկություններ, որոնք շատ կարևոր են, և ես չեմ կարծում, որ քաղաքական կամ քաղաքացիական անձը մեր ծառայությունն ավելի լավ կղեկավարի, քան զինվորական անձը: Որևէ կերպ չեմ ուզում գնահատական տալ Ձեր նշած անձանց ղեկավարման տարիներին: Դա եղել է անցումային շրջան, հետագայում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար ընդունվել է այդ օրենքը, որը ես շատ կարևորում եմ:

– 2018թ. ո՞վ է Ձեզ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ որպես թեկնածու:

– Ես այդ մասին խոսել եմ: Նիկոլ Փաշինյանին ես ճանաչել եմ իմ ընկերոջ՝ Ալեն Սիմոնյանի միջոցով: Մենք իրար հետ ծանոթացել ենք, մի քանի անգամ շփվել ենք, և, ինչպես վերջերս պատմեց պարոն Սիմոնյանը, այո, ինքն է ներկայացրել իմ թեկնածությունը Նիկոլ Փաշինյանին:

– Իսկ որևէ դեր Դուք ունեցե՞լ եք 2018-ի այդ «թավշյա հեղափոխության» բուն գործընթացում:

– Ոչ, ես եղել եմ ԱԱԾ գործող սպա, և ԱԱԾ գործող սպայի աշխատանքային գործառույթներից չի բխում մասնակցություն ունենալ որևէ քաղաքական գործընթացի:

– Ես Ձեզ քննադատել եմ, երբ դեռ պաշտոնավարում էիք ԱԱԾ-ում: Հատկապես հիշում եմ մի հոդվածը, որը Իջևանի ծառահատումների առիթով էր, և ես հարց էի տվել՝ ԱԱԾ տնօրենն այդտեղ ի՞նչ գործ ունի, ծառահատողների հետ: Ուզում եմ ասել, ես ինձ ոչ թե մեջբերում եմ, այլ իմ տպավորությամբ՝ պետք եղածից ավելի ոգևորված էիք աշխատում: Եվ արդյո՞ք չեք կարծում, հիմա, որ պատրաստվում եք քաղաքական կազմակերպված աշխատանքի՝ կուսակցություն ստեղծել, և այլն, չե՞ք կարծում, որ   նման ոգևորությունը, եթե սխալ եմ, Դուք ճշտեք, պատճառ կդառնա, որ Ձեզ, ինչպես միշտ է լինում, անպայման պետք է փորձեն վարկաբեկել, «աբիժնիկի» հագուստ հագցնել, և այլն: Ինչպե՞ս եք պատրաստվում դիմագրավել էդ ամբողջին:

Եվ երկրորդ հարցս՝ Ձեր ապագա կազմակերպության գաղափարախոսական իմաստով ի՞նչ ուղղություն եք որդեգրելու: Նկատի ունեմ, որ այսօր Հայաստանում մենք ունենք գաղափարախոսական կեցվածքի դեֆիցիտ:

– Եվ ովքե՞ր են լինելու այդ կուսակցության անդամները:

– Նախ սկսեմ հարցի վերջին մասից: Ովքեր են լինելու՝ այս պահին չեմ կարող պատասխան տալ: Շատ մարդկանց հետ եմ խոսել, քննարկել: Անկեղծ ասած, շատ մեծ ոգևորություն է առաջացրել տարբեր ոլորտներում՝ գիտական, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների, որոնք երբևիցե որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել: Նրանք մեծ պատրաստակամություն են հայտնել՝ ինձ հետ հիմնել այդ քաղաքական կուսակցությունը և մտնել քաղաքական  պայքարի մեջ: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը: Ավելի կոնկրետ դրա մասին մենք կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, բայց ես իմ գաղափարներով, իհարկե, կենտրոնամետ աջ ուղղության մեջ եմ: Բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժողովրդավարությունը առաջնահերթություն է, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ մենք պետք է պահենք մեր ազգային ավանդույթները, մեր եկեղեցին, մեր ազգային շահը, և այլն: Այսինքն՝ ավանդույթներ և առաջընթաց: Սա է մեր հիմնական գաղափարախոսությունը:

– Այսինքն՝ այդ ոգևորությունը որպես կոմպրոմատ կարող են օգտագործել, երբ Դուք մտնեք քաղաքականության մեջ:

– Ես շատ ոգևորությամբ եմ աշխատել ընդհանրապես 20 տարիների ընթացքում, երբ ես ծառայել եմ ԱԱԾ-ում: Ինչ վերաբերում է Իջևանի դեպքերին. Դուք չգիտեք խորքային պրոցեսները, թե ինչ էր կատարվում այնտեղ: Եթե ես չգնայի Իջևան, կարող է ունենայինք շատ մեծ բախումներ ոստիկանական ուժերի և քաղաքացիների միջև, որովհետև որոշվել է այս երկրում, որ ճանապարհ փակելու, բողոքելու և բողոքի ձայն բարձրացնելու կա մենաշնորհ, և այդ մենաշնորհից օգտվում են ոմանք, իսկ ով խախտում է այդ մենաշնորհը, պետք է շատ կոշտ արձագանքի արժանանա: Այ դա է եղել պատճառը, որ ես գնացել եմ Իջևան, ու եթե հիշում եք, դուրս եմ եկել փողոց, զբոսնել եմ, շփվել եմ ժողովրդի հետ, բացատրել եմ ստեղծված իրավիճակը, ժողով ենք հրավիրել մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ, շտկել ենք իրավիճակը, բողոքի ալիքը կանգնել է, հարցը լուծում է ստացել, և շարունակվել է այն գործընթացը, որին բոլորդ ականատես եք եղել: Իջևան չգնալով՝ կարող էր լինել շատ անհասկանալի հետևանքներ:

Ինչ վերաբերում է կոմպրոմատների խնդրին: Ես իմ կյանքում որևէ բան չեմ արել, ինչից կամաչեմ, և ինձ վրա կոմպրոմատներ ուղղակի լինել չեն կարող: Ես ինչ արել եմ, կարող եմ հրապարակային նույնը կրկնել: Այդքան բան:

– Ներեցեք, դա բավարար չէ:

– Ինչո՞ւ:

– Կանխելու համար, ես արդեն քաղաքական տեխնոլոգիաներից եմ խոսում, առաջին հերթին անհրաժեշտ է, նույնիսկ չեմ ասում՝ ստեղծել, այլ որոշ բաներ ավելի թափանցիկ դարձնես, որպեսզի զրկես այդ կոմպրոմատներն օգտագործելուց: Սա որպես մեթոդոլոգիա եմ ասում:

– Պարոն Ավետիքյան, այստեղ ներկա գտնվող մարդիկ բոլորը գիտեն այն օդում կախված խոսակցությունները, որոնք վերաբերել են ինձ: Ես խնդրում եմ, առանց կաշկանդվելու՝ այդ հարցերը տվեք, ես ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել: Այն տեղեկատվական արշավը, որը տարվում էիմ նկատմամբ, այս վերջին շրջանը ցույց տվեց, որ ամբողջը սուտ է: Ստի վրա է կառուցված իմ դեմ տարվող ողջ տեղեկատվական արշավը: Չկա մի դեպք, որն իրականությանը համապատասխանում է: Եթե հիշում եք, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, մի քիչ ավելի լայն ֆորմատով հավաքվեցինք, պարոն Աբրահամյանն էլի առաջին հարցը հնչեցրեց՝ բիզնեսների հետ կապված: Ուզում եմ մեկ օրինակ բերել: Մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերով մի ռեպորտաժ են ցույց տալիս, որտեղ ուսումնասիրում են բենզինի և դիզվառելիքի շուկան: Ասում են՝ դաշտում հիմնական ներկրողներն են էսինչյան էսինչը, էսինչյան էսինչը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայր Գագիկ Վանեցյանը: Չեն ասում՝ Գագիկ Վանեցյանը, ասում են՝ ԱԱԾ նախկին տնօրենի հայր Գագիկ Վանեցյանը՝ ուշադրությունը սևեռելով դրա վրա: Հետո սենց կամաց, ինչ-որ մի տողով ասում են, որը 2019թ. ներկրումներ չի իրականացրել: Դրան բայց ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում: Հետո՝ հիմնական խաղացողները սրանք են, սրանք են, սրանք են… Հիմա ես ձեզ ուզում եմ մի բան պատմել: 2018թ. մայիսին, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, հայրս նավթամթերքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերությունում ուներ որոշակի փայաբաժին: Որպեսզի շահարկումներից հեռու մնանք, ես խնդրել եմ հորս, որ այդ ընկերությունը վաճառի ու դուրս գա: Հայրս էլ ասել է՝ բայց հարկերը վճարում են, աշխատում ենք: Հայրս ինձ ասել է՝ «ես երբեք պետական աշխատանքի չեմ աշխատել, ԽՍՀՄ փլուզումից հետո մշտապես եղել եմ բիզնեսի մեջ: Հանցագործությո՞ւն է բիզնես անելը»: Ասել եմ՝ ես քեզ խնդրում եմ՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար՝ դուրս արի: Դուրս է եկել: Այնուհետև իմ խնդրանքով նաև դադարեցրել է իր գործունեությունը, դա էլ գաղտնիք չէ, ծաղիկի ներկրումների շուկայում: Դրանք փաստեր են, որոնք կան: Դա ֆիքսված է հարկային մարմիններում, մաքսային մարմիններում: Ինչո՞ւ նաև ծաղիկի ոլորտում, որովհետև դա էլ էր շահարկվում, որովհետև հասարակության մեջ կա տպավորություն, որ ծաղիկը, դիզվառելիքն ինչ-որ մենաշնորհային բաներ են: Իմ խնդրանքով դադարեցրել է 2018թ. մայիսի 10-ից: Կարող են բոլորը հանել և նայել: Մնացել է մեկ ընկերություն, որտեղ շարունակում է իր գործունեությունը: Դա տրանսպորտային ընկերություն է: Այդ ընկերությունն ունի մեծ վարկային պարտավորություններ, և այն պետք է շարունակի գործել, որ այդ վարկերը մարի: Ու, բացի այդ, ի վերջո, դա հանցագործություն չէ, չէ՞, բիզնեսով զբաղվելը:

– Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՞տը…

– Այ հիմա գանք դրան: Այդ վերջին ընկերությունը տրանսպորտային ընկերություն է, որն այլ հաճախորդների մեջ ունի նաև ԶՊՄԿ-ն, այսինքն՝ այնտեղից տեղափոխում է բեռներ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ:

– Ինչպես «Ապավե՞նը», և ա՞յլն…

– Այո: Այդ պայմանագիրը գործում է 2013թ. դեկտեմբերից: Այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, ես Էրեբունու ԱԱԾ  բաժնի պետն եմ եղել, ու այդ ընկերությունը գործում է: Այն ժամանակահատվածից, երբ ներդրվեց «օրինապահ հարկատու» գաղափարը, այդ տարվանից չի եղել մի տարի, որ այդ ընկերությունը չընդգրկվի «օրինապահ հարկատու» ցանկում: Հարկերը վճարում է, աշխատատեղեր ստեղծում է, օրինական աշխատում է: Ու փաստերը շրջելով՝ ասում են՝ այդ ընկերությունը փայաբաժին ունի Քաջարանի կոմբինատում: Հիմա խնդրում եմ՝ ցույց տվեք՝ որտե՞ղ է այդ փայաբաժինը: Դա նորից տեղավորվում է այն ստի քարոզչության մեջ, որն իմ դեմ իրականացվում է վերջին արդեն մի քանի ամիսներին:

– Հիմա դա հիբրիդայի՞ն է:

– Հիբրիդային է, թե չէ, ես չգիտեմ: Ես, անկեղծ ասած, գիտեմ հիբրիդային պատերազմի մասին, բայց մնացած հիբրիդայինների մասին չգիտեմ:

Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի հետ ունեցած կապերի մասին

– Պիտի խնդրեմ մի քիչ էլ Ձեր կապերի մասին խոսեք, որովհետև նաև այդ մեղադրանքներն են հնչում, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապեր, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան…

– Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք իր հետ չեմ հանդիպել: Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Երկուսին էլ գիտեմ՝ որպես մեր երկրի Երկրորդ և Երրորդ նախագահներ: Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, որովհետև բոլոր նրանք, ովքեր ծնվել են Երևան քաղաքում, դպրոց են գնացել, շփվել են իրար հետ, կողքի դպրոց են գնացել, խաղացել են, կռվել են, բարիշել են… Եվ այլն… Այո, Միքայել Մինասյանին ճանաչում եմ: Միքայել Մինասյանի հետ ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ:

– Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել, որտե՞ղ, ի՞նչ թեմայով:

– Այդ հարցին եկեք պատասխանեմ այսպես: Վերջին անգամ Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ:

– Իսկ ի՞նչ հանձնարարությամբ:

– Բովանդակության մասին գիտեն 3 հոգի, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ես և ևս 2 հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն (Ա.Վանեցյանը, Ն. Փաշինյանը և Մ. Մինասյանը,- «168 Ժամ»): Մնացած հարցերով, խնդրում եմ, դիմեք իրենց:

– Իսկ Կադիրովի հետ Ձեր կապերի մասի՞ն…

– Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել, որպեսզի չվտանգեն այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում, մեր երկրի համար: Կարծում եմ՝ առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կիրականանան, և մեր հանրությունը կտեղեկանա, ու ես այդ ժամանակ կպատմեմ բոլոր մանրամասների մասին: Ռամզան Կադիրովին ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ, գիտեք, հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է:

– Ռուսական КГБ-ի հե՞տ…

– Ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունների հետ, այլև մնացած բոլոր գործընկեր հատուկ ծառայությունների հետ իմ գործունեության ընթացքում ես ունեցել եմ ակտիվ շփումներ: Մենք հանդիպել ենք տարբեր շրջանակներում, քննարկել ենք աշխատանքին վերաբերող հարցեր:

– Հիմա է՞լ:

– Իհարկե, այդ շփումների ժամանակ ձևավորվել են շատ բարիդրացիական հարաբերություններ, որոնք մինչ օրս պահպանվում են: Բայց պահպանվում են շատ բարիդրացիական հարաբերությունները զուտ նրա մեջ, որ շնորհավորում են իրար Նոր տարի, ծնունդ և այլն: Այլ հանդիպումներ, քննարկումներ չկան: Դա նորից արվում է իմ դեմ տարվող տեղեկատվական արշավի շրջանակներում:

Ո՞ւմ դեմ՝ ի՞նչ հրահանգներ է տվել Նիկոլ Փաշինյանը

– Հեռախոսազրույցների գաղտնալսումից հետո, փաստորեն, եղել է Ձեր առաջին հրաժարականի դիմումը, որը չբավարարվեց, հնչեղություն չստացավ, և այլն: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ զրույցում դուք ասում եք՝ «դատավորին ասեցի՝ ուզես-չուզես՝ կալանքը (Ռ. Քոչարյանի) պտի տաս»: Եթե դա Ձեր նախաձեռնությունը չի եղել, ապա դա ո՞ւմ հրահանգն է եղել:

– Նախ սկսենք նրանից, որ այդ հեռախոսազրույցը, գաղտնալսումը մոնտաժված է: Դա մի խոսակցություն չէ: Դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է, և այդ գաղտնալսումը ներկայացված է այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ ես ազդեցություն եմ ունեցել դատական իշխանությունների կամ դատավորների վրա: Նման բան երբևիցե չի եղել: Ես երբեք որևէ դատավորի հետ որևէ քրեական գործի շրջանակներում զրույց չեմ ունեցել:

– Անվանական եմ հարցնում Ձեզ, խնդրում եմ՝ պատասխանեք: Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնարարականներ եղե՞լ են կոնկրետ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, Հրայր Թովմասյանի, Միքայել Մինասյանի և այլ քաղաքական ընդդիմախոսների վերաբերյալ:

– Հանձնարարականը եղել է հետևյալը: Որ անկախ նախկին զբաղեցրած պաշտոնից ու ներկայիս զբաղեցրած դիրքից՝ բոլոր նրանք, ովքեր խախտել են ՀՀ օրենքները, պետք է ենթարկվեն պատասխանատվության, և ես ի պաշտոնե կատարել եմ ինձ վրա դրված խնդիրները, և դուք տեղյակ եք, թե քանի-քանի մարդ է ենթարկվել քրեական պատասխանատվության: Ի դեպ, քանի որ հարցրեցիք, ուզում եմ մի բան շեշտադրել: Իմ հրաժարականից հետո  եղան կարծիքներ, և դրանք համատարած կարծիքներ էին, որոնք տարածվում էին պետական քարոզչամեքենայի կողմից, որ Արթուր Վանեցյանը հովանավորել է նախկին իշխանություններին, չի թողել նրանց նկատմամբ հարուցվեն քրեական գործեր, նպաստել է նրան, որ հեռանան, և այլն: Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, իսկ դա ինձ ոչ մեկը չէր արգելել հայտարարել, անմիջապես հետո, բայց ես թողեցի, որ անցնի 5-5.5 ամիս: Հարց է առաջանում՝ ինչի՞: Եկեք հիմա փաստերով խոսենք: Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից ենթարկվել քրեական պատասխանատվության, և քանի՞ լումա գումար է վերադարձվել, այսպես կոչված, թալանված, կոռուպցիոն փողերից: Եթե այստեղ նստած մարդիկ մեկ դեպք ինձ կհիշեցնեն, ես ներողություն կխնդրեմ: Ինչ վերաբերում է, որ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ես տեղեկատվություն եմ փոխանցել, որպեսզի կարողանան երկրից գնան: Հիմա բերում եմ մեկ օրինակ: Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը: Հայտնի օֆշորի գործը: Քրեական գործի վերաբացելու եղանակը մեկն է: Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրեական գործը վերաբացել և քննություն իրականացնել: Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ քրեական գործը: Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչո՞ւ իրենք չհամաձայնեցին, որ այդ գործը վերաբացվի, այն վերադարձվել է մեզ:

– Ովքե՞ր:

– Գլխավոր դատախազությունը: Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչի՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչի՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու համար: Դրա մասին գիտի նաև վարչապետը: Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ: Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու: Ես նորից կրկնում եմ՝ ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, որպեսզի, այսպես կոչված, թալանված փողերը վերադարձնենք պետական բյուջե: Արվել են, և օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ: Այո, կան այսօր էլի դեպքեր, որոնք էլի հնարավոր է անել, և ես կարծում եմ՝ իմ նախկին գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն:

– Ձեր հրաժարականը հետևեց Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններին: Ինչո՞ւ: Ի՞նչ կապ կա:

– Այո, իմ հրաժարականը հետևել է դրան: Կապը նա է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում, որ իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու հանգամանքը:

– Այսինքն՝ կոնկրետ հանձնարարությո՞ւն է եղել: 

– Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, բայց ուզում եմ ձեզ ասել, որ… Հրայր Թովմասյանը, անկեղծ եմ ասում, ես իրեն չեմ ճանաչել մինչև ԱԱԾ տնօրեն դառնալս: Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո, որովհետև Հրայր Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում, շատ տաղանդավոր երեխա էր, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ և արդեն ծանոթացել ենք: Եվ այն զարգացումները, որոնք եղան ՍԴ-ի շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի մասնակից լինել նման զարգացումների: Հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել, ես ասում եմ, որ իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչ, որը, ցավոք սրտի, տեղ չի հասել:

– Պարոն Վանեցյան, երբ ես հարցնում էի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հրայր Թովմասյանի անունները նշելով, նկատի ունեմ՝ կոնկրետ հանձնարարականներ՝ ինչ-որ բան գտնել և նստացնել, եղե՞լ է, թե՞ ոչ:

– Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ: Ես չեմ ուզում մասնավորեցնել: Մենք կատարել ենք մեր աշխատանքը: Ես խնդրում եմ՝ ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հարցերից դուրս գանք, և խնդրում եմ՝ մեր զրույցը կառուցենք…

– Մի ճշտում էլ, պարոն Վանեցյան, որովհետև նույնը նաև Փաշինյանին Կապանում ասուլիսի ժամանակ հարցրեցին, թե՝ կա՞ ինչ-որ բան, որ Վանեցյանը կարող է հրապարակել, և Նիկոլ Փաշինյանը դրանից կանհանգստանա: Ձեզ եմ հիմա հարցս ուղղում՝ ունե՞ք ինչ-որ բաներ, որոնք հրապարակելու դեպքում Փաշինյանը կարող է խնդիրներ ունենալ:

– Ես երբևիցե չեմ հրապարակի մի բան կամ, մամուլի լեզվով ասեմ՝ «սլիվ» անենք մամուլ, հետո այդտեղից վերցնենք, սարքենք՝ որպես իրականություն… ես միշտ պայքարել եմ «սլիվների» դեմ, միշտ պայքարել եմ պետական գաղտնիքի պահպանման համար, և պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձնից երբևիցե չսպասեք: Իսկ հիմա, եթե ես ձեզ ասեմ, որ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ինձ ուղղակի անլուրջ մարդու տեղ կդնեք: Ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում՝ այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի: Իսկ բոլոր նրանք, ովքեր շատ մտահոգված ասում են, որ Վանեցյանը տիրապետում է պետական գաղտնիքի, նրան պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ, նրան պետք է մեկուսացնել, նա հես ա՝ կհրապարակի, էս կանի, էն կանի, այդ բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում են, երկու-երեք ամիս առաջ «Ժողովուրդ» թերթում մի հարցազրույց է եղել, ԱԱԾ նախկին աշխատակից տվել է մի հարցազրույց, որն առնվազն երկու-երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել: Ինչո՞ւ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվում այդ մարդը, որը հրապարակել է պետական գաղտնիք:

– Բայց մեղսունա՞կ է:

– Այո, նրա անմեղսունակ լինելու վերաբերյալ փաստաթղթեր չկան բժշկական:

– Բայց Դուք մի կողմից՝ ասում եք, որ երկրին վտանգներ են սպառնում, մյուս կողմից ասում եք՝ բաներ կան, որ չեմ հրապարակի: Մենք չենք ասում՝ հրապարակեք պետական գաղտնիքներ, բայց եթե երկրին սպառնացող վտանգների թվում նաև վարչապետի այս կամ այն հանձնարարությունն է, կամ ինչ-որ ոլորտների մեջ ներխուժելն է, վտանգավոր հանձնարարականներ տալն է, ես կարծում եմ, որ Դուք պարտավոր եք դրանք հրապարակել: Դրանք չհրապարակելն էլ հանրության առաջ անպատասխանատու պահվածք կդիտվի Ձեր կողմից:

– Ես իմ քաղաքական գործունեությամբ կփորձեմ այդ վտանգները չեզոքացնել, և մեր հայրենակիցները երբեք ինձ չեն մեղադրի ինչ-որ մի բան իմանալու և թաքցնելու մեջ:

– Քանի որ Միհրան Պողոսյանի մասին խոսեցիք, ավելի քան վստահ եմ, որ երբ հրապարակային դառնա այսօրվա հանդիպումը, բոլորին հետաքրքրելու է, ես ուզում եմ, որ Դուք պաշտոնապես ասեք՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն ի՞նչ պատճառաբանություն են առաջ քաշել, որպեսզի հետագայում…

– Ես հիմա բառացիորեն չեմ կարող հիշել: Եղել է հետևյալը, որ՝ հարուցեք առանձին քրեական գործ, քննությունը տարեք, հասեք նորից այստեղ, հետո բան կանենք: Այդ ընթացքում Միհրան Պողոսյանը երկրից գնաց, և վերջ: Դուրս եկավ, որ Արթուր Վանեցյանն է մեղավոր, որ Միհրան Պողոսյանը երկրից գնաց: Բայց մարդու ազատ տեղաշարժի իրավունքը որևէ մեկը սահմանափակելու իրավունք չունի: Վերջ:

– Գաղտնալսման պատմությունը. ո՞ւմ անփութությունն էր այդտեղ, Ձե՞ր, թե՞ Ձեր զրուցակիցներ Փաշինյանի և Խաչատրյանի:

– Ես կարծում եմ՝ դա բոլորի անփութությունն էր, ես շատ ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել: Իրականում, իմ ողջ աշխատանքային կարիերայի մեջ դա ինձ համար ամենացավոտ և անդուր կետերից մեկն է, բայց եղել է այն, ինչ եղել է, և ես չեմ առաջինը և վերջինը պետական պաշտոնյաներից՝ աշխարհով, որ ընկել են նման պատմության մեջ:

– Սովորական բջջային կապո՞վ էր Ձեր խոսակցությունը:

– Այո, ցավոք սրտի:

– Ինչո՞ւ չբացահայտվեց մինչ օրս:

– Այդ հարցի հասցեատերը Քննչական կոմիտեն է:

– Օրերս Հ1-ով մի ռեպորտաժում նշվում էր, որ ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկացրել են, որ փաստաբան Օրբելյանը ելք ու մուտք է արել ՍԴ, մուտքերը չեն ֆիքսվել, դա Ձեր պաշտոնավարման շրջանում է եղել: Այդ ընթացքում ինչ-որ գործողություննե՞ր են կատարվել այդ ինֆորմացիային տիրապետելու:

– Անկեղծ ասած՝ մանրամասներին չեմ տիրապետում այդ տեղեկատվության, տիրապետում եմ այնքանով, որքանով՝ Դուք, և ես չգիտեմ՝ ոնց են հիմնավորել ՍԴ մուտք-ելքը, ամեն դեպքում այլ տեղեկություն չունեմ:

– Եթե ավելի դիպուկ ու գեղեցիկ ձևակերպենք, կարելի է ասել, որ մենք բոլորս ականատեսն ու մասնակիցն ենք, թե՛ սեփական պարտականությունների, թե՛ ցուցումների, թե՛ քաղաքացիների, թե՛ պետական ինստիտուտների նկատմամբ ծայրահեղ վոլյունտարիստական մոտեցման, ինչը հատկապես նկատելի է մեր վարչապետի կողմից: Եվ բոլորն այդ մասին գրում են՝ թե՛ կոնկրետ կազմակերպություններ, թե՛ առանձին մարդիկ փորձում են Սահմանադրության և թե իրենց իրավունքների սահմաններում, քիչ թե շատ, գոնե, իրենց մոտեցմամբ ու ձևակերպումներով ասել՝ ինչ է տեղի ունենում: Հիմա մենք պետք է պարզապես ընդունենք, որ այդ իմաստով հեռանկարներ չունենք, որովհետև ճնշվում են լուծումները, մոտեցումները: Դրանք բացարձակապես կապ չունեն ո՛չ օրենսդրության, ո՛չ էլ, կոպիտ ասած, մեր երկրի ժողովրդավարական զարգացման հետ: Մեր զրույցի ամենասկզբում Դուք ասացիք, որ Ձեր կուսակցությունը բացառապել գործելու է Սահմանադրության շրջանակներում: Ի՞նչ եք կարծում, շատ օրենքների ու Սահմանադրության հոդվածների միաժամանակյա այսպիսի տոտալ խախտումների պայմաններում հնարավո՞ր է արդյոք հակադարձել այդ աներևակայելի ճնշմանը:

– Մենք կանենք հնարավորը:

– Ինչպե՞ս հասնել նպատակին:

– Նպատակին հասնելու համար պետք է խոսել ժողովրդի հետ, բացատրել ժողովրդին քո տեսլականը և քայլել առաջ:

– Քայլերի հերթականությունը տեսնո՞ւմ եք այդ առումով:

– Քայլերը հետևյալն է՝ քաղաքական ուժի ձևավորում, ակտիվ շփում ԶԼՄ-ների և ժողովրդի հետ, որի ընթացքում կհասկանանք տրամադրությունները՝ հասարակության մեջ տիրող, այդ ընթացքում կլինեն շատ ակտիվ քաղաքական հանդիպումներ, քաղաքական կոնսուլտացիաներ՝ տարբեր քաղաքական ուժերի, պետական գործիչների, քաղաքացիական գործիչների, հայտնի մարդկանց, մտավորականության հետ, կլինեն հանդիպումներ, կներկայացնենք մեր տեսակետները, կլսենք իրենց տեսակետները, միասնական կախտորոշենք մեր երկրում ստեղծված իրավիճակը և կփորձենք գնալ առաջ:

– Ո՞րն է լինելու Ձեր նախաձեռնության տարբերությունն այն ամենից, ինչ այսօր արդեն կա:

– Ես ինքս փորձելու եմ հեռու մնալ անցյալից, հորդորելու եմ մեր ժողովրդին անել նույնը, և մենք բոլորս միասնական լուծումներ ենք գտնելու և գնալու ենք առաջ: Ես շրջելու եմ ժողովրդի մեջ, լսելու եմ նրանց մտահոգությունները, ներկայացնելու եմ իմ մտքերը և մտահոգությունները, և մենք միասին կարողանալու ենք ժողովրդին բացատրել, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ճիշտ չէ: Եթե ժողովուրդը կընկալի, կհասկանա և մեզ կաջակցի, ուրեմն, մենք կկարողանանք բերել առաջ մեր օրակարգը, եթե ժողուրդը չի աջակցի, քաղաքական ուժերը մեզ չեն աջակցի, մենք կհասկանանք, որ չենք կարողանում հասնել մեր դրած նպատակներին, ուրեմն կմտածենք ուրիշ ճանապարհ: Ոչ թե ձեռքներս կծալենք, կհիասթափվենք, կգնանք, այլ կմտածենք ուրիշ ճանապարհ:

– Դուք է՞լ եք այսօրվա իշխանությունների նման՝ այն կարծիքին, որ նախկինում որևէ լավ բան չի եղել, այսինքն՝ մոռանա՞նք անցյալը…

– Մի հատ լավ բառ կա, չէ՞, հիմա, ասում են՝ աննախադեպ: Ես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մի աննախադեպ հայտարարություն եմ արել, որի համար շատ քննադատվել եմ: Երբ որ Ռոբերտ Քոչարյանին բոլորը սևացնում էին, նախկիններին բոլորը սևացնում էին, ես հրապարակային ասացի՝ ո՞վ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը միայն վատ բաներ է արել: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ բաներ է արել: Նույնը վերաբերում է նախկին իշխանությունների ցանկացած ներկայացուցչի: Չկա մարդ, որ բացառապես վատ բաներ է արել կամ բացառապես լավ բաներ: Մարդիկ նրա համար են, որ անեն համ լավ բաներ, համ վատ բաներ:

– Հարցը Ձեր հայտարարության հետ կապված է: Բաց հասարակությունների հիմնադրամների հետ կապված՝ Դուք հայտարարություն էիք տարածել, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանի ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում: Հայաստանում, գիտենք, նմանօրինակ հիմադրամներ, հ/կ-ներ շատ կան, մասնավորապես՝ Transparency International-ը, Eurasianet-ը: Դրանք է՞լ են վտանգ ներկայացնում Հայաստանի համար:

– Ինձ ուղղված հարցը հնչեցվել է՝ վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ, կարճ պատասխանել եմ՝ այո:  Հիմա մի քիչ ավելի երկար պատասխանեմ: Ես այսօրվա զրույցի սկզբում անդրադարձա քաղհասարակության կարևորությանը, նշեցի օտարերկրյա ներդրումը Հայաստան, երբ կարող է ստորադասվել պետական և ազգային շահը: Նայեք: Քաղհասարակության և հատկապես Բաց հասարակության հիմնադրամների հետ կապված՝ ես արել եմ մի հայտարարություն: Բերեմ մեկ օրինակ: Նրանք խրախուսում են, ֆինանսավորում են պացիֆիստական շարժումները: Մարդիկ հասարակության մեջ քարոզում են, կանանց ասում են՝ դուք երեխա չեք ունենում, որ տաք, գնան բանակ: Բայց մենք պատերազմող երկիր ենք: Դա մեր երկրի պետական, ազգային անվտանգության հարցն է: Հասկանո՞ւմ եք, օրակարգ են բերում, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան, սկսում են պաշտպանել: Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով մեր սովորական քաղաքացիները, իրենց տանը նստած, սթրես են ապրում: Իրենք չեն հասկանում, որ այդ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվեց, ոնց է լինելու, իրենց երեխան ինչ է անելու, և այլն, ու նմանատիպ շատ դեպքեր: Մեր ինստիտուտները… Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ տարվող հակաքարոզչությունը: Այո, նրանք նաև ֆինանսավորել են ՀԱԵ-ին: Մի անգամ 50 000 դոլարի չափով ֆինանսավորում է եղել: Բայց նաև տարվում է հակաքարոզչություն մի մարմնի շուրջ, որի շուրջ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում համախմբվել է: Ո՞նց կարելի է առհասարակ մեր եկեղեցու մասին վատ խոսք ասել: Չի կարելի: Ուղղակի չի կարելի:

– Հիմա այս կառույցներն է՞լ են վտանգ ներկայացնում:

– Դա պետք է նայել կոնկրետ իրենց գործունեությունը, ծրագրերը և յուրաքանչյուրով տալ գնահատականներ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝