ԺԱՄԱՆՑ

«Սա իմ ամենահամարձակ ֆոտոշարքն է»․ Իլոնա Նուրբեկյան

Դերասանուհի, ֆոտոմոդել Իլոնա Նուրբեկյանը համարձակ նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life֊ին և խոսել ինքնավստահության, վուլգարության և էսթետիկության իր սահմանի մասին։

Загрузка...

Իլոնան իր կերպարն այնքան էլ համարձակ չի համարում, քանի որ շեշտում է՝ ինքը համարձակության վերաբերյալ այլ չափանիշներ ունի։

«Ինչպես միշտ, ամեն ինչ հանպատրաստից ստացվեց, ոչինչ չէինք պլանավորել։ Ուզում էինք կրկին համագործակցել լուսանկարչի՝ Հարութ Թաշջյանի հետ, արդյունքում ստացանք լուսանկարներ, որոնց թեման ամեն մեկն իր պատկերացմամբ կարող է մեկնաբանել։ Այսինքն՝ կա որոշակի թեմա, ներքին ինչ֊որ վիճակ, որը ես փորձել եմ փոխանցել մարդկանց, ով ինչպես կհասկանա, կհասկանա»,֊ասաց Իլոնան։

Դերասանուհին նշեց, որ ունի համարձակության, էսթետիկի և վուլգարության սահմանագիծ․ «Անկախ նրանից, թե ինչ կերպ ես լուսանկարվում, վուլգար չես լինի, եթե չես ցանկանում լինել այդպիսին։ Վուլգարության ու էսթետիկի ճիշտ սահմանը կախված է լուսանկարվողից։ Ես որևէ ջանք չեմ գործադրել այն արդյունքի համար, որը ստացել ենք, ցանկանում էինք ներկայացնել լուսանկարների էսթետիկ շարք: Սա մինչև օրս իմ ամենահամարձակ ֆոտոշարքն է, չնայած համարձակության իմ չափորոշիչներով ես այստեղ համարձակություն չեմ տեսում: Ըստ իս՝ այն, ինչ արել ենք, նորմալ է։ Գուցե ես ավելի համարձակ եմ, քան մյուսները, համարձակության իմ չափորոշիչները մի փոքր այլ են։ Նկարահանման հրապարակում ես ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում, ոչ մի բարդույթ չունեմ, չեմ մտածում, թե քանի կտոր է հագուստս, ինչ կերպարով եմ ներկայանում։ Հոգեպես նախապատրաստվելու կարիք չեմ ունենում։ Կարևոր նախապայմաններից են ինքնավստահությունը, բարձր ինքնագնահատականը, ինչ֊որ առումով էլ, համարձակությունը»։

Բացի այս երեք նախապայմանը դերասանուհին առանձնացրեց ևս մեկը: Նա նշեց, որ իրեն ինքնավստահություն է հաղորդում նաև կազմվածքը, որը ձեռք բերելու կամ պահպանելու համար որևէ բան չի անում: «Որքան էլ տարօրինակ թվա, ես որևէ ջանք չեմ գործադրում, որ իմ մարմինը լինի այնպիսին, ինչպիսին կա․ մարզասրահ չեմ հաճախում, ուտում եմ այն ամենը, ինչ ուզում եմ, ուղղակի այդպես է ստացվել։ Թեև ինքս չեմ հաճախում մարզասրահ, սննդակարգ չեմ պահում, վստահաբար և՛ մեկը, և՛ մյուսը շատ կարևոր են գեղեցիկ կազմվածք ունենալու համար»,- ասաց նա:

Loading...