ԺԱՄԱՆՑ

Ինքնուրույն պատրաստած ընթրիք, յուրահատուկ մատուցում, լավ հիշողություն․ հայտնիների նվերները սիրելիներին՝ Վալենտինի օրվա առթիվ

Տարվա ռոմանտիկ տոնը՝ սուրբ Վալենտինը, երբեմն, սիրահարներին կանգնեցնում է բարդ հարցի առաջ՝ ի՞նչ նվիրել սիրելիին։ Tert.am Life-ն այս թեմայով զրուցել է հայ հայտնիների հետ։ Վերջիններս առաջարկել են սիրելիին զարմացնելու իրենց տարբերակները՝ անակնկալներից մինչև հետաքրքիր նվերներ։ 

Загрузка...

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն ամուսնու՝ դերասան Նարբե Պողոսյանի համար նվեր գնելիս առաջնային է համարում օգտակարության գործոնը։ Ըստ դերասանուհու՝ շատ կարևոր է նաև նվերի մատուցման ձևը, ինչն անպայման պետք է հետաքրքիր ու յուրօրինակ լինի։

Աստղիկը մտաբերեց ամուսնուն մատուցած ամենատպավորիչ նվերը․ «Սիրո տոնին Նարբեի համար գնել էի իր հավանած հագուստը, որոշեցի յուրահատուկ ձևով մատուցել այն ու մյուս շորերի հետ դրեցի իր պահարանում։ Առավոտյան սովորականի պես պետք է բացեր պահարանի դուռն ու տեսներ նվերը։ Բայց առավոտյան Նարբեն հակառակի պես ասաց, որ ուզում է տանը մնալ։ Ես սկսեցի երկար համոզել նրան, որ գործեր ունի, դուրս գա, ինչու է ուզում տանը մնալ։ Վերջը կարողացա այնպես անել, որ որոշումը փոխի։ Նա վեր կացավ, բացեց պահարանի դուռն ու շատ զարմացավ։ Հետաքրքիր նվեր ստացվեց, մի փոքր էլ զվարճալի»։

Հարցին, թե ինչ կարելի է ընտրել աղջիկների համար, դերասանուհին ծիծաղելով պատասխանեց, որ ինքը միշտ ակնարկում է, թե ինչ կցանկանար ունենալ․ «Տոներին ընդառաջ միշտ ուղղորդում եմ, թե ինչ կարելի է գնել, ինչը շատ է օգնում։ Ես չեմ սիրում չօգտագործվող նվերներ, կարծում եմ, պետք է ընտրել այնպիսի նվեր, որը պետքական կլինի, բայց խոսքս ծրարի մասին չէ։ Գումարի տեսքով նվեր չեմ ստացել, չգիտեմ, թե ինչպես կարձագանքեմ, շատ հաճելի է, երբ սիրելիդ ինքն է նվեր ընտրում քեզ համար»։

Երգչուհի Սյուզի Մելիքյանն առաջարկում է նվեր ընտրելիս ուշադրություն դարձնել սիրելիի նախաիրություններին։ «Եթե ընդհանրացնեմ, կարծում եմ, օծանելիքը միշտ ցանկալի նվեր է։ Սակայն վերաբերմունքն ու սերը ամենակարևորն են: Դրանք պետք է միշտ լինեն։ Տղամարդուն պետք է հետաքրքիր հիշողություն նվիրել՝ ինչ-որ արարքի կամ հիշարժան անակնկալի տեսքով»,- ասաց երգչուհին։

Սյուզին նկատեց, որ տղաների գործն ավելի բարդ է, քանի նվերի հարցում աղջիկներն ավելի պահանջկոտ են․ «Հատկապես սիրո տոնին, ըստ իս, ամենալավ երևույթը մեծ ու իրական սեր նվիրելն է, որը յուրաքանչյուր աղջկա կարող է երջանկացնել։ Առհասարակ, մարդկային հարաբերություններում սերն ամենամեծ պարգևն է, որը մեր օրերում այնքան է քչացել, որ դրա գոյությունն արդեն իսկ իրական նվեր է։ Բոլորին սեր, սեր ու միայն սեր եմ մաղթում»։

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հաճախ է անակնկալներ մատուցում սիրելիին՝ դերասան Գոռ Համբարձումյանին և մի քանի գործանական խորհուրդ տվեց․  «Ես չեմ սիրում Վալենտինի տոնին կոնկրետ մի բան նվիրել, ամբողջ օրը պետք է տոն դարձնես սիրելիիդ համար։ Անակնկալ պատրաստելու կարևոր նախապայման է շատ ուշադիր լինել սիրելիի ցանկություններին՝ ինչ է նա ուզում, ինչին է ուշադրություն դարձնում, ինչի մասին է խոսում։ Կարևորում եմ, որ իմ նվերը ցանկալի ու անհրաժեշտ լինի։ Պետք է նաև մի քիչ գաղտնապահ լինել ու չասել՝ ես քեզ համար անակնկալ ունեմ։ Նման պարագայում անակնկալը փչանում է։  Հակառակը՝ կարող ենք տրամադրել, որ ուղղակի սովորական օր է, իրեն ոչինչ չի սպասվում ու մեկ էլ՝ մեծ անակնկալ։ Օրինակ, կարելի է երեկոյան ժամանդրության հրավիրել, սեփական ձեռքերով տղամարդու սիրելի ուտեստը պատրաստել ու մատուցել»։

Մարիամը ևս մտածում է, որ աղջիկների համար նվեր ընտրելը շատ բարդ գործ է, սակայն տղամարդկանց օգնության է հասնում «հաղթական» մի տարբերակ, որը միշտ արդարացված է․ «Մեր դեպքում միշտ լուծում կա՝ կոնֆետներ, շատ-շատ քաղցրավենիք ու կոսմետիկ միջոցներ։ Սիրո օրը պետք է մինչև վերջին վայրկյանը սիրով լցնել, յուրահատուկ ու հիշարժան դարձնել»։

Loading...