ԺԱՄԱՆՑ Շոու-Բիզնես

«Հաճախ եմ Մելանին ծաղիկներ նվիրում». Աշոտ Ղազարյանի և կնոջ սիրո պատմությունն ու երջանկության բանաձևը

Աշոտ Ղազարյանը սուրճ չի սիրում, բայց կնոջը պարբերաբար առաջարկում է միասին սրճել, որպեսզի նա մենակ չլինի, ինքն էլ ուրախանում է, երբ տեսնում է նրա ոգևորությունը: Նրանք ամուսնացած են արդեն 43 տարի, առ այսօր խոսելիս իրար ձեռք են բռնում, իրար մասին խոսում են մեծ հիացմունքով ու ոգևորությամբ: Պարոն Ղազարյանը երբեք չի մոռանում ծաղիկներ նվիրել սիրելի կնոջը:

Загрузка...

Վալենտինի օրվա առթիվ Tert.am Life-ը հյուրընկալվել է զույգին և պարզել մեծ սեր և ամուր ընտանիք ունենալու գաղտնինքները:

Երկուսով երբեք չենք ձանձրանում

Դերասանն ու կինը հիմա մենակ են ապրում, նրանց դուստրը՝ Մագան, ամուսնությունից հետո ապրում է Սոչիում, որդին՝ Արմանը, կնոջ և երեխաների հետ առանձին է ապրում, թեև հարևանությամբ: Թե՛ Աշոտ Ղազարյանը, թե՛ տիկին Մելանյան, շեշտում են, որ երիտասարդ զույգի համար շատ կարևոր է առանձին ապրելը: Իրենք երբեք չեն սրտնեղել այդ փաստից, հատկապես, որ մոտ են ապրում:

Դերասանն ու կինը երբեք չեն ձանձրանում մենակությունից: Բացի այն, որ շատ հյուրասեր են, սիրում են հյուրեր ընդունել, հյուր գնալ, հաճախ երեխաների հետ են ճաշում, սիրում են նաև միասին ժամանակ անցկացնել:

Անկախ նրանից, թե ժամը քանիսին են տուն եկել, երեկոյան միասին նստում ենն հյուրասենյակում, դիտում դերասանի մասնակցությամբ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը: Տիկին Մելանյան, որը միշտ առանձնանում է իր եռանդուն բնավորությամբ, հաճախ համեղ ուտեստներ է պատրաստում ամուսնու համար:

43 տարի է՝ իմ ու Մելանի համար ամեն օր սիրո տոն է

Վալենտինի օրը նշելու սովորություն նրանք չունեն, բայց շեշտում են, որ իրենք տոների պակաս չեն ունենում: «Առանց դերասանության եմ ասում՝ իմ ու Մելանի համար ամեն օր սիրո տոն է՝ արդեն 43 տարի: Ես չեմ սպասում տոներին, որ իր համար նվեր գնեմ: Ինձ համար տարվա 365 օրն էլ Մարտի 8 է: Մենք, իսկապես, այդպես ենք ապրում»,- ասաց դերասանը, տիկին Մելանյան էլ հավելեց, որ ամուսինը սիրում է իրեն ծաղիկներ նվիրել. «Երբ նոր էինք ամուսնացել, Աշոտը ռեստորանում էր աշխատում, որի հարևանությամբ ծաղկի կրպակ կար: Ամեն օր աշխատանքից հետո ծաղիկներ էր բերում ինձ: Կարող է մի վարդ լիներ, բայց այնքա՜ն էի ուրախանում: Ես շատ եմ սիրում ծաղիկներ: Ինքս էլ եմ ինձ համար ծաղիկներ գնում, թեև Աշոտն ու Արմանը թույլ չեն տալիս, որ դրանց պակասն ունենամ: Ես շատ եմ սիրում յասամաններ: Աշոտն ու տղաս մրցակցում են, թե ով առաջինն ինձ յասաման կնվիրի: Այնպես է եղել, նույն օրը երկուսն էլ յասաման են նվիրել ինձ: Կարող է տանը յասաման ունենամ, միևնույն է, Աշոտն էլի ծաղիկները ձեռքին դուռը թակի»:

Դերասանը նկատեց, որ կինը նաև դաշտային ծաղիկներ է սիրում, դրանցից ևս հաճախ նվիրում է նրան: Նա շեշտեց, որ շատ կարևոր է սիրելի մարդու կյանքը անակնկալներով ու ուրախ պահերով լցնելը: «Ճիշտ սիրո մեջ կարևոր է իրար անակնկալներ մատուցելը: Երբ գիտեմ, որ հիմա բացելու է դուռն ու ուրախանա, ես էլ եմ ոգևորվում»,- ասաց նա, կինն էլ նշեց, որ համատեղ կյանքի ընթացքում շատ ուրախ ու երջանիկ պահեր է ապրել ամուսնու հետ:

Աշոտ Ղազարյանը 70 տարեկան է, տիկին Մելանյան՝ 65, սակայն նստակյաց կյանքը նրանց համար չէ: Եռանդուն կինն ամուսնուն չի խնայում այս հարցում:) «Երբ Աշոտն ասում է՝ մնանք տանը, ասում եմ՝ չէ, այստեղ գնանք, այնտեղ գնանք: Իրեն չեմ խնայում»,- ծիծաղելով ասաց տիկին Մելանյան:

Ասացի՝ 5 տարի հետո էլ եմ այսպիսին լինելու, 10 տարի հետո էլ, արի ամուսնանաք

Աշոտ Ղազարյանի ընտանիքի բարեկամները գիտեն նրա երջանկության բանաձևը. ասում է՝ Մելանյա, գումարած երեխաներ, գումարած թոռներ, բաժանած Աշոտի:) Նա ընդգշծեց, որ  գժվում են իրենց 5 թոռան համար, և դա փոխադարձ է:

Զույգը ծանոթ է դեռ պատանեկան տարիներից: Տիկին Մելանյան ապրել է Աշոտ Ղազարյանի քրոջ ընտանիքի հարևանությամբ: «Մելանը դեռ դպրոցական էր, ես էլ արդեն ուսանող էի: Այն ժամանակվանից շատ էի կրկնօրինակումներ անում: Նա ինձ դուր էր գալիս, գնում էի հյուր, ծիծաղեցնում իրենց: իր ծնողներ էլ ինձ շատ էին սիրում: Այդ ժամանակ դեռ փոքր էինք, անցան տարիներ, ինստիտուտն ավարտելուց, բանակում ծառայելուց հետո արդեն ուզում էի ամուսնանալ: Իմ ծնողներն էլ շատ սիրով ընտանիք են ունեցել, ուզում էի ես էլ նման ընտանիք ունենալ: Ուզում էի կողքիս այնպիսի աղջիկ լինի, որն ինձ համար շատ մոտ ընկեր, լավ կին կլինի, լավ մայր իմ երեխաների համար: Որոշեցի նորից հանդիպել Մելանին: Սկսեցի նորից հյուր գնալ»,- ասաց նա ու հիշեց, որ երկրորդ «առաջին» հանդիպումը կայացել է հունիսի 21-ին, 2 ամիս անց նշանվել են, ևս 2 ամիս անց ամուսնացել: Առ այսօր տոնում են այդ օրը: Պարոն Ղազարյանը կնոջն այդ օրն առանց նվերի չի թողնում:

Նրանք հիշում են, որ ընկերություն անելու շրջանում չէին փայլում ռոմանտիկությամբ, սիրո խոստովանություններն էլ շատ չէին, այդ ամենը սկսվել է ամուսնությունից հետո: Դերասանը շեշտեց, որ կարևորում էր փաստը, որ ամուսնությունից հետո հարաբերություններն ավելի ջերմանան, ոչ թե հակառակը, ինչպես հաճախ լինում է:

«Հաճախ մարդիկ ցույց են տալիս իրենց լավ կողմերը, հետո ամուսնանում են, պարզվում է՝ դա խաղ էր: Ես այնպիսին էի, ինչպիսին կայի: Մի օր հարցրեցի՝ ես քեզ այսպիսին դո՞ւր եմ գալիս, ասաց՝ այո: Ասացի՝ 5 տարի հետո էլ եմ այսպիսին լինելու, 10 տարի հետո էլ, 20 տարի հետո էլ, արի ամուսնանաք»,- պատմեց դերասանը, կինն էլ ծիծաղելով հավելեց. «Ես էլ ասացի՝ արի: Ինքն ինձ համար շատ հարազատ մարդ էր, մենք դպրոցական տարիներից շատ լավ գիտեինք իրար: Ես հասկացա, թե ինչքան լավ մարդ է ինքը: Մեզ մոտ չի եղել խոստովանություններ, թե ես քեզ սիրում եմ կգժվեմ քեզ համար: Իհարկե, այդ ռոմանտիկան հաճելի բան է, բայց պահ է գալիս, երբ ամեն ինչին ռեալ ես նայում: Իսկ հիմա շատ են լինում սիրո խոստովանություններ: Այնքան ռոմանտիկ քայլեր է անում, տարիքը կապ չունի»:

Ամեն ինչ 0-ից ենք սկսել

Իրենց համատեղ կյանքը նրանք երջանիկ են համարում, թեև դժվարին օրեր էլ ունեցել են: Տիկին Մելանյան կարևորեց, որ իրենց դժվարություններն իրար դեմ չեն եղել: Նա շեշտեց, որ բոլոր խնդիրները միասին են հաղթահարել: Զույգը հավաստիացնում է՝ ամուսնության ընթացքում ճգնաժամային փուլեր չեն ունեցել:

«Ընտանիք է, ամեն ինչ էլ լինում է, սակայն մենք իրար դեմ ինչ-որ խնդիր չենք ունեցել: Մեր վեճերը միշտ ուրիշի համար, ուրիշ թեմաներով են եղել: Հազվադեպ է եղել, որ ես ու ինքն իրար չհասկանանք: Ճգնաժամային էտապներ իսկապես չենք ունեցել»,- ասաց տկն Մելանյան, ամուսինն էլ հավելեց. «Առաջին 43 տարում չեն եղել նման փուլեր, թե հաջորդ 43 տարում ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Տիկին Մելանյան նկատեց, որ միասին են հաղթահարել իրենց բոլոր դժվարությունները: Նա ընդգծեց, որ այն, ինչ հիմա ունեն, 0-ից են ստեղծել՝ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Շատ դժվար օրեր ենք ունեցել, բայց միասին ենք եղել: Ֆինանսական խնդիրներ էլ են շատ եղել: Մենք 0-ից սկսել ենք տուն դնել, նույնիսկ մինուսից: Ինձ համար շատ կարևոր է Աշոտի արվեստը: Ես մասնագիտությամբ քիմիկ եմ, բայց 78 թվականից գնացի Աշոտի խումբ՝ որպես կոստյումեր, որպեսզի միշտ միասին լինենք: Միշտ իր կողքին եմ եղել, երբ մեր տղան մեծացավ, նա էլ միացավ մեր թիմին: Երբեք իրեն մենակ չենք թողել: Առաջ շատ դժվար էր ելույթներ ունենալ, բարեկամ, փող, թիկունք չուներ, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ իր տեղը բեմն է: Ես միշտ հավատացել եմ իրեն և այնքան գոհ եմ ճակատագրից, որ մեր շուրջը միշտ լավ մարդիկ են եղել»,- ասաց դերասանի կինը:

Իր հերթին՝ Աշոտ Ղազարյանը շեշտեց, որ կինն իրեն միշտ ուժ է տվել: Առ այսօր աջակցում է բոլոր հարցերում: «Իր շունչն էլ է ինձ օգնել: Այն, որ ինքն իմ կողքին է, արդեն մեծ օգնություն է: Իմ դպրոցը հիմնելու հարցում էլ Մելանն ինձ շատ օգնեց, իսկ դա ինձ համար այնքան կարևոր էր: Ես միշտ ասում էի, որ շատ եմ ափսոսում, որ Մհեր Մկրտչյանն իր դպրոցը չունեցավ: Ես Վարդան Աճեմյանի սանն եմ եղել, ուզում եմ իմ ստացածն ու փորձը փոխանցել երիտասարդ սերնդին: Տարին 12 ամիս ընդունելություն ունենք. տաղանդավոր երեխաներին ընդունում ենք, իրենց արվեստի միջավայրում պահում, կրթություն տալիս: Իմ սաներից շատերը տարբեր տեղերում խաղում են, դա ինձ շատ է ոգևորում: Մեկ-մեկ նյարդայնանում եմ դպրոցի առաջացրած տեխնիկական հարցերից, բայց իրենց արդյունքը տեսնելիս ոգևորվում եմ: Մելանն էլ թույլ չի տա, որ կիսատ թողնեմ դպրոցի գործը»,- ասաց դերասանը:

Loading...