Հարցազրույց

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդրում եմ մի դիմեք ինձ, ես չեմ միջնորդելու, որ Հայկ Մարությանն օգնի ձեզ. Անդրանիկ Հարությունյան

«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հաշտության, շոու-բիզնեսում քաղաքական հողի վրա առաջացած ճամբարների եւ այլ թեմաների շուրջ:

Загрузка...

-Անդրանի՛կ, առաջիկայում ի՞նչ նոր բեմական եւ էկրանային նախագծերով հանդես կգաք: Երկրպագուները ուրախանալու առիթներ կունենա՞ն:

-Այո, երկու ամսից մանկական նոր ներկայացում կմատուցենք հանդիսատեսին, բացի այդ, պլանավորում ենք Ռաֆայել Երանոսյանի հետ ֆիլմ նկարել, իսկ «Դեպուտատի շոու» նախագծի շրջանակում կշարունակենք ներկայացնել նոր, հետաքրքիր երգեր: Մի խոսքով, 2020-ին եւ, առհասարակ, մինչեւ մեր վերջին շունչը փորձելու ենք հանդիսատեսին եւ հեռուստադիտողին ժպիտ պարգեւել:

-Հայկ Մարությանի եւ Մկրտիչ Արզումանյանի հաշտությունը բավական բուռն կերպով քննարկվեց օնլայն տիրույթում: Դուք եւս անդրադարձաք դրան: Ի՞նչ եք կարծում, երբեւէ հնարավո՞ր է նորից Ձեր նախկին կազմով համագործակցեք:

-Միանշանակ, պատկերացնում եմ: Իրոք, կարոտում եմ միասին անցկացրած մեր օրերը: Մինչեւ այսօր էլ, չխախտելով ամենամյա ավանդույթը, ամեն Ամանորին հավաքվում ենք Հայ Մարությանի տանը, նշում ենք Նոր տարին: Նա մեր աչքին, մեզ համար չի փոխվել եւ մնում է մեր ընկերը, բայց թո՛ւյլ տվեք մի խումբ անձանց կոչ անել. խնդրում եմ, այլեւս երբեք մի՛ դիմեք ինձ՝ ասելով. «Հայկը քո ընկերն է, թող մեզ այսինչ հարցում օգնի»: Հայկը իմ ընկերն է,բայց ես սիրում եմ նրա հետ միայն ընկերություն անել, իսկ գործնական թեմաներով բացարձակ չենք զրուցում: Իսկ Հայկի եւ Մկոյի հանդիպման պահն իսկապես հուզիչ էր: Մոտավորապես 4-5 տարի նրանց մտերմությունը շատ սերտ չէր, չգիտեմ՝ ինչն էր պատճառը: Իսկ երբ նրանք գրկախառնվեցին, հուզվեցի: Լեւոն Հարությունյանն ասում է՝ երբ Հայկն ու Մկոն փաթաթվեցին, Իվան՝ Հայկի կինը, սկսեց արտասվել, այդ պահին Լեւոնն ինքն էլ է հուզվել: Այնպես որ, շատերին է ուրախացրել նրանց հանդիպումը:

-Գաղտնիք չէ, որ քաղաքական հողի վրա շոու-բիզնեսում երկու տարբեր ճամբարներ են գոյացել՝ իշխանամետ եւ ընդդիմադիր: Ինչպե՞ս եք զգում Ձեզ այդ մթնոլորտում, արդյոք եղե՞լ է, որ քաղաքական կողմնորոշման պատճառով որեւէ մեկի հետ հարաբերություններ փչացնեք:

-Նախ ասեմ, որ բոլոր իշխանությունների օրոք ես լավ եմ ապրել, երբեւէ որեւէ բանի կարիք չեմ ունեցել, ոչինչ չի խանգարել ինձ ապրել եւ արարել: Պարզապես մի «բայց» կա.նախորդ իշխանությունների օրոք ժողովուրդը վատ էր ապրում, իսկ հիմա հնարավորություն ունի լավ ապրելու: Ոչ մեկին ո՛չ դեմ եմ, ո՛չ կողմ, պարզապես ուզում եմ, որ մեր ազգը ժպիտով, ուրախ ապրի, ինչպես 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Ինչ վերաբերում է շոուբիզնեսյան մթնոլորտին, ասեմ, որ բոլորի հետ մտերիմ եմ, ունեմ ջերմ հարաբերություններ՝ անկախ քաղաքական հայացքներից: Ես չեմ ուզում ասել՝ այսինչը սխալ է, որ այնինչի կողմն է…Բոլորս հայ ենք, պետք է միաբան լինենք, փորձենք գոնե մի օր մեկս մյուսին ժպտալու հնարավորություն տանք:

-Ձեր սքեչերում, սթենդ-ափ ներկայացումներում առաջիկայում ե՞ւս կանդրադառնաք քաղաքական թեմաների, ինչպես դա արել եք, օրինակ, «Գլամուրային չոբանների» կամ «Բումերանգի» դեպքում:

-Քանի որ փոքր ազգ ենք, բավական քաղաքականացված ենք, եւ այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր ներկայացման մեջ անդրադառնում ենք քաղաքական թեմաների: «Բումերանգը», այո, հիմնականում քաղաքական թեմայով է եւ կարծես այսօրվա քաղաքական դաշտի արտացոլանքը լինի: Օրինակ՝ նախորդ իշխանությունները ինչպես ներկայացման մեջ, այնպես էլ իրականում պատժվում են իրենց արածների համար: Մեր երգերում եւս կանդրադառնանք քաղաքական թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Բաբաջանյան. Էդգար Բաղդասարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...