TV, ԿԻՆՈ

«Ելենայի հետ խոսակցությունն ինձ շատ օգնեց». Էլեն Սարգսյանը՝ «Շիրազի Վարդում» գլխավոր դերի, անձնակազմի հետ հարաբերությունների և 2 կրթություն ստանալու մասին

Ելենա Արշակյանի նոր «Շիրազի Վարդը» հեռուստասերիալը առանցքային դարձավ երիտասարդ դերասանուհի Էլեն Սարգսյանի կարիերայում: Թեև լսարանն Էլենին տեսել էր «Անհայտ բաժանորդը» ֆիլմում, հետագայում ճանաչել «Վերջին ուսուցիչը» նախագծով, առավել մեծ հայտնիություն նրան բերեց «Շիրազի Վարդը»:

Загрузка...

Առաջին մասնագիտությամբ ռեժիսոր, երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան, աշխատանքով՝ դերասանուհի Էլենը Tert.am Life-ին պատմել է մասնագիտական ուղղությունը փոխելու որոշման և նոր նախագծում ընդգրկվելու ոգևորության մասին:

Էլենը մեծ ոգևորությամբ է խոսում Վարդի մասին: Որպես դերասանուհի՝ նրան շատ հետաքրքիր է կերտել այս կերպարը: Իրանցիների ընտանիքում մեծացած աղջկա դերը ստանձնելիս Էլենը պատասխանատվություն էր ստանձնել նաև խոսել պարսկերեն: Նրա համար դա բավականին բարդ էր, բայց և հաճույքով էր անում: Պարսկերենի չի տիրապետում, բայց երկար աշխատում է ճիշտ հնչողությամբ բնական խոսք ունենալու համար:

«Պարսկերեն սովորելը շատ դժվար է: Երևի թե, դերիս ամենամեծ դժվարությունն էր: Մեր ռեժիսորը՝ Քաջայրը, ինձ օգնում է, որպեսզի տեքստը սովորեմ, ճիշտ հնչողությամբ արտասանեմ: Տեքստը հայերեն տառերով գրում է, անգիր եմ սովորում: Տեսարաններում իսկապես ես եմ պարսկերեն խոսում, հուսով եմ ՝ ստացվում է: Շատ հետաքրքիր աշխատանք է,- ասաց նա ու հավելեց, որ կերպարն ինքնին յուրահատուկ է, ինչն իրեն շատ է հետաքրքրել: -Շատ ոգևորվեցի, երբ Ելենան ասաց, որ պարսկուհու կերպար եմ խաղալու, չադրայով եմ լինելու: Հանդերձանքից մինչև լեզու ու կերպարի կերտում շատ հետաքրքիր է: Չադրա կրելն էլ հեշտ չէ, բայց նույնիսկ չադրա կրելու անհարմարությունը սովորելը շատ հավես ընթացք էր: Եթե չեմ սխալվում, նման կերպար չի եղել հայկական սերիալներում»:

«Անհայտ բաժանորդում» Էլենը ներկայացավ էպիզոդիկ դերով, սակայն միանգամից գրավեց լողազգեստով, «Վերջին ուսուցչում» նա դեռահասի դեր էր խաղում, «Շիրազի Վարդում»՝ Իրանում մեծացած հայ աղջկա: Կերպարների կոնտրաստը շատ սուր է, ինչն ուրախացնում է երիտասարդ դերասանուհուն:

«Հենց այդ կոնտրաստն է ինձ գրավել: Այդ հերոսուհիներից հետո միանգամից խաղալ շատ դրական, հավաքված, ուժեղ աղջկա կերպար, որը շատ փակ է, հետաքրքիր էր: Հարցն այն չէ, որ փակի կամ բացի միջև լավի ու վատի տարբերություն եմ դնում, ուղղակի տարբեր կերպարներ խաղալն արդեն իսկ շատ հետաքրքիր է,- ասաց նա ու հավելեց, որ բաց տեսարանների հանդեպ մոտեցումը պայմանավորված է իրավիճակով,- բաց տեսարանների մասին կոնկրետ հայացք չունեմ: Ես չեմ ասում՝ չեմ խաղա այսպիսի տեսարան: Եթե ստանում եմ դերի առաջարկ, ընտրվելուց հետո եմ մտածում կերպարի մասին: Գուցե «Անհայտ բաժանորդում», «Վերջին ուսուցչում» կային տեսարաններ, որոնք, հնարավոր է, համարվեն բաց, սակայն ես դրանք չեմ ընկալել որպես բաց տեսարան: Ես նայել եմ՝ ինչի համար է դա նկարահանվում, ինչպես է արվելու և այդ ժամանակ որոշել՝ կկարողանա՞մ անել, թե՞ ոչ: Եթե ես դա անեի կոմպլեքսավորվելով, դիսկոմֆորտ զգալով, չէի անի, որովհետև դա անպայման կզգացվեր էկրանից: Եթե ինձ անեն առաջարկ, որը պատրաստ չեմ խաղալու, կմերժեմ առաջարկը»:

Թեև Էլենը մինչև այս եղել է էկրաններին, սա նրա առաջին գլխավոր դերն է: Այն նաև հայտնիություն բերեց երիտասարդ դերասանուհուն: Ասում է՝ հաճելի է մարդկանց ուշադրությունը, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ ունեցած նախնական զրույցը շատ է օգնել պատրաստվել դրան: «Երբևէ չեմ ֆիքսվել հայտնի դառնալու վրա, ինձ հաճելի էր նկարահանման ընթացքը: Սակայն բոլորն ակնկալում էին, որ սերիալն ունենալու է հաջողություն, հետևաբար դերասաններն էլ ավելի հայտնի են դառնալու, ինչն ինձ համար նոր էր: Մինչև նկարահանումները Ելենայի հետ խոսել ենք հայտնիության մասին: Սկզբում ես շատ շփոթված էի, չէի պատկերացնում, թե ինչի մեջ եմ մտնում: Նա ինձ պատմեց, թե ինչ է ինձ սպասվում որոշ ժամանակ անց, խոսեց այդ պատասխանատվության մասին: Այդ խոսակցությունն ինձ շատ օգնեց, որովհետև արդեն պատրաստված էի դրան: Շատ հաճելի է իրականում: Նեղություն տվող ուշադրություն չկա, բայց զգում եմ, որ մարդիկ ճանաչում են ինձ, ու դա ուրախացնում է, չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի»:

Էլենը Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, մասնագիտությամբ՝ հեռուստառեժիսոր, սակայն ավարտելուց հետո հասկացել է, որ չի ցանկանում զբաղվել այս մասնագիտությամբ: Նրա խոսքով՝ դերասանական ճանապարհն էլ պատահաբար է սկսել, հիմա հեռակա սովորում է Սլավոնական համալսարանի Հոգեբանության բաժնում, այս տարի կավարտի:

«Չէի մտածել, որ երբևէ կնկարահանվեմ սերիալում: Ընկերուհիս աշխատում էր սերիալներից մեկում, ինձ հրավիրեց քասթինգի մասնակցելու: Ես անցա քասթինգը «Այրված անուրջներում» երկրորդական կերպարի համար: Դրանից հետ մի քանի քասթինգի էլ մասնակցեցի իր պարտադրանքով: «Շահմարի առեղծվածը» հեռուստասերիալում ևս ինձ ընտրեցին, հետո «Վերջին ուսուցչում, այդ ընթացքում փոքրիկ դեր ունեցա «Անհայտ բաժանորդը» ֆիլմում. մեկը մյուսի հետևից ստացվեց: Սակայն  ռեժիսուրայով չզբաղվելու որոշումս պայմանավորված չէր որպես դերասանուհի ներկայանալով: Այն ժամանակ ոչ նկարահանվում էի, ոչ էլ նպատակ ունեի: Սովորելուս 4 տարվա ընթացքում մտածել եմ, որ դա իմ մասնագիտությունն է, որով զբաղվելու եմ: Չգիտեմ՝ ինչ փոխվեց իմ մեջ, ավարտելուց հետո զգացի, որ չեմ ուզում զբաղվել ռեժիսուրայով: Այն շատ լավ մասնագիտություն է ու մինչև այսօր ինձ հետաքրքիր է, ուղղակի կամ հոգնեցի, կամ մտածեցի՝ գուցե ինձ մոտ լավ չստացվի, որովհետև այն շատ պատասխանատու աշխատանք է: Այդ շրջանում հասկացա, որ ինձ հետաքրքիր է հոգեբանությունը և ընդունվեցի Սլավոնական համալսարանի Հոգեբանության բաժին: Ինձ շատ հետաքրքիր էր այդ մասնագիտությունը, սակայն երբ սկսեցի նկարահանվել, տարվածությունս նվազեց»,- պատմեց նա ու հավելեց, որ հոգեբանությունն իրեն օգնում է նկարահանվելիս:

Դիտարկմանը, որ շուտ է հոգնում մասնագիտությունից, ծիծաղելով արձագանքեց՝ երևի թե, ապա հավելեց. «Միայն նկարահանվելուց չեմ հոգնել. այն ամեն անգամ նոր է, անընդհատ նոր բան ես գտնում, նոր խնդիր ունես հաղթահարու: Այնպես չէ, որ հոգեբանությունից հոգնել եմ ու չեմ զբաղվում, դերասանությունն էլ կապված է հոգեբանության հետ»:

Էլենը նշեց, որ միշտ քննադատաբար է մոտենում իր խաղին, փորձում է գտնել սխալներն ու կատարելագործվել: Այդ հարցում նրան օգնում են նկարահանող խմբի անդամներն ու ընտանիքը:

«Ես շատ ինքնաքննադատ եմ, սովորաբար չեմ հավանում ինձ: Անպայման դիտում եմ սերիալը, որպեսզի շտկեմ ինձ: Շատ եմ կարևորում խորհուրդները լսելը: Նկարահանման հրապարակում շատ եմ լսում ռեժիսորին՝ Քաջայրին, եթե Ելենան հրապարակում է, իրեն եմ լսում: Ես դա շատ եմ կարևորում, որովհետև ինքդ քեզ օբյեկտիվ նայել չես կարող: Դու չես կարող ավելի լավ իմանալ, որովհետև կողքից օբյեկտիվ կարծիք չունես քո խաղի մասին: Իրենք են տեսախցիկի հակառակ կողմում»,- ասաց նա ու հավելեց, որ թիմից դուրս իրեն խորհուրդներով օգնում են ընտանիքի անդամները:

Էլենը շեշտեց, որ նկարահանման խմբի հետ շատ արագ է ընկերացել, հրապարակում իրար օգնում են ու շատ լավ հարաբերություններ ունեն:

Loading...