ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մասնագետները ներկայացրել են երկու պատճառ հակաքրտինքային միջոցների փոխարեն հոտազերծիչ միջոցներ օգտագործելու համար

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական գործառույթներից մեկն է, որը շատ կարևոր դեր է խաղում առողջության պահպանման հարցում, սակայն քրտինքի տհաճ հոտը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ ստիպելով փնտրել միջոցներ, որոնք թույլ կտան նվազեցնել քրտնարտադրությունը։

Загрузка...

Որպես կանոն առատ քրտնարտադրության դեմ մարդիկ պայքարում են հատուկ հակաքրտինքային միջոցների (антиперсперант) կամ հոտազերծող միջոցների (дезодорант) օգնությամբ, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել առաջիններից՝ նախապատվությունը տալով բնական հոտազերծիչ միջոցներին, քանի որ վերջիններս ավելի անվնաս են ու հազվադեպ են առաջացնում լուրջ բարդություններ։ Փորձագետները ներկայացրել են այս միջոցների առանձնահատկություններն ու երկու պատճառ հակաքրտինքային միջոցները հոտազերծիչ միջոցներով փոխարինելու համար։

Հասկանալու համար, թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս խուսափել հակաքրտինքային միջոցներից, նախ հարկավոր է իմանալ՝ որն է նման միջոցների ու հոտազերծիչ միջոցների տարբերություն։ Հակաքրտինքային միջոցներն ազդում են քրտնարտադրության գործընթացի վրա՝ հանգեցնելով քրտինքի քիչ արտազատման, ինչն էլ կանխում է տհաճ հոտը, մինչդեռ հոտազերծիչ միջոցներն ազդում են այդ հոտի առաջացման պատճառ հանդիսացող բակտերիաների վրա։ Հոտազերծիչ միջոցները չեն նվազեցնում արտազատվող քրտինքի քանակությունը, սակայն ազատում են տհաճ հոտից։

Առաջին հայացքից թվում է՝ հակաքրտինքային միջոցներն ավելի արդյունավետ են առատ քրտնարտադրության ու քրտինքի տհաճ հոտի դեմ պայքարում, մինչդեռ մասնագետներն այնուամենայնիվ հորդորում են խուսափել դրանցից ու կիրառել բնական հոտազերծիչ միջոցներ։ Սա պայմանավորված է նրանով, որ հակաքրտինքային միջոցները խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա և կարող են լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

Առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել, որ մշտապես չոր թևատակերն իրականում կարող են վտանգավոր լինել։ Բանն այն է, որ քրտնարտադրությունը բնական գործընթաց է, որի միջոցով օրգանիզմն ազատվում է տոքսիններից ու կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, իսկ հակաքրտինքային միջոցների գործածությունը խանգարում է այդ գործընթացը։

Բացի այդ, հակաքրտինքային միջոցները պարունակում են վնասակար տարրեր, մասնավորապես՝ ալյումին, որը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Գիտնականները ենթադրում են, որ այս բաղադրիչը բարձրացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։ Ավելին՝ նեյրոտոքսիկ ազդեցությամբ այս տարրը հաճախ կապում են նաև Պարկինսոնի հիվանդության, աուտիզմի, ոսկորների հիվանդությունների և անգամ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հետ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից։

Հակաքրտինքային միջոցներից հրաժարվելն ու դրանք հոտազերծիչ միջոցներով փոխարինելը թույլ կտա խուսափել նման տհաճ հետևանքներից, սակայն հարկավոր է պատրաստ լինել այն բանին, որ այդ գործընթացը չի լինի սահուն և կուղեկցվի որոշակի տհաճություններով։ Բանն այն է, որ հակաքրտինքային միջոցներից հրաժարվելուց անմիջապես հետո թևատակերի միկրոբիոմն սկսում է ակտիվորեն վերականգնվել, ինչը կարող է դրսևորվել առավել սուր տհաճ հոտով, սակայն սա միայն ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ հոտազերծիչի գործածությունը կօգնի աստիճանաբար ազատվել այդ հոտից։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Նյութի աղբյուրը՝

Loading...