Շոու-Բիզնես

«Ինձ համար գժվելու աստիճան անտանելի է այս ամենը»․ փոքրիկի սպասող Հասմիկ Կարապետյանը՝ մեկուսացած կյանքի և դստեր առօրյայի մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով այս շրջանում սպասում է իր երկրորդ երեխային, մեկուսացմանը դժվարությամբ է համակերպվում։ Նրա խոսքով՝ այս իրավիճակն իր համար անտանելի է, քանի որ սիրում է ակտիվ կյանքով ապրել, շփվել մարդկանց հետ։

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրուցում երգչուհին ասաց, որ դստեր՝ երեք տարեկան Տաթևի առօրյան կազմակերպելը ևս արդյունավետ չէ, քանի որ այս իրավիճակն ազդում է փոքրիկի զարգացման վրա։

«Մեր տանը երկու լեզու է հնչում՝ հայերեն և անգլերեն։ Տաթևս երկուսից էլ քիչ-քիչ կսովորի, չնայած այդ պատճառով իր խոսելն ուշանում է։ Նա զարգացման կենտրոն էր հաճախում, մանկապարտեզ գնում, հիմա կտրվել է այս ամենից ու, բնականաբար, սա իր ազդեցությունը կունենա նրա զարգացման վրա։ Փորձում ենք տան պայմաններում լրացնել այդ բացը։ Հիմա խստագույնս պահում ենք մեկուսացման բոլոր կանոնները, օդափուխում ենք բնակարանը՝ փորձելով այդ կերպ մաքուր օդի ինչ-որ չափաբաժին ստանալ։ Հույս ունեմ, որ այս ահավոր վիճակը շուտ կավարտվի։ Իմ աղջիկն այն տարիքում է, որ պետք է դրսում շատ խաղա և քիչ ժամանակ անցկացնի էկրանի առաջ»,-ասաց երգչուհին, որը գտնվում է հղիության վերջին շրջանում։

Հասմիկը նշեց, որ կարոտում են ընտանեկան զբոսանքները. դրանք անհրաժեշտ են և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջության համար։

«Հիմա երկրորդ բալիկիս եմ սպասում, հղիության ընթացքում ինձ շատ են պետք մաքուր օդը, քայլելը, արևն ու զբոսանքը։ Կան մարդիկ, որոնք, անկախ ամեն ինչից, իզոլացված կենսակերպ են վարում, իսկ ես սիրում եմ դստերս հետ զբոսնել, շփվել այլ մայրիկների հետ։ Մենք նաև մանկական ժամանցի տարբեր կենտրոններ էինք հաճախում։ Հիմա այս ամենը սահմանափակել ենք։ Ինձ համար գժվելու աստիճան անտանելի և շատ դժվար է»,-ասաց Հասմիկը։

Երգչուհին ասաց, որ ներկայումս իրենց ամբողջ առօրյան կազմակերպում են տան պայմաններում։ Այս հարցում, ըստ երգչուհու, իրեն օգնում է դստեր ինքնուրույն բնավորությունը․ «Դուստրս շատ ինքնաբավ երեխա է, հիմնականում կարողանում է ինքն իրեն լիարժեք զբաղեցնել։ Անգամ ինչ֊որ չափով նեղվում է, երբ իր տարածք ես մտնում։ Այս տեսանկյունից տնային առօրյան կազմակերպելն ինձ համար հեշտանում է։ Քանի որ հիմա տանն ենք, կենցաղային հարցերն էլ ավելի շատ են»։

Խոսելով Տաթևի սիրելի զբաղմունքների մասին՝ Հասմիկն ասաց․ «Դուստրս սիրելի մի քանի զբաղմունք է ձեռք բերել՝ սիրում է դիտել անգլերեն մուլֆիլմներ, մատիտներով նկարելու մեծ սիրահար է, սիրում է նաև մայրիկի արխիվային լուսանկարները նայել։ Տարիների ընթացքում մի ամբողջ արկղ ալբումներ ունեմ հավաքած՝ իմ շրջագայություններից, ելույթներից ու առօրյա կյանքից։ Տաթևը դատարկում է դրանք ու սկսում նայել, շարել, հարցեր տալ։ Իհարկե, ինձ համար բարդ գործ է հետո այդքան լուսանկար հավաքել, դասավորելը, բայց ամեն ինչ անում ենք, որ նա հնարավորինս երկար ժամանակ հեռու լինի էկրաններից»։

Տաթևը սիրում է նաև հեքիաթներ՝ չնայած մայրիկը նկատեց, որ շարժուն լինելու պատճառով մինչև վերջ լսել չի կարողանում․ «Դուստրս հեքիաթների գրքեր ունի, որոնցից մի մասը տատիկն ու պապիկն են նվիրել։ Լինելով ակտիվ փոքրիկ՝ երկար ժամանակ չի կարողանում նստել ու հեքիաթ լսել, փոխարենը սիրում է պատկերազարդումները նայել։ Իրեն հատկապես դուր է գալիս, երբ ես հերոսներին եմ ցույց տալիս։ Միաժամանակ, Տաթևս ամեն ինչից շատ շուտ է ձանձրանում»։