Շոու-Բիզնես

«Շուտով 43 տարեկան կդառնամ, բայց դաժանորեն եմ հիշում այդ պատկերը». Լուիզա Ղամբարյանը՝ կարանտինին խստորեն հետևելու, սթրեսի մեջ չընկնելու իր բանաձևի և 1990-ականներից հիշողությունների մասին

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը արտակարգ դրության այս օրերին կարևորում է ինքնամեկուսացման կանոնները ճիշտ պահելը։ Իրավիճակը բարդ է բոլորի համար, սակայն դերասանուհին գտել է այս ամենի արդյունքում սթրեսի մեջ չընկնելու իր բանաձևը, որի մասին խոսել է Tert.am Life-ի հետ։

Загрузка...

Լուիզան ինքնամեկուսացումն ավելի վաղ էր սկսել։ «Քանի որ ես բժշկի հետ եմ ամուսնացած և ունեմ գիտակցություն սթափ որոշում կայացնելու համար, ավելի մեկուսացած էի դեռ առաջին դեպքի գրանցման ժամանակ, փորձում էի պահպանել այն կանոնները, որոնք այսօր հորդորում են պահել ամբողջ աշխարհում»,- ասաց նա ու հավելեց, որ կորոնավիրուսն այս պահին դեղամիջոցային բուժում չունի, դրա դեմ պայքարի միակ միջոցը կարանտինն է։

Դերասանուհին փորձում է խուճապի չմատնվել, սակայն խոստովանում է, որ վախը բնորոշ է յուրաքանչյուր մարդու։

«Չեմ կարծում՝ կա մեկը, որը չի վախենում։ Փորձելով խուճապի չմատնվել՝ հասկանում եմ, որ սա համաճարակ չէ, համավարակ է, որն ուժգնանում է ամբողջ աշխարհում։ Իհարկե, հասնելու է իր կուլիմինացիային և նահանջ ապրի, ինչը բնականոն է. աշխարհում սրա նախադեպերը եղել են՝ ժանտախտ, խոլերա և այլն։ Այս իրավիճակում յուրաքանչյուրս պիտի մի կողմ դնենք մեր իրավունքն ու պարտքի գիտակցմամբ ունենանք նույն մոտեցումը՝ մեկուսանանք, խնայենք մեր կողքին գտնվող տարեցներին, ինչու ոչ, հենց մեզ խնայենք։ Վախերը, սթրեսները, պետք է հաղթահարենք աղոթքներով, մեր ընտանիքներում դրական տրամադրություն պահելով՝ իրար հետ շփվելով, մարմնամարզությամբ զբաղվելով, համեղ պատրաստելով և ուտելով»,- ասաց նա։

Կյանքի բնականոն ռիթմից հրաժարվելը շատերին ճնշում է հոգեբանորեն և բերում ճգնաճամի, սակայն Լուիզան նկատեց, որ չպետք է կորցնել սթափ մոտեցումը։ Դերասանուհին ևս այս պահին հարկադիր պարապուրդի մեջ է. հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվել են, ներկայացումներ չեն խաղում, սակայն նկատեց, որ մարդն ամեն ինչին սովորելու և դիմակայելու ներքին բնազդ ունի։

«Առօրյան սթրեսով լցնելն իրավիճակը չի փոխելու, պետք է գոնե ազատ ժամանակը ճիշտ օգտագործենք։ Կարծում եմ՝ հիմա այնքան վատ չէ, որքան կարող են լինել այս ամենի հետևանքները, սակայն հիմա դրանց համար տառապել չարժե։ Այդպիսի անգլիական ասացվածք էլ կա. քանի դեռ չես առնչվել հետևանքին, դրա մասին մտածել պետք չէ։ Ունենք այն, ինչ ունենք։ Ինքս միշտ ակտիվ ռիթմով եմ ապրել, բացառությամբ հղիությանս 9 ամիսների։ Սակայն հիմա ներդաշնակորեն ինտեգրվել եմ տնային առօրյային»,- ասաց նա։

Լուիզան մտաբերեց 1990-ականների ծանր օրերը, որոնք սթրեսային էին. «Ես հիշում եմ իմ մանկության օրերը, երբ հացի հերթ էի կանգնում, մեզ հրմշտում էին։ Շուտով 43 տարեկան կդառնամ, բայց ես դա չեմ մոռանա, դաժանորեն եմ հիշում այդ պատկերը, երբ ինձ հրմշտում էին հացի համար։ Արդյոք այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել։ Մեր ինքնգիտակցությունը պետք է փոխվի։ Պետք է հասկանանք, որ սա աշխարհի վերջը չէ։ Ես չեմ ուզում որևէ մեկին դատել, հասկանում եմ, որ շատերը գնումներ են անում, որպեսզի նույն կանխարգելիչ նպատակով տանից դուրս չգան, բայց միևնույն է, պիտի պահենք մեր սթափությունը։ Փառք Աստծո, այսօր բազմաթիվ այլընտրանքներ ունենք։ Գուցե, սա մեզ համար այլընտրանք է, որ հասկանանք, որ շատ ենք հեռացել ինքներս մեզանից»,- ասաց նա։

ԱՂԲՅՈՒՐԸ՝