Լրահոս

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ (թարմացվող)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշենի մաքսակետի հետ կապված միջադեպից հետո իր պահվածքը երկար է վերլուծել՝ հաշվի առնելով նաև հանրային դժգոհությունը։ Սակայն  ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նա հայտարարեց, որ մինչ այսօր մտածում է, որ ճիշտ է արել։ 

Загрузка...

«Կարող է մի մարդու համար, մեր հայրենակցի համար, որն ազատվեց աշխատանքից, «դոզան» շատ էր, բայց, իրականում, ես այդ քաղաքացուն չեմ ճանաչում, չգիտեմ, թե ով է։ Նա ընդամենն ինձ համար սիմվոլ էր, սիմվոլ պետական պաշտոնյայի, ով անարգում է դրոշը։ Ես մի մարդու չեմ ազատել գործից, այլ բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը։ Ինձ թվում է՝ բոլոր պետական պաշտոնյաներն այս ուղերձը հասկացել են»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ քաղաքացու հետ «Դուք»-ի փոխարեն «դու»-ով խոսելուն։ Նա հիշեցրեց, որ ինքը շատ անգամ է խոսել «դու»-ով, երբ հայտարարել է, որ «ՀՀ ապագան կախված է մեկ մարդուն, և այդ մեկ մարդը դու ես», «քայլ արա» և այլն։  « Կամ ասում են ՝ երեկ 1, այսօր 2, ասում է, որ վարչապետն է գալիս, զգաստացեք։ Խնդիրն այն է, որ եթե ուսադիրներով մարդու մոտ վարչապետն է գալիս, ռեակցիա չկա, բա որ քաղաքացի մոտենա, ի՞նչ ռեակցիա է առաջացնելու։ Ասում են՝ դիմում գրելու իմ պահանջն ապօրինի է եղել։

Այստեղ խնդիրը դիմում գրելը կամ չգրելը չէր, եթե պետք լիներ այդ կառույցը լուծարել, ապա կլուծարեի հանուն պետական սիմվոլը հարգելու։ Այնպես որ, վարչապետը լծակ ուներ իր ասածն ի կատար ածելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը նկատեց, որ հանրային մեծ դժգոհություն էր առաջացել այն ժամանակ, երբ մաքսատան աշխատակիցները նկարել ու համացանց էին գցել, թե ինչպես է քաղաքացին մտնում պայուսակների սկանեռի համար նախատեսված սարքավորման մեջ։ Նրա գնահատմամբ ՝ այս երկու միջադեպերը համահավասար են։ 

«Նույն մաքսատան աշխատակիցները ոչ միայն նկարել ու գցել էին սոցիալական ցանց, այլև կանգնած հռհռում էին։ Ես ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև համարում եմ, որ այդ դրոշի հետ կապված միջադեպն ու սա բացարձակապես նույն բաներն են՝ նույն երևույթի 2 տարբեր կողմեր էին։ Մի դեպքում դժգոհություն կար, որ ազատեք գործից և այլն, բայց հարց՝ ինչու չազատել աշխատանքից դրոշն անարգոցին, և ազատել քաղաքացուն անարգողին․ չէ՞ որ նա էլ ընտանիք ունի, հավանաբար նաև երեխա ունի։

Մի դեպքում անարգել են ՀՀ քաղաքացուն, մի դեպքում՝ ՀՀ դրոշը, նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, ով անարգում է դրոշը, անարգում է քաղաքացուն, որովհետև առանց քաղաքացի դրոշ չկա, առանց դրոշ քաղաքացի չկա»,- մանրամասնեց Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ թեև հանրային կյանքում շատ է խոսվում պետությունն արժևորելու, պետական մտածողություն ունենալու մասին, միևնույն է, ՀՀ-ում պետական սիմվոլները կայացած չեն։ Նա նաև հավելեց, որ, թեև, ազդվում ու էմոցիոնալ է ընդունում քաղաքացիների կարծիքները, միևնույն է, ինքը թույլ ղեկավար չէ։ «Աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև չեմ կարող ինձ թույլ տալ լինել այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ է ծռել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 

21:02

Վերջին շրջանում ձեզ հայտնի շրջանակներն ասում են, թե ես խոստումներ եմ տվել ու չեմ կատարել, վարչապետ ընտրվելուց հետո ասել եմ, որ իմ խոստումները գույքագրվեն, այդ ֆայլն իմ աշխատանքային սեղանին է ամեն օր: Այդ ֆայլում գույքագրված են 2018 թվականի ապրիլին 8-ից սկսած իմ տված խոստումները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ ֆայլում 106 կետ կա, և առաջարկեց կետ առ կետ կարդալ այդ խոստումները:

Առաջին խոստումը վերաբերում էր կադրային ջարդին: «Ասել եմ՝ կադրային ջարդ չեմ իրականացնելու: Ես կարող եմ ասել, որ պետական կառավարման համակարգի աշխատողների 97 տոկոսը նույն մարդիկ են, և սա շատ դեպքերում մեզ համար պրոբլեմ է: Շատ դեպքերում մեզ քննադատում են, բայց մենք գնացել ենք այս ճանապարհով, որովհետև մեր հեղափոխությունը հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը չի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վերջինս կարդաց հաջորդ խոստումը՝ որպեսզի այլընտրանքային կառավարության ցանկը հրապարակվի, պետք է ազատություն հրապարակում արձանագրվի, որ այդ պոտենցիալ կառավարությունը ունի հանրային լայն աջակցություն, և նշեց, որ դա հայտարարություն է, որ արձանագրված է իր աշխատանքային թղթերի մեջ:

Նա ասաց, թե չգիտի՝ ինչու են այդ շրջանակներն ասում, թե իր երրորդ խոստումը՝ բյուջեի ավելացումը 2 տարում 30-40 տոկոսով, չի կատարվել: «Հիմա, օրինակ, արդեն բնական աճով 2019-ի թվականի պետական բյուջեն 18 թվականի նկատմամբ եկամտային մասով 10 տոկոսի աճ է ունեցել, և ես արդեն ասել եմ, որ այս տարի գնում ենք պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մի 5 տոկոսով առնվազն կգերակատարենք, և եթե այս տեմպով գնանք… ես չեմ ուզում ավելի լավատեսական կանխատեսումներ անել, մենք հստակ գնում ենք այս խոստման կատարմանը: Այս խոստումը 90 տոկոսով արդեն կատարված է»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Հաջորդ կետը՝ մենք պետք է անվտանգության նոր երաշխիքներ ստեղծենք ՀՀ-ում: Արրդյո՞ք այս կետը կատարում ենք: Մենք, ըստ էության, ներքին և արտաքին անվտանգության նոր երաշխիքների վրա աշխատում ենք»:

Նա նշեց, որ 10 ամիս է անցել, ինչ իրենք իշխանություն են, սակայն իրենք լիարժեք իշխանություն են երեք ամիս, և խոստումներ կան, որ ընթացքի մեջ են:

«Տասնյակ հազար մարդիկ կարող են գնալ, իրենց բանկերի հետ բանակցել, որպեսզի վերակառուցվի պարտքը, և տույժ-տուգանքներն ընդհանրապես դուրս գան: Այս գործընթացի համար մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները, և այստեղ հազարավոր մարդիկ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվել են»,- ասաց նա:

Վարչապետը նաև անդրադարձավ արագաչափերից գոյացած տուգանքներին քաղաքացիներին ներելու իր խոստմանը: «Արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, մենք սա, իհարկե, արել ենք, համաներում ենք իրականացրել, որի արդյունքում 13 մլրդ դրամ քաղաքացիների ունեցած այդ գումարները ներվել են, և սա հարյուր տոկոսով կատարվել է»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ հաջորդ խոստումը եղել է՝ պետք է փոխվեն տնտեսական հարաբերությունները, վերացվեն մենաշնորհները. «Հարյուր տոկոսով կատարվել է, էսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, որ ունի մենաշնորհ՝ առնվազն հնարավորությունների իմաստով: Իհարկե, այն մարդիկ, ով նախկինում մենաշնորհ են ունեցել, դեռ հասկանալի է՝ նրանց հնարավորությունները շուկայում ավելի լավն են, բայց մենք փոփոխությունների հսկայական դինամիկա ունենք՝ բենզինի, շաքարավազի, բանանի շուկայում:

Բանանի շուկայում մենաշնորհային երևույթը բացառապես ջախջախված է, շաքարավազի շուկայում այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ պրոբլեմ ունի շաքարավազ ներկրելու հետ, այսօր մարդիկ կան, որ «գազելով» են շաքարավազ կրում, նախկինում այդ հնարավորությունը չի եղել: Նույնը վերաբերում է բենզինին՝ ընդ որում, փոքր քանակով, մարդիկ մեկանգամյա գործարքներով բենզինի շուկա են մտնում»,- նշեց նա:

20:41

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 100 տոկոսով կատարել է խոստումը, որ իրենց իշխանության պայմաններում արմատախիլ է արվելու պետական ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Նա ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ իր տրված ու կատարված խոստումների մեջ ներառեց նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների 100 տոկոսով երաշխավորված լինելը՝ անկախ քաղաքական հայացքներից։

«Այն մասը, ինչ հնարավոր է եղել 10-11 մասում կատարել, կատարել ենք, մնացածը կատարման ընթացքի մեջ է»,- ասաց նա։  Նա նշեց, որ կատարվել  է նաև իր այն խոստումը, որ աշխարհաքաղաքական ռևերանսներ չեն լինելու։ Կատարել է նաև իր՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամ  մնալու խոստումը։

Ինչ վերաբերում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ընտրական օրենսգիրքը փոխելուն,  Փաշինյանը նշեց, թե իր մասով խոստումը կատարել է։  «ԸՕ-ում մենք փոփոխություններ փաթեթը ներկայացրել ենք, որն ընդունվել էր նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն «Հանրապետականը» խորհրդարանում մի ձայնով չի անցկացրել։ Մենք մեր մասով պարտավորությունը կատարել են»,- ընդգծեց նա։

Վարչապետը, անդրադառնալով իր իշխանության օրոք քաղբանտարկյալների, քաղհալածյալների և անձնական վրեժխնդրությունից զերծ մնալու իր խոստմանը, հայտարարեց, թե սա էլ 100 տոկոսով կատարել է։  «Խոստացել էի, որ մեր հարաբերությունները  բոլոր ուղղություններ՝ ԵՄ-ի, ՌԴ-ի, ՉԻնաստանի ու ԱՄՆ-ի մեր հարևանների հետ խորացնելու ենք։ Իհարկե, կատարվում  է խոստումը»,- ընդգծեց նա։ 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «Մարտի 1»-ի  պատասխանատուներին դատարանի առաջ  կանգնեցնելուն․ «Կանգնո՞ւմ են, թե՞ ոչ,  պատասխանում եմ՝ կանգնում են։ 100 տոկոսով չէ, բայց շատ լուրջ տոկոսով կատարվել է»,- շարունակեց Փաշինյանը։ 

Վերջինիս գնահատմամբ՝ 100 տոկոսով կատարել է  նաև իր այն խոստումը, որ կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։

20:02

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Վարչապետն արդեն իսկ տեղեկացրել էր, որ նպատակն է ուղիղ եթերում պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

«Կաշխատենք նույն սկզբունքով՝ կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել»,- հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։

Loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.