ԺԱՄԱՆՑ

Ինձ պես օրավարձով աշխատողները մնացել են անգործ. Ջուս

«Մեր ոլորտի մի շարք երաժիշտներ եւ երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ ես, որոնք աշխատում էին օրավարձով, մնացել ենք անգործ: Պետք է լուծել օրավարձով ապրող մարդկանց խնդիրները: Կան մարդիկ, որոնք աշխատանքային պայմանագիր չունեն, գրանցված աշխատողներ չեն, մի բան էլ՝ օրավարձով են աշխատում. ի՞նչ են անելու նրանք: Պատահական չէ, որ ոմանք սոցցանցերի մեկնաբանություններում գրում են՝ ավելի շուտ սովից կմահանանք, քան վիրուսից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Ջուսը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը:

Загрузка...

Մենք հիշեցրեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այն քաղաքացիները, որոնք գրանցված չեն որպես աշխատող, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ աշխատել են. եթե պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր լինի նրանց ներառել աջակցության ծրագրերում: «Չեմ կարծում, որ այդպիսով խնդիրները կլուծվեն»,-մեկնաբանեց երգչուհին:
Նա, խոսելով մեր ժողովրդի ինքնակազմակերպման մակարդակի մասին, նշեց, որ Երեւանի փողոցներում դեռ նկատում է խմբերով հավաքված մարդկանց. «Դա անընդունելի է: Երեւի ոմանք չեն գիտակցում պահի լրջությունը»:

Հետաքրքրվեցինք՝ ինքնամեկուսացման օրերին ինչով է զբաղված Ջուսը: «Սա բավական բարենպաստ ժամանակահատված է մարզվելու, մարմինս ավելի գեղեցկացնելու համար, այնպես որ, լրջորեն զբաղվում եմ ֆիթնեսով, բացի այդ, ֆիլմեր եմ դիտում»,-ասաց նա:

Երգչուհին ֆենթըզի ժանրի երեք ֆիլմի անուն տվեց, որոնք այս օրերին արժե դիտել՝ «Бландшот», «Код 8 », «Призрачная шестёрка»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խստացված սահմանափակումները առնվազն 10 օրով երկարացնելու մասին: «Եթե կոնկրետ միջոցառումներ չձեռնարկենք, կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ, չնայած կա նաեւ այդպիսի վարկած, որ կորոնավիրուսով շատ շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»,-ասել է նա:

Անի Անտոնյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...