ԺԱՄԱՆՑ

«Չգիտեմ՝ էլ ինչն է այսպիսի կախվածություն առաջացնում». Մարիամ Շահինյան

Մարիամ Շահինյանը, ինչպես թատրոնում աշխատող մյուս դերասանները, այս ընթացքում տանն է եւ հեշտ չի տանում դադարը: Նա BRAVO.am-ին պատմել է ինչպես դուստրերի հետ առօրյայի, այնպես էլ սերիալներում հանդես չգալու պատճառի մասին:

«Մեկուսացումը բացահայտեց բնավորությանս եւ տրամադրություններիս գրեթե բոլոր երանգները, ճիշտ վերջին օրերի եղանակի նման: Երեխաներս շատ ակտիվ են, այդ պատճառով էլ օրվա մեծ մասն անցկացնում եմ նրանց թափթփածները հավաքելով: Աննկարագրելի մեծ մոլուցք ունեն օրվա մեջ գոնե 10-20 անգամ զգեստափոխվել: Տեսնես՝ ում են քաշել (ծիծաղում է,-հեղ.): Եվ նրանց բացարձակ չի հետաքրքրում, թե այդ զգեստները որ պահարանից են. իմ առօրյա՞ զգեստներն են, թե՞ տոնական»,- պատմել է Մարիամը:

Загрузка...

Մարիամ Շահինյանի դուստրերը


Տեւական դադարից հետո դերասանուհին աշխատանքի էր անցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում.«Հրավեր ստացա «Սառցե սիրտը» ներկայացման մեջ մարմնավորել Էլզային, դրան հետեւեց առաջարկը՝ համալրելու դերասանական հիմնական կազմը: Այս շրջանը պարզապես սարսափ է ցանկացած դերասանի համար: Ես չգիտեմ՝ էլ որ մասնագիտությունն է այսպիսի կախվածություն առաջացնում: Մարդիկ հիմնականում նախընտրում են վարձատրվել առանց աշխատելու, իսկ դերասանները՝ հակառակը, նախընտրում են առանց կամ քիչ վարձատրությամբ մշտապես լինել զբաղված: Սա իսկապես յուրահատուկ երեւույթ է»,-նշել է նա եւ ավելացրել.«Ափսոսում եմ բոլորիս կյանքի այս շրջանը, որ կուլ տվեց համաճարակը: Շատ ծրագրեր կային հենց գարնան համար. պետք է նոր ներկայացումների փորձեր սկսեինք, հրավեր ունեինք եվրոպական փառատոնից: Շատ մեծ հույս ունեմ, որ այս ամենը երկար չի տեւի, թեեւ գիտակցում եմ, որ վերադարձը նախկին առօրյային բարդ է լինելու»:

Մարիամ Շահինյանը


Սերիալներից Մարիամն առաջարկներ ունենում է, բայց նշում է, որ միշտ ինչ-որ պատճառներ են ի հայտ գալիս, կամ էլ պարզապես ինքն է որոշում հրաժարվել. «Ճիշտն ասած՝ չեմ ափսոսում, որովհետեւ մեր սերիալները հիմնականում վատն են: Տպավորություն է՝ ընտրում են թերի կրթությամբ, անճաշակ, պարզունակ մարդկանց, հստակեցնում՝ արդյոք նրանց համար ամեն ինչ ընկալելի եւ հասկանալի է, եւ միայն դրական պատասխան ստանալուց հետո եթեր տալիս: Նաեւ ցավալի է, որ 8 տարում ոչ մի առաջխաղացում չեմ նկատում: Վերջին անգամ նկարահանվել եմ 8 տարի առաջ եւ պարզապես ապշում եմ՝ տեսնելով տարրական նույն սխալները: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես ցանկության բացակայություն՝ մի բան ավելի լավ անելու: Կան բացառություններ, բայց այս համատարած դիլետանտիզմի ֆոնին դա բավարար չէ, ինչը չեմ կարող ասել թատրոնի մասին. թատրոնը ծաղկունք է ապրում, բոլոր թատրոններում կա աճ, կամք՝ մի նոր բան ստեղծելու եւ, հետեւաբար, լեփ-լեցուն դահլիճներ: Կուզեի առաջխաղացման այս միտումը նկատվեր նաեւ սերիալային ինդուստրիայում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Շահինյանի արխիվից

Loading...