Լրահոս

«Գաղափարներս ներկայացնելու տեղ չունեի»․ Լուիզա Ներսիսյանի «Մոնո Լուիզա» նախագծի մանրամասները

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջում նոր նախագիծ է սկսել։ «Մոնո Լուիզա» խորագրով նախագիծն ի սկզբանե մտածված է եղել դերասանուհու ներկայացումներից մեկի համար, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված բեմադրությունը հետաձգվել է, Լուիզան էլ որոշել է ժամանակ չկորցնել ու իրեն կարոտած հանդիսատեսին անակնկալ մատուցել։

Загрузка...

Tert.am Life-ը կապ է հաստատել դերասանուհու հետ և պարզել նոր նախագծի մանրամասները։

Ըստ դերասանուհու՝ իրեն անօգնական է զգում թատրոնների փակ լինելու պատճառով: «Տարիներ շարունակ զբաղվել եմ մի մասնագիտությամբ, որի համար նախատեսված գաղափարները հիմա ներկայացնելու տեղ չունեմ։ Համացանցն այս առումով հրաշալի հարթակ է։ Մտածեցի, որ կարող եմ ինստագրամյան իմ էջում սկսել այս նախագիծը, որի միտքը վաղուց ունեի։ «Մոնո Լուիզա» վերնագրով ներկայացում պետք է բեմադրեի, որի հիմնական գաղափարը լինելու էր կնոջ հայացքը դեպի աշխարհ։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված բեմադրությունը հետաձգվեց, հասկացա, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Ներկայացումը պետք է լիներ կանանց հուզող թեմաների շուրջ, բայց ինստագրամյան հաղորդումը կարանտինային ընթացքում բոլորիս ունեցած մտահոգությունների մասին է»,- ասաց նա ու հավելեց, որ տեխնիկական հարցերով զբաղվում է «Դեպուտատի շոու»-ի կրեատիվ պրոդյուսեր Սուրեն Սարգսյանը:

Դերասանուհին համագործակցում է նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանի հետ․ «Մարիամի հետ նախկինում շփվել էի և տպավորված էի իրենով։ Որոշեցի իր դրական լիցքերը նաև իմ լսարանին փոխանցել։ Կարծում եմ՝ «Մոնո Լուիզա» նախագծի միջոցով մենք սեր ենք տարածում,-ասաց նա և հավելեց, որ առաջին եթերի ընթացքում տեխնիկական խնդիրներ են եղել: -Չէի ցանկանում միանգամից Մարիամին միանալ, բայց պատահաբար սեղմեցի կոճակը ու միացա նրան։ Մտադիր էի նախ միանալ մի քանի պատահական հետևորդի, խոսել, հասկանալ նրանց խնդիրները, հետո միայն միանալ հոգեբանին ու նրանից ստանալ պատասխանները»։

Լուիզայի խոսքով՝ իր հետևորդներին շատ իմպրովիզներ և անակնկալներ են սպասվում․ «Առաջին եթերը փորձնական էր, կոնկրետ թեմա չէինք ընտրել, բայց յուրաքանչյուր հաղորդման համար կունենանք ընտրված թեմա։ Մոտ օրերին եթերները կլինեն ամեն օր։ Առաջին եթերի ընթացքում Մարիամի հետ պայմանավորվեինք, որ հաջորդ անգամ աղցանն իր կողմից է լինելու, գինին՝ իմ։ Երեկվա եթերի ընթացքում էլ պահեցինք մեր պայմանավորվածությունը։ Կարծում եմ՝ այդ ամենը և լավ երաժշտությունը մթնոլորտը փոխեցին, զրույցը թեթև ստացվեց։ Ես բոլորին եմ հորդորում ապրել թեթև ու սիրառատ մթնոլորտում»։

Անդրադառնալով եթերից հետո հետևորդների արձագանքներին՝ դերասանուհին ասաց․ «Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ շնորհակալական նամակներ եմ ստացել, որոնք չեն կարող չուրախացնել։ Նաև հետևորդները գրում են թեմաներ, որոնց մասին ուզում են խոսենք հաջորդ եթերների ընթացքում։ Մեր գլխին կախված առօրյա խնդիրներից ազատվելու համար մենք դրանց մասին ուղղակի պետք է զրուցենք»։

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...