ԺԱՄԱՆՑ

«Երգով չզբաղվեցի, որովհետև վախենում եմ միջակությունից». «Անհասցե ծնվածներից» Թամարա Գևորգյանը՝ մասնագիտության և սպասվող սթենդ-ափի մասին

Վերջին երկու ամսում, երբ բոլորը կարանտինի մեջ էին, «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասանուհի Թամարա Գևորգյանի կյանքում առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս ընթացքը փորձել է լցնել մասնագիտական գործերով:

«Սկզբնական շրջանում նստակյացությունն անսովոր էր և դեպրեսիա առաջացրեց, հետո ընտելացա,- ասաց նա ու հավելեց, որ տանը շատ ժամանակ անցկացնելու այս շրջանում պետք է չընկճվել ու հստակ հիշել, որ այս ամենը ժամանակավոր է,- Այս ընթացքում կարելի է  անել այն ամենը, ինչ միշտ ցանկացել ենք, բայց չենք կարողացել անել խիտ գրաֆիկի պատճառով: Այս ընթացքում ես փորձել եմ մասնագիտական քայլեր անել՝ դիտել այն ֆիլմերն ու շոուները, որոնք նախկինում ցանկանում էի դիտել, բայց ժամանակի սղության պատաճառով չէի կարողանում»:

Տանը լինելու ժամանակ անդադար ուտելու ցանկության մասին դերասանուհին նախընտրեց լռել, բայց խոստովանեց, որ խոհանոցում միայն որպես «այցելու» է լինում: Թամարան նկատեց, որ իրեն անգամ կարանտինը չի օգնել կապ ստեղծել խոհանոցի հետ: Փոխարենը դերասանուհին աշխատել է նոր սթենդ-ափի սցենարի վրա, որը, հուսով է, որ կխաղա հանդիսատեսի համար։

Նա նաև նկատեց, որ ներգրավված էր Վաչե Թովմասյանի «Դե հիմա էդ ա» ներկայացման մեջ, որը հիմա չեն խաղում արտակարգ դրության պատճառով։

Պարզվում է՝ Թամարան երգչուհի դառնալու մանկական երազանք է ունեցել, չնայած երբեք քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ասում է՝ վախենում է միջակությունից: Դերասանուհի դառնալու ցանկությունից նա չի վախեցել: Այս մասնագիտության մեջ նա կարևորում է մասնագիտական շնորհք ու տաղանդ ունենալը. «Եթե այս հատկանիշները բացակայեն, դերասանին ոչինչ չի փրկի»:

Հարցին՝ իր կարծիքով ներկայիս հեռուստատեսությանն ի՞նչ է պակասում, Թամարան հստակ պատասխանել չկարողացավ, սակայն ընդգծեց, որ կան  շատ տաղանդավոր ու պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնց համապատասխան դաշտ ու ռեսուրսներ տրամադրելու դեպքում, լուրջ արդյունքներ կնկատվեն:

Սվետլանա Մուրադյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...