ԺԱՄԱՆՑ

«Ավելի լավ է մի ընթացք տաքսի վարեմ, քան նման պատասխանատվություն վերցնեմ»․ Տիգրան Գյուլումյանը՝ գործընկերների բողոքի ցույցին չմիանալու պատճառի, ֆինանսական դժվարությունների ու «Հարս չկա» նախագծի մասին

Դերասան Տիգրան Գյուլումյանն այս ընթացքում նկարահանվում է «Հարս չկա» նախագծում։ Ինչպես գործընկերներից շատերի, այնպես էլ Տիգրանի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսավարի աշխատանքն է։ Դերասանը նաև բիզնեսով է զբաղվում, որն այս ընթացքում լուրջ ճգնաժամի մեջ է։ Tert.am Life-ը Տիգրանի հետ զրուցել է ներկայիս զբաղվածության և ֆինանսական դժվարությունների մասին։

Загрузка...

«Մինչև «Հարս չկա» նախագիծն ինձ մոտ դադար էր։ Ես նկարահանման ոչ բոլոր առաջարկներն եմ ընդունում, քանի որ պետք է վստահ լինեմ՝ կարո՞ղ եմ ստանալ այն, ինչ ուզում եմ, բացի այդ, ինքս ինձ չպետք է խաղամ։ Իմ անձից շատ հեռու կերպարներ եմ սիրում, որովհետև այդ դեպքում հնարավոր է ամբողջությամբ ցուցադրել մասնագիտական որակներդ, նորություն ասել, իսկապես խաղալ։ Այս նախագծում պրոֆեսիոնալների հետ եմ աշխատում, սիրով համաձայնեցի հանդես գալ»,- ասաց Տիգրանը։

Դերասանը ժպիտով նշեց, որ արձագանքները շատ են, իրեն ուրախացնում է, երբ իր մոտ ստացվում է ազդել մարդկանց զգայական դաշտի վրա։ «Սիրում եմ, երբ ասում են՝ չենք սիրում կերպարդ, խանգարում է, լավ կլիներ, եթե չլիներ։ Սա հետևության առիթ է, որ շատ դիպուկ ու ճիշտ եմ կարողացել «խաբել» հեռուստադիտողին։ Դերասանի աշխատանքն էլ հենց դրանում է՝ հնարավորիս ճիշտ խաղալ և ազդել մարդկանց ընկալման վրա»,- ասաց դերասանը։

Տիգրանը հեռուստադիտողների մոտ հիմնականում տպավորվել է իր հումորային կերպարներով։ Նաև թատրոնի ուղին անցնող դերասանն իր աշխատանքին պրոֆեսիոնալ է մոտենում՝ չտարանջատելով դրամատիկ և հումորային կերպարները․ «Մի տեսակ չեմ հասկանում սպանություններով, բաժանություններով երկար սերիալները, նշանակում է՝ չեմ կարող նկարահանվել դրանցում։ Նման դեպքերում առաջարկները մերժում եմ։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ պրոդյուսերներն ու ռեժիսորներն ինձ տեսնում են հումորային կերպարներում»։

Արդեն 14 տարի է՝ Տիգրանը հանդես է գալիս կորպորատիվ միջոցառումներում։ Հանդիսավարի աշխատանքը դերասանի համար եկամտի լավ աղբյուր է․ «Որքան էլ ես դրան նայեմ որպես եկամտի աղբյուր, երբեք «մատերի արանքով» չեմ մոտենում։ Սա այն աշխատանքն է, որտեղ ևս պետք են գալիս դերասանի հմտությունները։ Ես խաղում եմ յուրաքանչյուր միջոցառման ժամանակ։ Դու որևէ մեկի բարեկամը չես, բայց բոլորի մտերիմը պետք է լինես, այլապես քեզ չեն լսի։ Այսինքն՝ սա նույնպես ոչ մեխանիկական աշխատանք է ենթադրում։ Ամեն խմբի հետ մի լեզվով ես խոսում, որպեսզի քեզ հասկանան»։

Այս ընթացքը, երբ կորպորատիվ ոլորտում որևէ աշխատանք չկա, Տիգրանի համար դժվար է։ «Հազար ու մի հարց կա՝ սկսած նրանից, որ իմ բիզնեսը կանգնել է ու հիմա ճգնաժամ է։ Եթե այս ամենը երկարեց, հնարավոր է պետք լինի ամեն ինչ նորից զրոյից սկսել։ Սա ինձ համար ողբերգություն է, որովհետև ես շատ գումար եմ ծախսել։ Ինձ մոտ էլ կա ֆինանսական դժվարություն, ինչը բնական եմ համարում։ Մարդիկ աշնանը գումար են տվել, որ գարնան համար միջոցառում անենք, սակայն հիմա միջոցառում չեն անելու։ Ստացվում է, որ դու պետք է գումարը վերադարձնես, բայց ինչպես դա անել, եթե արդեն իսկ գործ չկա»,- ասաց Տիգրանը։

Դերասանը, անկախ ամեն ինչից, լավատեսորեն է տրամադրված։ Նրա խոսքով՝ պետք է միասին պայքարել, ճիշտ քայլեր իրականացնել և տրամաբանորեն մոտենալ հարցին։ Տիգրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա միացել է օրերս Կառավարության դիմաց գործընկերների անցկացրած բողոքի ակցիային։ Դերասանը նշեց, որ որքան էլ միշտ պատրաստ է սատարել իր գործընկերներին, չի միացել, քանի որ դրա համար հիմնավոր պատճառներ ունի:

«Եթե իմ պայքարի արդյունքում բացված համալիրում մասսայական միջոցառում լինի, հարյուրավոր մարդիկ վարակվեն, օրինակ, 40-ը մահանան, ինչպե՞ս եմ ապրելու այդ պատասխանատվությամբ։ Լավ է մի ընթացք տաքսի վարեմ, քան նման պատասխանատվություն վերցնեմ։ Մեր պայքարի մեջ պետք է տրամաբանություն դնել։ Մենակ ուզելով չէ, պետք է հասկանալ, դա թույլատրելի՞ է, կարելի՞ է, հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Համարենք՝ պաշտոնական որևէ սահմանափակում չկար, չեմ կարծում, որ որևէ մեկն այս ընթացքում շատ մեծ միջոցառում կանի։ Կամ եթե անեն, բոլորս էլ գիտենք, թե մի քանի բաժակից հետո ինչ պատկեր է լինելու՝ գրկել, համբուրել և այդպես շարունակ։ Հանդիսավարն ամեն անգամ նկատողությո՞ւն է անելու, ոստիկա՞ն է լինելու, վե՞ճ են սարքելու։ Այս հարցերը պետք է հստակ ձևակերպված պատասխան ունենան, հետո մենք գնանք, պայքարենք ու ասենք՝ բացեք, աշխատում ենք»,- նշեց դերասանը։

Նրա խոսքով՝ ինքն այս մասին նաև ասել է գործընկերներին, որոնք իրեն զանգահարել և առաջարկել են միանալ ակցիային․ «Ես կմիանայի, եթե կառուցողական առաջարկ լիներ։ Պահանջը պետք է հիմնավորել՝ ասում ենք բացեք, մենք մի բան կանենք, միասին կհասկանանք՝ ինչպես աշխատել, որ անվտանգ լինի, բայց ո՞րն է այդ «մի բան անելը»։ Կարելի է որոշել, թե ինչ ենք անելու, հետո գնալ հստակ բողոք ներկայացնելու։ Կա՞ հստակ առաջարկ, չկա։ Եթե անկեղծ լինենք, ապա հունվար-փետրվարից հետո գործը սառում է, պահքից հետո մի քիչ ակտիվանում է, ապա դադարում մինչև հունիսի կես։ Նույնն էլ հիմա են առաջարկում։ Այսինքն՝ ես կռվի իմաստը չեմ հասկանում, որ միանամ։ Ես էլ տանը մեծ ունեմ, գնամ իմ ու իմ ընտանիքի անվտանգությո՞ւնը դնեմ հարցի տակ։ Ես դա չեմ անի»։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...