ԺԱՄԱՆՑ

«Անհանգիստ էինք, որ հեռուստադիտողը մեզ չի ընդունի այս ձևաչափում»․ Հակոբն ու Արմենը՝ «Խաբկանք» հեռուստասերիալում

Երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը զբաղվածություն ունեն «Խաբկանք» նոր հեռուստասերիալում։ Սա Արմենի առաջին փորձն է ներկայանալու որպես դերասան, իսկ Հակոբը նկարահանվել է «Քարե դարդ» սիթքոմում, «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ Հակոբը Tert.am Life–ին պատմեց, թե ինչ մտավախություններ են ունեցել նկարահանվելու ընթացքում, ինչպես են ամաչելով հայտնվել «Տիկ-Տիկ»-ում և ուր են գնում իրենց օպերատորի հետ նկարահանումների ավարտից հետո։

Загрузка...

Ըստ Հակոբի՝  սերիալում նկարահանվելու առաջարկներ շատ են ունեցել: «Իմ անցած ճանապարհի ընթացքում սովորել եմ, որ ամեն առաջարկից չէ, որ պետք է հրաժարվել։ Պետք է միշտ փորձել նորը, որպեսզի հասկանաս՝ դա քո՞նն է, թե՞ ոչ։ Այս առաջարկը հետաքրքրեց, քանի որ այն էր, ինչ ուզում էինք։ Թե ՛ սցենարային, թե ՛ կերպարային առումով նորություն էր մեզ համար։ Ուրախ ենք, որ նախագծի սցենարիստը Անուշիկ Պետրոսյանն է։ Նկարահանման հրապարակում հրաշալի մթնոլորտ է, աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմում։ Նկարահանումները սկսվել էին դեռևս փետրվարին, բայց մի քանի սերիա նկարահանելուց հետո դադարեցվեցին կարանտինային իրավիճակի պատճառով,- ասաց նա ու հավելեց, որ նկատում են իրենց բացթողումները։ -Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հետաքրքիր ներկայանանք։ Եթե որոշել ենք նկարահանվել, պետք է լավ անենք մեր աշխատանքը»։  

Չնայած Արմենը ժամանակին խաղացել է Կամերային թատրոնում՝ սերիալում նկարահանվելու փորձ չի ունեցել․ «Անհանգիստ էինք, որ հեռուստադիտողը մեզ չի ընդունի այս ֆորմատում, բայց սիրում ենք փորձել, ընդլայնել մեր հնարավորություններն ու լսարանը։ Հատկապես այս շրջանում անելիքները քիչ են, ազատ ժամանակը՝ շատ։ Ներկայանում ենք որպես երգիչներ Հակոբ և Արմեն, մեր իրական տեսակից այնքան էլ չենք հեռացել։ Դեռ չենք փոշմանել, որ համաձայնել ենք։ Եթե մարդիկ սիրեն մեզ ու մեր կերպարները, կշարունակենք հանդես գալ այս ֆորմատում, եթե ոչ, կզբաղվենք միայն երգարվեստով»։

Սերիալում հանդես գալու որոշմանը նպաստել է նաև «Տիկ-Տոկ» հավելվածը, որտեղ երգիչները վերջին շրջանում բավականին ակտիվ են․ «Սկզբնական շրջանում մի փոքր ամաչում էինք, բայց ամաչելով նկարեցինք առաջին վիդեոն։ Հենց «Տիկ-Տոկ»-ներ նկարելուց հետո հասկացանք, որ կարող ենք մեզ փորձել նաև սերիալում։ Որքան էլ զարմանալի լինի, «Տիկ-Տոկ»-ում գրանցվելու գաղափարն Արմենինն էր։ Քանի որ մեր առաջին հոլովակը կես միլիոն դիտում ունեցավ, հասկացանք՝ երկրպագուները մեզ նաև այդ ֆորմատում են ընդունում, ինչո՞ւ չնկարահանել, եթե կարող ենք այդպես մարդկանց ուրախացնել։ Նաև մեզ համար էր հետաքրքիր։ Ամբողջ օրը տանն էինք, այդպես լցնում էինք նաև մեր օրը»։

Հակոբի խոսքով՝ մարդկանց մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, թե Արմենն ավելի ծանրակշիռ բնավորություն ունի․ «Իրականում՝ լրիվ հակառակն է։ Ես որևէ որոշում կայացնելիս երկար եմ մտածում, դիտարկում հարցը բոլոր կողմերից։ Արմենը մեր շրջապատի ուրախությունն է։ Ինչ ճիշտն է, չեմ կարող չասել (ծիծաղում է,-հեղ)» ։

Վերջին օրերին երգիչները նոր հետաքրքրություն են ձեռք բերել․ «Մեր օպերատորը՝ Վարշամը, շատ է սիրում բացահայտել Հայաստանի տարբեր եկեղեցիներ։ Միասին այցելել ենք արդեն յոթ եկեղեցի, որոնք Երևանից բավականին հեռու են։ Երկու օր ճանապարհներին ենք եղել։ Երկու օր առաջ նկարահանումից հետո, գնացել էինք Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանք մատուռը։ Երեկոյան ժամը ինն էր, մատուռի ներսից հոգևոր երգի հնչյուններ էինք լսում, շատ խորհրդավոր էր։ Ներսում եկեղեցու հավատավորներն էին և մի քանի քահանա, ովքեր մինչ առավոտ պետք է աղոթեին։ Մենք հետո իմացանք, որ դա կապված էր Քրիստոսի Պայծառակերպման տոնի հետ»։

Հակոբը հայտնեց, որ շուտով նաև երաժշտական նորություն կունենան, Կարենի և Սևակի հետ նոր երգ են պատրաստում. «Դեռ չգիտեմ՝ երբ կավարտենք աշխատանքները և տեսահոլովակ կնկարահանենք ։ Այս ընթացքում նաև սոլֆեջոյի պարապմունքների ենք հաճախում, կրթվելու հնարավորությունը բաց չենք թողնում»:

Loading...