ԺԱՄԱՆՑ

«Մենք շոուբիզնես մտնելու մտադրություն չունենք»․ Մանե Գրիգորյանը՝ դստեր և հայրիկի` Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ հոլովակի լայն տարածման մասին

Համացանցում լայն տարածում է գտել Արթուր Գրիգորյանի և թոռնուհու՝ Կայայի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նրանք նվագում են «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքը։

Կայայի մայրիկը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, Tert.am Life-ի հետ զրույցում ժպիտով նշեց, որ սպասում էին դրական արձագանքի, սակայն ոչ այս մասշտաբի։

«Ավելի վաղ իրենք միասին ամանորյա երկու երգ էին ներկայացրել, որոնք ևս տեղադրել էի համացանցում։ Շատ լավ խոսքեր ենք լսել, լավ մեկնաբանություններ, սակայն դեռ այնպես չէր եղել, որ մարդիկ այսքան տարածեին իրենց էջերում, չէինք էլ սպասում նման արձագանքի։ Կայայի մեջ երաժշտության հանդեպ սերը ծնված օրվանից կա։ Դեռ մեկ-երկու տարեկան էր, երգում էր, իհարկե, առանց բառերի։ Զարմանում էինք, որովհետև նա կարողանում էր երգը սկզբից մինչև վերջ մաքուր նոտաներով երգել։ Այդ տարիքի համար իսկապես զարմանալի էր Դեռ այն ժամանակ հասկացանք, որ բավականին երաժշտական երեխա է և սիրում է երգը»,- ասաց Մանեն։

Загрузка...



Հաղորդավարուհին նշեց, որ ավելի վաղ իրենք երաժշտական ձայնագրությունների տեսքով անակնկալներ են մատուցել տատիկին և
պապիկին։

7-ամյա Կայան շուտով կավարտի դաշնամուրի երկրորդ դասարանը։ Մանեի խոսքով՝ նա մեծ սիրով է հաճախում դասերին․ «Բավականին հաջողություններ ունի։ Հայրիկիս երգերն իրենք միասին են սովորում։ Հետաքրքիր է, որովհետև եթե ուրիշ երեխաների հետ մի քանի օրում են սովորում այս կամ այն ստեղծագործությունը, Կայան ընդամենը մի քանի ժամում է սովորում։ «Կյանք ու կռիվ»-ը սովորել են ընդամենը երկու ժամում։ Նրանք երկուսն էլ սիրում են միասին սովորելու գործընթացը»։
Մանեն ասաց, որ պապիկը շատ համբերատար է թոռնուհու հետ ու ժպիտով հավելեց․ «Օրինակ ինձ հետ կապված մի քիչ այլ էր։ Հայրիկս խուսափում էր, որ ես դաշնամուրի հաճախեի, լինեի երաժշտության ասպարեզում, սակայն թոռնուհու հետ և՛ հավեսը կա, և՛ ժամանակը։) Ես շատ ուրախ եմ, որ, ինձ շրջանցելով, դա գոնե փոխանցվել է աղջկաս»։



Հաղորդավարուհին նշեց, որ ապագայում դուստրը կորոշի` լինել այս ասպարեզում կամ ոչ․ «Կոնկրետ դաշնամուրով զբաղվելը չափազանց շատ ժամանակ և աշխատասիրություն է պահանջում։ Կայան սովորում է «Քվանտ» վարժարանում, որտեղ շատ ծանրաբեռնված է դասերով, քննություններով։ Զուգահեռ հաճախում է Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց։ Մենք չենք ստիպելու շարունակել, դեռ սիրով է անում։ Եթե սիրի և հաջողի երաժշտական ոլորտում, շատ հպարտ կլինեմ։ Բնականաբար, որպես մայրիկ, երազում եմ իր հաջողությունների մասին, սակայն որոշումն իրեն եմ թողնելու»։

Հարցին` հնարավո՞ր է Կայան երաժշտական տեսահոլովակ ունենա, Մանեն պատասխանեց․ «Տեսահոլովակի մասին չենք մտածել և, ճիշտն ասած, ոչ։ Դա արդեն շոուբիզնես է, իսկ մենք շոուբիզնես մտնելու մտադրություն չունենք։ Մենք կարևորում ենք ուսումը, մանկությունը։ Եթե երեխան մտնի շոուբիզնես, շատ բաներից զրկվելու է. թե՛ ես, թե՛ հայրիկս դա չենք ուզում։ Մեր ամբողջ ընտանիքը կողմ է պարզ, հասարակ մանկությանը»։

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...