ՕԳՏԱԿԱՐ

Ինչ է աթերոսկլերոզը և որոնք են դրա զարգացման հիմնական պատճառներն ու ախտանշանները

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ուստի սրտամկանի և անոթների մասին հոգ տանելն ու դրանց հիվանդությունները ժամանակին բուժելը շատ կարևոր է։ Այս համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկն աթերոսկլերոզն է, որը ժամանակին չհայտնաբերելու և անհրաժեշտ միջոցները չձեռնարկելու դեպքում կարող են լուրջ բարդություններ զարգանալ։

Загрузка...

Աթերոսկլերոզը քրոնիկ հիվանդություն է, որի զարգացման հիմնական պատճառն է հանդիսանում ճարպերի ու խոլեստերինի փոխանակության խանգարումը։ Նման խանգարման հետևանքով ճարպերն ու խոլեստերինը կուտակվում են անոթների պատերին՝ առաջացնելով աթերոսկլերոտիկ վահանիկներ։ Հիվանդությունը ժամանակին չհայտնաբերելու և միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են զարգանալ լուրջ խնդիրներ, սակայն վաղ ախտորոշման համար հարկավոր է անպայման իմանալ դրա զարգացման պատճառներն ու ախտանշանները և դիմել մասնագետին առաջին իսկ կասկածի դեպքում։

Հիվանդության զարգացման պատճառները

Աթերոսկլերոզի զարգացմանը հանգեցնող պատճառներն են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն ու զարկերակների ներքին թաղանթի վնասվածքները։ Առավել հաճախ հիվանդությունն ախտահարում է մանր ու միջին անոթները։ Բացի այդ, հիվանդության զարգացմանը նպաստող գործոն կարող են հանդիսանալ յուղոտ մթերքի չարաշահումը, վահանագեղձի գործառույթների խանգարումը, ճարպային փոխանակության խանգարում, ավելորդ քաշն ու ճարպակալումը, ծխախոտի չարաշահումը և այլն։

Աթերոսկլերոզի ախտանշանները

Այս հիվանդությունը կարող է դրսևորվել բավական վառ ախտանշաններով և դրանք անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել։ Եթե հիվանդության հետևանքով փակվել է կորոնար զարկերակի լուսանցքը, ապա հիվանդը կարող է գանգատվել ստենոկարդիայի (կրծքային հեղձուկ) նոպաներից, որոնք դրսևորվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ սրտամկանի հատվածում ի հայտ եկող բութ մղկտուն ցավով, որը տարածվում է նաև ձախ ուսի, ձեռքի և թիակի հատվածում։ Հետագա զարգացման դեպքում հիվանդությունը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի։

Գլխուղեղի անոթների ախտահարման դեպքում կարող է զարգանալ այս օրգանի սուր կամ քրոնիկ անբավարարություն, իսկ երիկամների անոթների ախտահարումը հանգեցնում է զարկերակային գերճնշման շատ վտանգավոր ու ծանր տեսակի զարգացաման։ Բացի այդ, հիվանդությունը կարող է ախտահարելի նաև աղիների անոթները, ինչը կհանգեցնի որովայնի ցավերի, փորափքանքի ու փորկապության։ Ընդ որում՝ ցավոտ զգացողություններն էլ ավելի ուժգին են լինում սնվելուց հետո։

Աթերոոսկլերոզը կարող է ախտահարել նաև վերջույթների արյունատար անոթները։ Ստորին վերջույթների աթերոսկլերոզի դեպքում աթերոսկլերոտիկ վահանիկները խցանում են այդ հատվածի անոթները, ինչը հանգեցնում է մի շարք տհաճ ախտանշանների։ Այս դեպքում հիվանդությունը հաճախ է դրսևորվում սառնության զգացումով, գունատությամբ և ցավոտ զգացողություններով, որոնք ի հայտ են գալիս քայլելու ընթացքում՝ ստիպելով հիվանդին կանգ առնել և սպասել մինչև ցավը կմեղմվի։

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

Նյութի աղբյուրը՝

Loading...