ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. Մարությանի քաղաքապետ լինելը վիրավորական է երևանցու համար. Աշոտ Բլեյանը՝ բերման ենթարկվելու մասին (տեսանյութ)

Մենք փորձել ենք 2020 թվականի մեր օրացույցով որոշած գործերը կատարել: Ես սովորականի պես իմ շրջայցն էի իրականացնում կրթահամալիրի ութ տարածքով և  Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից մեզ բերման են ենթարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց

Загрузка...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ներկայացնելով իր և ևս երկու ուսուցչի բերման ենթարկվելու դեպքը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման էին ենթարկել կրթահամալիրի հարակից տարածքից․ նրանք ավելի ուշ ազատ են արձակվել:

Նշենք, որ  այսօր  նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։

Բլեյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն են ունեցել կրթահամալիրի տարածքը չցանկապատել և քաղաքապետարանը առաջարկել էր այնտեղ ճանապարհ կառուցել: «Չի կարելի արժանապատվությունը ստորացնող ճանապարհ թողնել, և այդ ճանապարհը վտանգավոր է: Մեր ջանքերն այն է, որ այդ ճանապարհը, անցումը կառուցվի անվտանգ, մեր ուժերով, գեղեցիկ, հարմար»,- ասաց նա:

Բլեյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում հիասթափվել է այն բանից, որ վարչական շրջանի ղեկավարը անտարբերությամբ և անլրջությամբ է հարցին մոտենում: «Սա է խնդիրը: Ես դեռ չէի հասցրել իջնել մայր դպրոց և արդեն ոստիկանական ջոկատներ եկան, սա միայն հատուկ նախապատրաստված ակցիա կարող էր լինել: Ես կապվեցի փոխքաղաքապետ Վիրաբյանի հետ՝ պարզելու, թե ինչ է փոխվել, պարզվեց, որ սա լուրջ գործ է»:

Ըստ նրա՝ այստեղ մանկապարտեզի հետ ոչ մի խնդիր չկա, քանի որ տարածքը հանրային է: Նա նշեց, որ կրթահամալիրը մեծ վստահություն ունի քաղաքացիների շրջանում  և նման վերաբերմունքը քաղաքապետարանի կողմից անհարգալից է թե՛ քաղաքացիների նկատմամբ, թե՛ կրթահամալիրի կողմից տրվող կրթության վերաբերյալ: Նրա խոսքով՝ կրթական համակարգին առնչվող շենքերը առաջարկվող ցանկապատերով շրջափակելն անընդունելի է, քանի որ խախտվում են մարդու բարոյական իրավունքները:

«Ցավում եմ, որ այս ամենին Ոստիկանությունը ներքաշվեց, ինձ համար սարսափելի  էր դա տեսնելը: Մոտ 50 ոստիկան եկավ, ես ուշադիր նայում էի այդ իրողությանը, թե ինչպես է Ոստիկանությունը հսկում քանդման աշխատանքերին: Պարա՞պ է Ոստիկանությունը, գործ չո՞ւնի Ոստիկանությունը, ապօրինությունն իրականում մեր կողմից չէր: Ցավալի է, որ այսպիսի քաղաքապետ և քաղաքապետարան ունենք, որը կարող է ոստիկանական ուժեր բերել, կամ մանկապարտեզի ղեկավար, որը կարող է այս քայլին գնալ, մենք կհանդիպենք դատարանում, հարցը դա չէ, հարցն այն է, որ մենք թույլ ենք տալիս ոստիկանների բռնի ուժ կիրառման ականատես լինել»,- ասաց Բլեյանը և շեշտեց, որ նրանք բերման ենթարկման ժամանակ պարզապես նստած են եղել:

Ըստ նրա՝ երևանցին չի կարող հաշտվել այս իրադարձությունների հետ և «Իմ քայլը» դաշինքը պետք է անպայման քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: «Չի կարող Երևանն այդպիսի քաղաքապետ ունենալ, կներեք, բայց սա արդեն վիրավորական է երևանցու համար: Բլեյան Աշոտը հեշտ հետ  չի կանգնում իր գաղափարից: Մեր պայքարի ուղիները միշտ իրավական են»: 

ԱՂԲՅՈՒՐԸ՝