Լրահոս

«Այդ խոսքերը վաստակել եմ, հենց այնպես չեն տրվել ինձ». Աստղիկը` Նարբեի հետ կյանքի բարդ փուլի, ընտանեկան կյանքի և երեխաների դաստիարակության մասին

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը`Շուշին, արդեն 1,5 տարեկան է, որդին՝ Մոնթեն, շուտով կդառնա 6 տարեկան:
Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկը պատմել է երկու երեխայի մայր լինելու դժվարությունների, երեխաների օրը կազմակերպելու և Նարբեի հետ վիճելու պատճառի մասին:

Загрузка...

Աստղիկի խոսքով`մինչև Շուշիի ծնունդը մտածել է, թե մեկ երեխայի մայր լինելը մեծ հերոսություն է, սակայն երկու երեխայի մայր լինելը կրկնակի բարդ է: «Գտել եմ մի քանի բանալի, որոնցով հեշտացրել եմ երեխաներիս հետ հարաբերությունները: Քանի դեռ Շուշին տանը դայակի հետ է, ես Մոնթեին մանկապարտեզից մի քիչ շուտ եմ վերցնում, միասին ժամանցի որևէ վայր ենք գնում: Նույնն էլ Շուշիի դեպքում է: Երբ Մոնթեն պարտեզում է, ուշ եմ գնում աշխատանքի, որպեսզի նրան զբոսանքի տանեմ: Հանգստյան օրերին էլ որոշում եմ, թե ինչ ուտեստ պատրաստեմ, ինչպես մատուցեմ, ամբողջ ընտանիքով նախաճաշում ենք: Աշխատում եմ այնպես անել, որ երեխաներս հիշարժան մանկություն ունենան»:

Մոնթեն այս տարի դպրոց կգնա: Ըստ Աստղիկի`հայրիկի հետ յուրահատուկ հարաբերություններ ունի: «Նարբեի հետ շատ մտերիմ է, քանի որ իրար շատ նման են: Երկուսն էլ համարձակ, վճռական են, ինչից շատ եմ ուրախանում: Սկսել են առավոտյան շուտ արթնանալ ու այգի գնալ, մարզվել, քայլել»,-ասաց նա և ժպիտով նշեց, որ Շուշին էլ իրեն է շատ նման:

Խոսելով երեխաների դաստիարակության մասին`Աստղիկն ասաց, որ ինքն ու Նարբեն այդ հարցում շատ բծախնդիր են. «Երբ հասկանում ենք, ինչ-որ հարցում բավականաչափ գիտելիք ու փորձ չունենք, դիմում ենք մանկական հոգեբանի օգնությանը: Երեխաների դաստիարակության մասին գրքեր շատ ենք կարդում ու ինքնակրթվում»:

Աստղիկը վերհիշեց, որ ամուսնության առաջին հինգ տարին փորձություններով լի է եղել. «Սկզբնական շրջանում զույգն ինքնահաստատվում է մեկը մյուսի վրա, վիճում, հաշտվում, ընդհանուր օրենքներ գրում ու ընդունում: Մենք անցել ենք այս ամենի միջով, ու ես հասկացել եմ`կինը չպետք է փորձի իրեն ուժեղ ցույց տալ: Առողջ հարաբերություններում տղամարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ կինն իրեն պաշտպանված զգա»:

Անդրադառնալով իր և Նարբեի վեճերին`Աստղիկն ասաց. «Ամուսնուս ընտրել եմ իմ ամբողջ կյանքի համար: Նարբեն հաճախ ասում է`ուզում է ծերանալ ինձ հետ: Այս խոսքերը ես վաստակել եմ, հենց այնպես չեն տրվել ինձ: Վերջին շրջանում մեր վեճերը կենցաղային փոքրիկ հարցերի շուրջ են: Իրարից երկար նեղացած չենք մնում, խնդիրներին արագ լուծում ենք տալիս: Վերջերս Նարբեն ասում է, որ աշխատանքի ժամերս հստակ չեն, ուշ գնում եմ, շուտ դուրս եմ գալիս, բայց անկանոն ժամային գրաֆիկիս պատճառը, իհարկե, երեխաներն են»:

Մարիամ Խաչատրյան