ԺԱՄԱՆՑ

Փոփոխություններ «Դեպի ճամբարի» երկրորդ եթերաշրջանում․թիմին միացել են Ժաննա Բուտուլյանը, Գոհար Հարությունյանը՝ դստեր հետ

«Արմենիա TV»-ի աշնանային եթերաշրջանում հեռուստադիտողները կրկին կտեսնեն «Դեպի ճամբար» հումորային նախագիծը, որի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն մի քանի օրից՝ Լոռու մարզում:

Загрузка...

Նկարահանումներին ընդառաջ նախագծի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը հարցազրույց է տվել Tert.am Life-ին, պատմել նոր եթերաշրջանի առաջին մանրամասներն ու բացահայտել դերասանական կազմում եղած փոփոխությունների մասին:

«Դեպի ճամբար»-ում այս տարի չի նկարահանվի դերասանուհի Աննա Մանուչարյանը: Գրիգորը նշեց, որ նրա հետ կապված որևէ խնդիր չկա, պարզապես Աննային անձնական պատճառներով համար չէր նկարահանվել այս եթերաշրջանում:

Նրա հերոսուհու փոխարեն ճամբարն ունի գեղարվեստական նոր ղեկավար, որին կմարմնավորի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը: Դերասանական կազմին են միացել դերասաններ Գուրգեն Սարգսյանը, Արթուր Մկրտչյանը, «Փափուկ խաղալիք» նախագծում իր առաջին քայլերն արած Իլոնա Մկրտչյանը և այլք:

Նախագծում իր դերասանական քայլերը կանի «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը, կնկարահանվի նաև Գոհարի միջնեկ դուստրը՝ Բիայնան:

«Կապ չունի, որ Բիայնան Գոհարի աղջիկն է, նա վաղուց է մեր սանը, սակայն այս տարի նրան ընդգրկեցինք նախագծում, քանի որ մեծ առաջադիմություն ուներ: Ծնողները մեզ  շատ են հարցնում, թե ինչպես կարող են իրենց երեխաներին բերել նկարահանման: «Դեպի ճամբարի» քասթինգին մասնակցում են միայն մեր ստուդիայի սաները: Ընդ որում՝ սաներից ընտրվում են նրանք, ովքեր իսկապես լավ առաջադիմություն ունեն»,- ասաց դերասանը:

«Դեպի ճամբարի» երկրորդ եթերաշրջանը նախատեսվում էր գարնանը, սակայն եղանակային պայմաններից ելնելով ստեղծագործական թիմը որոշեց նկարահանումներն իրականացնել ամռանն ու եթերում լինել աշնանը: Ըստ Գրիգորի՝ դադարը դրական է ազդել իրենց վրա: «Երկրորդ եթերաշրջանում սցենարական լուծումները շատ ավելի լավն են»,- կարծում է նա:

Նկարահանումները տևելու են մոտ 20 օր՝ Լոռու մարզում: «Արտակարգ դրության պայմաններում նկարահանումներ իրականացնելը շատ ավելի բարդ է, սակայն մեր իրավաբանը խոսել է պարետատան հետ: Ամեն բան համաձայնեցված է, կարգը՝ հստակեցված, նկարահանման հրապարակում կպահպանենք բոլոր կանոնները: Նկարահանման ընթացքում թիմը մնալու է ճամբարում, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ շփումն էլ հասցված է նվազագույնի»,- ասաց նա ու հույս հայտնեց, որ ամեն բան հարթ կընթանա:

ՀեղինակԱմալյա Հովհաննիսյան