ԺԱՄԱՆՑ

«Արամեի սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով». Աննա Թովմասյանը խոհանոցային նոր հաղորդում է սկսում

Երգչուհի Աննա Թովմասյանի հետևորդները գիտեն խոհանոցի հանդեպ նրա մեծ սիրո մասին: Աննան, գրեթե ամեն օր հրապարակում է, թե ինչ համեղ ուտեստ կամ խմորեղեն է պատրաստել:

Загрузка...

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան ասաց, որ պատրաստելուց հաճույք է ստանում, նա պատմեց նաև ուտեստների պատրաստման ընթացքի մասին հաղորդում նկարահանելու, Արամեի նախասիրությունների և խոհանոցային իր ձախողման մասին:

Աննայի խոսքով` ամեն օր պատրաստելն իր համար հոգս չէ: «Եթե երեխաները խանգարում են, լացում են, այդքան էլ հաճույք չեմ ստանում պատրաստման գործընթացից, բայց երբ չեն խանգարում, հաճույքով եմ պատրաստում: Երբ ունենում եմ սահմանափակ մթերքներ, ստեղծագործում եմ,- ասաց նա ու հավելեց, որ ձախողումներ էլ է ունենում,- մի անգամ բիսկվիտ էի պատրաստում, հերթով քայլերով տեղադրում էի իմ էջում: Վերջում տեղադրեցի ձախողված արդյունքը, քանի որ բիսքվիտն ընդհանրապես չէր բարձրացել: Բոլորին դուր էր եկել իմ անկեղծությունը»:

Աննան վերհիշեց, որ պատահական է սկսել հետևորդների հետ կիսվել իր բաղադրատոմսերով. «Մի օր որոշեցի կիսվել, թե այդ օրն ինչ եմ պատրաստում: Այնքան շատ արձագանքներ եղան, որ ոգևորվեցի: Ինձ շատ էին գրում, որ առանձին էջ բացեմ, կկիսվեմ իմ բաղադրատոմսերով: Արամեն էլ ասաց, որ շատ լավ գաղափար է: Արդյունքում արդեն ունենք նկարահանած երկու հաղորդում, որոնք շուտով հասանելի կլինեն յութուբյան իմ ալիքում: Հաղորդումներից մեկում ծովախեցգետիններով սպագետտի եմ պատրաստել, մյուսում` շատ համեղ նախաճաշ: Երկուսն էլ առաջին անգամ եմ պատրաստել: Հաղորդումները նկարահանել է Սյոմա Կոդաբաշյանը: Չեմ ասի, որ շատ պրոֆեսիոնալ ենք նկարահանել, որովհետև ես դեռ բլոգեր չեմ: Կարծում եմ` հետևորդներիս դուր կգան, որովհետև «Ի՞նչ եփել այսօր» հարցն ամեն օր բոլորիս է հուզում: Ես դեռ մեկ ուտեստ եմ պատրաստում, բայց մեծ ընտանիքներում կանայք 2-3 ուտեստ են պատրաստում մեկ օրվա ընթացքում»:

Աննան ընդգծեց, որ մանկուց է սիրել խոհանոցը. «Դեռ փոքրուց սովոր եմ համեղ ուտեստներին, քանի որ մայրիկս շատ համեղ է պատրաստում: Մինչև ամուսնությունս խոհանոցում հաճախ չէի լինում, պատրաստում էի այնպիսի ուտեստներ, որոնք, երևի, բոլորն են կարողանում պատրաստել` տապակած կարտոֆիլ, պյուրե կարտոֆիլ: Ամուսնությունից հետո սկսեցի հաճախ պատրաստել ու հասկացա, որ խոհանոցի հանդեպ մեծ սեր ունեմ»:

Երգչուհին նաև ասաց, որ իրենց ընտանիքում շատ են սիրում հայկական ավանդական ուտեստներ, ինքն էլ ամեն ինչ կարողանում է պատրաստել: Հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսերն էլ մայրիկից է վերցնում. «Ես կարողանում եմ պատրաստել հրաշալի տոլմա, օրերս նույնիսկ հաց եմ թխել, շատ լավ էր ստացվել: Չնայած ժամանակատար գործընթաց է` հետագայում անպայման էլի կփորձեմ հաց թխել, քանի որ շատ համեղ է ստացվում»:

Խոսելով ամուսնու` Արամեի խոհանոցային նախասիրությունների մասին` Աննան ասաց. «Արամեի սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Հաճախ կատակում եմ, որ եթե Արամեն ինձ չսիրեր, կարող էր սիրել համեղ պատրաստող ցանկացած աղջկա, նա էլ կատակով պատասխանում է, որ ճիշտ եմ: Խոհանոցում նրան գոհացնելը շատ հեշտ է, որովհետև ուտում է ամեն ինչ, խառը ուտեստներ շատ է սիրում, երկուսս էլ հատկապես ձվածեղ ենք սիրում: Շատ ենք սիրում առավոտյան նախաճաշել, հիմնականում, նախաճաշին ձվով ինչ-որ ուտեստներ եմ պատրաստում»:

Աննան ժպիտով նշեց, որ Արամեն խոհանոցից շատ հեռու է: «Մի անգամ տանը չէի, ճաշ էի պատրաստել ու թողել սառնարանում: Արամեն զանգահարեց ու հարցրեց, թե ինչպես պետք է տաքացնի այն, շատ զավեշտալի էր,- ասաց նա, միաժամանակ նկատեց,- վերջերս նրան համոզեցի, որ խաշլամա պատրաստի: Ընթացքում Արամեն այնքան ոգևորությամբ էր պատրաստում, մեկնաբանում էր, թե ինչ է կտրատում, ինչպես պետք է պատրաստի, վերջում շատ համեղ ստացվեց: Այնպես որ, պոտենցիալ ունի»:

Անդրադառնալով երեխաների` Մարատի և Աննա Մարիայի համար պատրաստած ուտեստներին` երգչուհին ասաց. «Մարատի ճաշիկներն առանձին եմ պատրաստում, Աննա Մարիայի համար էլ, երբեմն, առանձին եմ պատրաստում, նաև ուտում է այն ուտեստներից, որոնք մեզ համար եմ պատրաստում: Աննա Մարիան խոհանոցի հանդեպ մեծ սեր ունի: Երբ տեսնում է այն ափսեն, որի մեջ խմորեղեն եմ պատրաստում, ասում է, որ հենց այդ պահին պետք է տորթիկ պատրաստենք: Պատրաստման հարցում էլ ինձ շատ է օգնում»:

Վերջում Աննան առաջարկեց փանքեյքի պատրաստման արագ և հեշտ եղանակ.

Պահանջվող մթերքներ`

ալյուր` 150 գր

շաքարավազ` 3-4 ճ/գ

մի պտղունց աղ

փխրեցուցիչ` 7 գր

սոդա` 1,5-2 գր

կեֆիր` 225 մլ

ձու` 2 հատ:

Ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, շաքարավազն ու աղը խառնել իրար: Առանձին տարայի մեջ խառնել ձուն և կեֆիրը, ավելացնել չոր բաղադրիչները: Փանքեյքերը պատրաստել չոր, առանց ձեթի թավայի մեջ՝ երկու կողմից:

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝