ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Ո՞վ ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ոչ հօգուտ ազգային պետականության գաղափարաբանությունը նահանջել է». Մհեր Նավոյան

Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Պապ թագավորի կերպարի իդեալականացմանը և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին՝ նկատեց. «Եթե պետականություն են իդեալականացնում, ապա բարի եղեք այս դիսկուրսի մեջ չվիրավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ոչ միայն այն պատճառով, որ նա Հայ Առաքելական եկեղեցու աստիճանակարգության վերին դիրքերից մեկն է զբաղեցնում և Քրիստոսի իշխանության իրացնողներից մեկն է երկրի վրա, այլև այն պատճառով, որ, եթե հարգում եք Պապ թագավորին, ապա ինչո՞ւ Հեթումյան դինաստիային չեք հարգում, նա Հեթումյան դինաստիայի այսօր վկայված կենդանի ժառանգորդն է: Նա Հովհաննես Աջապահ արքաեղբոր շառավիղն է, ինչո՞ւ հարգալից չեք նրա հանդեպ: Հետո՞ ինչ, որ մարդն այդ մասին ամեն տեղ չի գրում, բա, իմանայիք, բա թագավորական իշխանության հանդեպ հարգանքի մասին ենք խոսում՝ որպես մեր պետական գաղափարաբանության շարունակականություն»:

Загрузка...

Հարցին՝ որտե՞ղ է նկատել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նման վերաբերմունք, նա պատասխանեց՝ բանավեճերի ժամանակ:

«Եկեք՝ հետևողական լինենք մեր վերաբերմունքի մեջ: Հետևողական չլինելը դարձյալ գաղափարաբանական հիմքեր ունի: Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի առանձին դիտարկվող երևույթ այս դեպքում առանձին չէ. դա նեոլիբերալ գաղափարաբանության հսկա ճնշումն է հայ իրականության վրա, դրսևորվում է որոշ հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, չափորոշիչների տեսքով, պատահականորեն կարող է այս կամ այն պաշտոնյայի բերանից որևէ խոսք հնչել, բայց ես վստահ եմ, որ նրանք անձնական հարաբերությունների ժամանակ շատ էլ հարգալից են»,- նկատեց նա:

Ըստ նրա՝ նեոլիբերալիզմը գալիս է իր հակոտնյան՝ ազգային պետականության մոդելը, հերքելու. «Ազգային պետականության մոդելը, որ մենք մեզ համար գոնե հստակեցրել ենք 19-րդ դարի երկրորդ կեսին՝ որպես մեր պետական այն ժամանակ վերականգնվող երազական իդեալ, զարմանալիորեն մեր պետականության վերջին փուլում չիրականացավ: Երբ մենք հնարավորություն ունեցանք ստեղծելու մեր նորանկախ պետականությունը՝ 90-ականների սկզբին, այդ գաղափարը փլուզվեց՝ ժամանակի առաջնորդի ազգայինի վերաբերյալ ունեցած գաղափարաբանությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարաբանությունը մեկ անգամ չէ, որ վկայվել է, որ դրսևորվել է ոչ հօգուտ ազգային պետականության գաղափարի»:

Ճշտող հարցին՝ հիմա ի՞նչ ունենք, նա այսպես պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարաբանությունը նահանջել է. նա շատ հանգիստ համադրվում է նեոլիբերալիզմին, այսինքն՝ գլոբալացվող աշխարհի կոնտեքստում ներգրավվող պետականության մոդելին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

ԱՂԲՅՈՒՐԸ՝