ԺԱՄԱՆՑ

«Ինձ դուր է գալիս, երբ դրսում ճանաչում են». 22-ամյա Թամի Սահակյանը` Տիկ տոկում հայտնի դառնալու, պլաստիկ վիրահատության և «Խաբկանք» հեռուստասերիալում նկարահանվելու մասին

Տիկ-տոկից լսարանին հայտնի 22-ամյա Թամարա Սահակյանը սիրում է, երբ իրեն Թամի են դիմում: Թամարա անունը փոքրուց չի սիրել: Մոտ երեք տարի առաջ Ինստագրամում տեսել է մի ամերիկուհու, ում անունը նույնպես Թամարա էր, բայց գրանցված էր որպես Թամի, այդ օրվանից Թամարան դարձել է Թամի ու այդ անունով ներկայացել հետևորդներին:

Загрузка...

Tert.am Life-ը Թամիի հետ զրուցել է Տիկ տոկի հարթակը գրավելու և նպատակների մասին:

Նա Տիկ-տոկում գրանցվել է շուրջ վեց տարի առաջ, բայց ջնջել է էջը, քանի որ իր հոլովակները քննարկման առարկա են դարձել ոչ միայն իրեն անծանոթ, այլև ծանոթ մարդկանց շրջանակներում: Վերաբացել է էջը երկու տարի առաջ ու հիմա ունի արդեն 160 հազար հետևորդ: Վստահեցնում է` իր հետևորդներն իրական են: Ինստագրամում 31 հազար հետևորդ ունեցող աղջիկն իր էջը բացել է 5 տարի առաջ, ասում է` ոչ թե բաց լուսանկարների, այլ իր հոլովակների միջոցով է հետևորդներ հավաքել, իսկ ինստագրամյան էջն ակտիվացրել է Տիկ-տոկի շնորհիվ:

Նրա խոսքով` Ինստագրամ և Տիկ-տոկ հավելվածները ոչ միայն ազատ ժամանակ անցկացնելու, այլև գումար վաստակելու լավ միջոց են, բայց դա իրեն այդքան էլ չի գրավում:

 «Ինստագրամի միջոցով հնարավոր է գումար վաստակել, բայց ես դա արել եմ մեկ-երկու անգամ, քանի որ չեմ ուզում իմ էջում շատ  գովազդ լինի: Ամենամեծ գումարը, որ վաստակել եմ Ինստագրամի միջոցով, եղել է 20 հազար դրամը: Տիկ-տոկում նույնպես հնարավոր է գումար վաստակել գովազդի միջոցով: Այնտեղ ավելի հաճախ եմ գովազդներ անում, բայց այնպես, որ ցայտուն չլինի,- ասաց նա ու հավելեց, որ գումար վաստակելու այլ տարբերակ էլ ունի։ — Արդեն երկու տարի է`  իմ հոբբիի` մատնահարդարման շնորհիվ իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում: Մատնահարդարմամբ զբաղվում եմ արդեն 2,5 տարի, աշխատում եմ մայրիկիս գեղեցկության սրահում: Դեռ փոքրուց շատ էի սիրում մայրիկիս ընկերուհիներին մատնահարդարում անել: Երկու տարի է` աշխատում եմ նաև դիզայներ Արամ Նիկոլյանի մոտ: Քաղաքի բոլոր հայտնի համերգների բեքսթեյջերում ես կամ»:

Այժմ նա նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում։ Չգիտի` Ինստագրամի՞, թե՞ Տիկ-տոկի շնորհիվ է հայտնվել էկրանին.  «Անձնակազմն իմ հոլավակները տեսել էր: Նախկինում նկարահանվել եմ առաջատար հեռախոսային կապի ընկերություններից մեկի գովազդային հոլովակում: Շուրջ վեց ամիս իմ լուսանկարներն ամբողջ քաղաքում էին, ինչով շատ էի հպարտանում»:

Հայտնի դառնալու մասին Թամին երազել է փոքր տարիքում. «Մտածում էի հայտնի դառնալ, որ Հայաստանի մասին ավելի շատ մարդիկ իմանան: Ուշադրության կենտրոնում լինելու հակված չեմ, բայց սիրում եմ: Ինձ դուր է գալիս, երբ դրսում ճանաչում են, բայց դուր չի գա, երբ բացասական մեկնաբանություններ շատ ոն լինում: Ով շատ է ուշադրության կենտրոնում լինում, նրա մասին բացասական մեկնաբանություններ ավելի շատ են գրում»:

Չնայած աղջկան բազմաթիվ վիրահատություններ են վերագրում` վստահեցնում է` արել է ընդամենը մեկը, այն էլ` փոշմանել է. «Քիթս պլաստիկ վիրահատել եմ, քանի որ կոտրել էի երեք անգամ: Բայց Ինստագրամում այդ հարցին չեմ պատասխանում, քանի որ հաջորդ հարցը լինում է` ում մոտ եմ վիրահատել: Ես իմ բժշկից ընդհանրապես գոհ չեմ ոչ շնչառական, ոչ էլ տեսքի առումով, ուղղակի չեմ ուզում նրան բացահայտել: Նախկինում միայն կողքից նկարվելիս բարդույթ ունեի, դիմացից խնդիր չկար: Հիմա հակառակն է` բարդույթ ունեմ դիմացից նկարվելիս»:

Թամին այս տարի է ավարտել Մանկավարժական համալսարանի Հագուստի մոդելավորման բաժինը: Ասում է` եթե չլիներ համաճարակային իրավիճակը, կդիմեր Գեղարվեստի ակադեմիա։ Որոշել է դիմել հաջորդ տարի, քանի որ օնլայն դասեր չի սիրում:

Թամիի հայրը տնտեսագետ է, մայրը գեղեցկության սրահ ունի,  դրան զուգահեռ տորթեր է պատրաստում. «Ունեմ քույր և եղբայր: Քույրս ինձնից երկու տարի մեծ է, ունի անգլերեն լեզվի կենտրոն, իսկ եղբայրս 17 տարեկան է, սովորում է դպրոցում: Նրանք ինձ միշտ ոգևորել են, բայց իմ գործերին չեն միջամտել: Ուղղակի երբեմն ասում են, որ ինչ-որ հոլովակ ջնջեմ: Մի անգամ ռուսալեզու երգի տակ հոլովակ էի նկարել ու չէի նկատել, որ երգի մեջ վատ բառ կա: Նրանք նկատեցին, ջնջեցի այդ հոլովակը: Մեկ անգամ էլ ուղղակի պարն ինձ մոտ լավ չէր ստացվել, ասացին` թող ստացվի, նոր տեղադրիր»։

Զրույցի վերջում նա ասաց, որ շուն ունի` Բոբին, որն իր կյանքի երազանքն է եղել:

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝