ԺԱՄԱՆՑ

«Պետք է ավարտել այն, ինչ ավարտվելու է․ չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել»․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու ամենագեղեցիկ մայրամուտը

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է Սևանի ափին՝ մայրամուտին։ Նա այն տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել իր կյանքի ամենագեղեցիկ մայրամուտի և հարաբերությունների ավարտի մասին։

Загрузка...

Ասում է՝ իր կյանքում էլ հիմա մայրամուտ է, սակայն դա նշանակում է, որ շուտով լուսաբաց կլինի, և ինքը կշողա ավելի պայծառ, քան նախկինում։

«Իմ մայրամուտը դեռ չի անցել սարի հետևը։ Դեռ պրոցեսի մեջ է, չի փակվել։ Հենց գա այն պահը, որ արևը փակվի, շատ արագ փոփոխություն է լինելու, որից հետո կլինի նոր Լիա՝ նոր գործունեությամբ, էմոցիաներով ո հաջողություններով։ Միգուցե, ես էլ դեռ  պատրաստ չեմ նոր բանի։ Այս ավարտում ուզում եմ բաց թողնել այն, ինչը կիսատ է իմ կյանքում, իսկ այն, ինչ ընթացքի մեջ է, ինձ հետ տանում եմ նոր փուլ»,- ասաց Լիան։

Ըստ դերասանուհու՝ իր կյանքում տխուր ավարտներ չեն եղել։ Հարաբերությունները միշտ ավարտել է քննարկման արդյունքում։

«Վատ էմոցիաներով ավարտ չեմ ունեցել, թեև ավարտն ինքնին վատ է․ չէ՞ որ դու ինչ-որ բան էիր կառուցում։ Սակայն պետք է ավարտել այն, ինչը վաղ, թե ուշ ավարտվելու է։ Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել։ Եթե զգում եմ մի բան հեռանկար չունի, ինձ չի տանում դեպի հաջողություն, կտրուկ ավարտում եմ այն։ Ինձ համար ամենադժվարը ավարտի գիտակցությանը հասնելն է, հենց գալիս եմ այդ գիտակցությանը, հանգիստ ասում եմ՝ հաջողություն։ Ամեն դեպքում, իմ կյանքում ավարտը  միշտ եղել է քննարկման, իրար հասկանալու արդյունքում։ Եթե հարաբերությունը ավարտել ենք, հաջորդ օրը հանդիպել ենք ու շատ նորմալ շփվել ենք»,- նշեց նա։

Լիան շեշտեց, որ շատ է սիրում մայրամուտը, սակայն այն գեղեցիկ է, քանի որ հաջորդ օրն արևածագ է լինելու․ «Մայրամուտն առանց արևածագի սիրուն չէ»։

Դերասանուհին նշեց, որ իր կյանքի ամենագեղեցիկ մայրամուտը եղել է ճամփորդության ժամանակ՝ Իտալիայի Տրիեստե քաղաքում։

«Նավահանգստում մենակ էի, քանի որ ընկերներս, ում հյուր էի գացել, աշխատանքի էին։ Լողում էի, կարդում, մտքեր գրում։ Քարին նստած ֆիքսեցի գազարագույն՝ քաղցր կարմրին խփող արևամուտը։ Այդքան ժամանակ մտքովս չէր անցել ափին նկարվել, բայց անծանոթ մարդկանց խնդրեցի ինձ  նկարել իմ ֆիքսած կադրով։ Դրանից հետո ես հասկացա, որ սիրում եմ ֆիքսել ամենագեղեցիկ մայրամուտները»,- ասաց նա։

Լիան իրեն էլ է ասոցացնում այդ երևույթի հետ․ «Ես շատ եմ սիրում մայրամուտի տեսարանը։ Երբ նայում եմ մայր մտնող արևին, ինձ եմ պատկերացնում՝ աղջիկ, ով ամբողջ օրվա ընթացքում ունի զբաղվածություն, ինչ-որ մարդկանց օգուտ է բերում, ընտանիքին՝ ջերմություն, ընկերներին՝ պոզիտիվ, բայց օրվա վերջին գալիս է պահ, երբ զգում եմ, որ ես սպառվում եմ։ Պիտի իմ շողքով, փայլով, էներգիայով առանձնանամ, որպեսզի առավոտյան նոր էներգիայով, նոր  սիրով, աշխատանքային նոր եռանդով դուրս գամ»։

Լուսանկարները՝ Iconn Միլեն Մանուկյանի

ԱՂԲՅՈՒՐԸ՝