ԺԱՄԱՆՑ

«Մեզ հանկարծակիի չեն բերել՝ ասելով, որ նախագիծը փակվում է». Լիլիթ Մուրադյան

«Եթե բոլորը» սոցիալական նախագիծը չի շարունակվի Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում: Bravo.am-ի հետ զրույցում ծրագրի հաղորդավար Լիլիթ Մուրադյանն անկեղծացել է ստեղծագործական թիմի ապրումների, նոր նախագծերում ընդգրկված լինելու, նաեւ՝ ընկերական ու ընտանեկան հարաբերությունների մասին:

— Հեռուստադիտողի համար «Եթե բոլորը»-ի փակվելն անսպասելի էր.  մինչ որոշում կայացնելը եղե՞լ է քննարկում հեռուստաընկերության ղեկավարության հետ:

— Ուզում եմ պարզ լինի, որ մեզ հանկարծկիի չեն բերել՝ ասելով, որ նախագիծը փակվում է. մենք տեղյակ ենք եղել, եւ այս որոշումը եղել է պլանավորված:
«Եթե բոլորը»-ն  ունեցել է շատ գեղեցիկ սկիզբ եւ, կարծում եմ, նույնպիսի ավարտ:
Մենք եթերում ենք եղել չորս տարի եւ կարողացել ենք իրականացնել ի սկզբանե դրված նպատակը՝ հնարավորություն տալ մարդուն 500 դրամով ճակատագիր փոխելու:

Загрузка...

Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


Տարիների ընթացքում ունեցել ենք ձեւաչափային փոփոխություն. սկզբում այն տաղավարային էր, ապա պատմությունները ներկայացրինք փոքրիկ փաստավավերագրական ֆիլմերի տեսքով: Ի սկզբանե «Եթե բոլորը»-ը շատ ռիսկային նախագիծ էր, քանի որ հայկական հեռուստաեթերում նմանը դեռեւս չէր եղել, բայց, կարծում եմ, հատկապես Հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն կրող նման ծրագրեր:

Այս նախագիծը մի անփոխարինելի կամուրջ էր նաեւ Սփյուռքի համար, քանի որ հիմնական օգնությունը եղել է հենց այնտեղից, եւ մարդիկ էլ հնարավորություն են ունեցել կատարած աշխատանքի ականատեսը լինելու: Ես շնորհակալ եմ մեր բոլոր այն ղեկավարներին, ովքեր հնարավորություն տվեցին իրականացնելու մեր այս խենթ գաղափարը, եւ հետ նայելով՝ կարող եմ ասել, որ ձախողում չենք ունեցել:
Եկեք չասենք, որ այս նախագծի էջը եթերում փակել ենք, պարզապես որոշակի դադար ենք վերցրել:

—  Ի՞նչ զգացողություններ, մտքեր ունեք հիմա, երբ փոքրիկ ամփոփումով ավարտեցիք տարիների աշխատանքը:

— Զգացողությունները շատ տարբեր են: Նախ ասեմ, որ ամփոփիչ թողարկման համար մենք շատ մեծ պլաններ ունեինք, սակայն համավարակը խանգարեց, եւ չկարողացանք համախմբել բոլոր երեխաներին, ծնողներին, բարերարներին, պատկան մարմինները եւ ամփոփիչ թողարկումը վերածել տոնի:

Մեր ամբողջ թիմը շատ հուզված է, սակայն կարծես մի մեծ բեռ էլ ընկած լինի մեր ուսերից, քանի որ վերապրել ենք յուրաքանչյուր երեխայի պատմություն. եթե հասկացել ենք, որ հաղորդումն ինքնուրույն չի կարողանում հավաքել պահանջվող գումարը, դիմել ենք այլ տարբերակների՝ բարեգործական ընթրիք-աճուրդ, մի շարք համերգներ:

— Հիմնադրամը կշարունակի՞ գործել եւ այդ դեպքում ո՞ր հարթակում կներկայացվեն երեխաների պատմությունները:

— Այո, կշարունակենք աշխատել. գուցե համավարակն ավարտվի, եւ փոքրիկ ռեպորտաժներով ներկայացնենք պատմությունները՝ համացանցային ձեւաչափով: Սրանք դեռեւս օդում կախված գաղափարներ են, որոնք չենք իրագործել: Այս պահին ունենք գերխնդիր․ բոլոր այն երեխաներին, որոնց նկարահանել ենք, ապահովել ֆինանսական  աջակցությամբ:

Լիլիթ Մուրադյանը


— Նոր նախագծերում զբաղվածություն ունե՞ք:

— Այո, եւ ես, եւ Վահեն նոր եթերաշրջանում ունենք զբաղվածություն եւ լինելու ենք մեր սիրելի Առաջին ալիքի եթերում, պարզապես բավական հետաքրքիր փոփոխություն է լինելու. առնվազն մեկ տարի հեռուստադիտողը չի տեսնի մեզ նույն հաղորդման շրջանակում:
 
— Հեռուստադաշտում այսօր  հաղորդավարի դերում հիմնականում դերասաններ են. ըստ Ձեզ, ինչո՞ւ պրոդյուսերները չեն  դիտարկում եւ հնարավորություն չեն տալիս երիտասարդ լրագրողներին լինելու եթերում:

— Այս հարցն ինձ համար ամենացավոտներից է. միշտ կասեմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, եւ այո՛, շատ սխալ է, որ սկսնակ լրագրողներին չի տրվում հնարավորություն իրենց յուրացնելու եթերում: Որպես կանոն նախապատվությունը տրվում է դերասաններին, իսկ լավ լրագրողներն այդպես էլ մնում են այդ դերում: Եկեք չխառնենք դերասանի, երգչի եւ հաղորդավարի մասնագիտությունները:
Չկա հաղորդավարական դպրոց, եւ սա էլ մի խնդիր է. երբ ինձ հարցնում են՝ որտե՞ղ սովորել հաղորդավարի մասնագիտությունը, ես չունեմ հստակ պատասխան, բացի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից:



Մեծ հույս ունեմ, որ եթերի պատասխանատուները, պրոդյուսերները կվերանայեն իրենց որոշումները եւ կստեղծեն հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ցույց տալ իրենց ունակությունները. գուցե մեր կողքին կան շատ զարգացած, ինտելեկտուալ, խելացի կադրեր, ովքեր շատ ավելի արժանի են լինելու եթերում, քան նրանք, ովքեր մեկ-երկու հեռուստասերիալում նկարահանվելուց հետո արագ կարողանում են դառնալ հաղորդավար:

Լիլիթ Մուրադյանի ընտանիքը


Որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց ես ունեցել եմ առաջարկ ֆիլմում նկարահանվելու եւ կտրուկ մերժել եմ. ես հաղորդավար եմ եւ չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում:

— Բավական ակտիվ եք սոցցանցերում, ու վերջերս նկատեցի, որ մի հրապարակման մեջ անդրադարձել էիք  ընկերուհիների դավաճանության թեմային. նման փորձ ունեցե՞լ եք:

— Չեմ թաքցնի՝ ընկերուհիների հարցում բախտս այնքան էլ չի բերել, չնայած ունեմ ընկերուհի, ով ուղեկցում է ինձ գրեթե ողջ գիտակցական կյանքիս ընթացքում՝ մոտ 22 տարի: Իհարկե, լինում է ձախողված ընկերություն նույնիսկ տասնյակ տարիներ շփվելուց հետո. եթե ասեմ, որ ունեմ բազում ընկերուհիներ, կստեմ. ունեմ ընկերներ, որոնց հետ շփվում եմ  ու որոնց հետ ինձ մշտապես կտեսնեն դրսում, սակայն կյանքիս լավագույն ընկերուհիներն իմ ընտանիքի անդամներն են՝ մայրս, մորաքույրս եւ իմ անփոխարինելի ընկերը՝ ամուսինս:



— Ձեր ընտանիքն օրինակ է շատերի, հատկապես Ձեր հետեւորդների համար:

Զրույցն ամփոփենք այդ ընտանիքը կերտելու եւ առողջ պահելու Ձեր բանաձեւով:


— Մեր ընտանիքը մինչ իդեալական կերպար ստանալն անցել է շատ դժվարությունների միջով. ունեցել ենք շրջան, որ թվում էր, թե մեզ այլեւս ոչինչ չի կարող կապել, եւ ժամանակն է, որ յուրաքանչյուրս գնանք մեր ճանապարհով, այնպես որ սոցցանցային իրականությունում տեսնելով կոնֆետի գեղեցիկ փաթեթավորումը՝ խաբվել պետք չէ: Մենք անցել ենք դժվար ճանապարհ, բայց անցել ենք միասին:

Հիմա մեր երջանկությունը որեւէ բանաձեւ չունի, պարզապես հասկացել ենք, որ իրար համար ամենակարեւորն ենք. երբ գալիս է այս գիտակցումը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը։
Լուսանկարները՝ Լիլիթ Մուրադյանի անձնական արխիվից։