ԺԱՄԱՆՑ

Հրաչուհի Ամիրյան. «Եթե սեր չլինի, ամուսնական կյանքը կարող է դժոխք դառնալ»

Կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանի ընտանիքը 3 տարեկան է: Թե ինչպես են նշում հարսանիքի օրը, արդյոք միմյանց համար նվերներ պատրաստում են, ինչն են կարեւորում ընտանիքում, դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Загрузка...



«Ամեն տարի միասին նշում ենք հարսանիքի օրը, այս տարի որոշել էինք այդ օրը մկրտել մեր որդուն՝ Վարդանին, քանի որ նրա տարեդարձի օրը չէինք կարողացել անել: Բայց թագավարակի պատճառով կրկին հետաձգվեց: Իսկ ես եւ ամուսինս ավանդույթի համաձայն երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում նշեցինք առիթը եւ փոխանակվեցինք նվերներով»,- նշել է Հրաչուհին եւ ավելացրել,- «Ճիշտ է՝ մեր ընկերներն ասում էին, որ ամուսնությունից հետո այլեւս այդպես չենք անի, բայց, կարծում եմ, նույնիսկ փոքրիկ նվերը, ուշադրությունն այդ օրն ավելի հաճելի է դարձնում: Իհարկե, ձեռքբերումներ ունեցել ենք այս 3 տարիների ընթացքում, տուն ենք գնել, վերանորոգել ենք, իսկ անգնահատելի մեր ձեռքբերումը մեր տղան է»:



Դերասանուհու խոսքով, եթե սեր չլինի, առհասարակ ամուսնական կյանքը կարող է դժոխք դառնալ. «Երբ սկսում ես մարդու հետ կենցաղ կիսել, խնդիրներ են ի հայտ գալիս, եւ օգնության են գալիս սերը, փոխադարձ հարգանքը, զիջելու կարողությունը: Իսկ եթե սեր կա, ամեն ինչ հաղթահարելի է դառնում»:


Խոսելով իրենց փոխված կյանքի մասին՝ Հրաչուհին ասել է. «Մեր ընտանիքում այժմ ամեն օր մի նոր փուլ է, Վարդանի ծնվելուց հետո մեր փոքրիկ ընտանիքում նոր կյանք է սկսվել: Եթե առաջ միայն երկուսով էինք, այժմ կա եւս մեկը: Շատ հարցերում իմ ուշադրությունը մի քիչ պակասել է ամուսնուս նկատմամբ, փոքրիկն ավելի շատ խնամք, ժամանակ եւ հոգատարություն է պահանջում: Փառք Աստծո, ամուսինս ըմբռնումով է մոտենում, մեզ մոտ դրա հետ կապված խնդիրներ չեն լինում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հրաչուհու անձնական արխիվից