ԺԱՄԱՆՑ

Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի որդու առաջին քայլերը դեպի դպրոց և ընտանեկան ավանդույթը

Շոումեն, դերասան Գրիշա Աղախանյանի և դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքում այսօր տոն է: Նրանց որդին` Ալեքսանդրը, իր առաջին քայլերն է անում դեպի դպրոց: Նա սովորելու է Չեխովի անվան 55 դպրոցում: Tert.am Life-ը ներկա է եղել Ալեքսանդրին դպրոց ճանապարհելու արարողությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Загрузка...

Շողերը պատմեց, որ Ալեքսանդրը շատ ոգևորված է դպրոց գնալու առթիվ, այսօր դպրոցական պայուսակը բաց չի թողել. «Շատ ոգևորությամբ էր սպասում սեպտեմբերի 1-ին: Նույնիսկ նախադպրոցական գնումները միասին ենք կատարել: Միայն պայուսակն եմ առանց իրեն ընտրել: Որքան էլ փոքր է, միշտ հարցնում եմ իր կարծիքը, որ ի սկզբանե ճաշակ ձևավորվի իր մոտ»:

Ալեքսանդրը ծաղիկները ձեռքին անհամբերությամբ սպասում էր ներս մտնելուն, որպեսզի տեսնի իր ուսուցչուհուն ու նվիրի ծաղիկները:

Շողերն ասաց, որ նախապես դասավորել է Ալեքսանդրի դպրոցական պայուսակը, սակայն Ալեքսանդրն ինքն էլ է գրենական պիտույքներ է ավելացրել: «Նոր տետրեր, գրիչներ ավելացրեց: Բնավորությամբ շատ պարտաճանաչ է, կարծում եմ, լավ կսովորի: Ալեքսը նաև շատ հետաքրքրասեր է, թվաբանություն է սիրում,- ասաց նա և հավելեց, որ ուսումը երեխայի կյանքում շատ կարևոր է, գիտելիքը` առաջնային,- Ոչ միայն Ալեքսին, այլև բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, կանաչ ճանապարհ, լավ մանկություն թե՛ տանը, թե՛ դպրոցում: Թող բոլորն էլ մաքսիմալ լավ սովորեն, թեկուզ ոչ գերազանց, բայց գոնե լավ»:

Դպրոցի ընտրության հարցով երեխայի հայրը` Գրիշան է զբաղվել: Գրիշան ասաց, որ Չեխովի անվան դպրոցում սովորելը իրենց ընտանիքում ավանդույթ է դարձել. «Հայրս 1949 թվականին է ընդունվել այս դպրոց, ես` 1975 թվականին, եղբայրս` 1983 թվականին, հիմա որդիս` Ալեքսանդրը` 2020 թվականին: Արդեն երրորդ սերունդն է, որ նույն դպրոցում է սովորելու: ԽՍՀՄ ժամանակաշրջանում լավագույն դպրոցներն էին Չեխովի և Պուշկինի անվան դպրոցները, վստահ եմ` հիմա էլ է այդպես: Նաև դպրոցը մեր տանը բավականին մոտ է»:

Շողերն էլ ասաց, որ համաձայն է ամուսնու հետ. «Մեր տղան ռուսական թեքումով դասարանում է սովորելու, ինչի համար շատ ուրախ եմ: Կա սերունդ, որը ռուսերենը մոռացել է, շեշտը դրել անգլերենի վրա` որպես միջազգային լեզու, բայց ռուսաց լեզուն ոչ պակաս կարևոր է»:

Մայրիկը չի ցանկանում, որ Ալեքսանդրն իրենց մասնագիտական ուղին շարունակի: Գրիշան էլ ընդգծեց, որ ավելի լավ է որդին այլ մասնագիտություն ընտրի: «Թող լավ սովորի, լավ մարդ դառնա: Մենք շատ ենք ցանկանում, որ բժշկի մասնագիտությունն ընտրի: Տանն արդեն այնքան ենք խոսել այդ թեմայով, որ Ալեքսանդրն էլ ասում է` ուզում է բժիշկ դառնալ: Իհարկե, ցանկալի է, որ այդպես լինի, բայց դեռ երեխա է, երբ մեծանա, հնարավոր է՝ այլ մասնագիտություն ընտրի»,-ասաց Գրիշան:

Մարիամ Խաչատրյան

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

ԱՂԲՅՈՒՐԸ՝