ԺԱՄԱՆՑ

«Փորձում ենք ամեն ինչ անել հեռուստադիտողին գոհացնելու համար». առաջին մանրամասները Դիանա Գրիգորյանի նոր սերիալի, հերոսուհու ընտրության և դերասանական կազմի մասին

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում շուտով կլինի սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր` «Սարի աղջիկ» հեռուստասերիալը: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան ասաց, որ մոտ մեկ շաբաթ է` նկարահանումները սկսվել են, նախատեսում են եթերում լինել սեպտեմբերի վերջից:

Загрузка...

«Յուրաքանչյուր նախագիծ սկսելիս պատասխանատվության գերզգացողություն և լուրջ տրամադրվածություն կա, այս անգամ ուզում ենք ցույց տալ հայկական լեռնաշխարհը: Ցանկանում ենք այնպես անել, որ սփյուռքահայերը տեսնեն, կարոտեն ու հետ վերադառնան. գուցե հայրենի բնությունը նրանց տուն կանչի: Ցույց ենք տալու մեր մշակույթը, մատուռները, ավանդույթները, սովորույթները` սկած լավաշ թխելուց, վերջացրած գինու փառատոնով: Մենք նման նախագիծ երբեք չենք ունեցել, մեր ունեցած հետաքրքիր փառատոնները չենք նկարահանել, ավանդույթներ, սովորույթներ ցույց չենք տվել: Անելու ենք ամեն ինչ մեր հնարավորության սահմաններում այդ ամենը գեղեցիկ ներկայացնելու համար, քանի որ այդ ամենը կազմակերպելն ու ներկայացնելը մեծ ֆինանսների հետ է կապված»,-ասաց նա:

Դիանայի խոսքով` «Սարի աղջիկ» հեռուստասերիալը տարբերվող նախագիծ է: «Ես, առհասարակ, գիտեմ, թե ինչ է պետք անել բարձր վարկանիշ ունենալու համար: Բայց յուրաքանչյուր նախագիծ սկսելիս կարևոր է, որ չկրկնես քեզ, չկրկնօրինակես մեկ այլ սերիալ, որևէ զուգահեռ չանցկացնես մեկ այլ երկրի արտադրանքի հետ, նախագիծը պետք է լինի քեզնից ծնված, հային հարիր, հայի համար: Նման նախագիծ ստեղծելը, իհարկե, բարդ է, այդ պատճառով մենք երկար ենք մտածում, օրեր չենք քնում, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գոհացնենք հեռուստադիտողին: Շատ եմ ցանկանում, որ ըստ արժանվույն գնահատվենք, որովհետև մեր ստեղծագործական խմբի բոլոր անդամները հիմա սարերում են քնում, նկարահանումներ իրականացնում և քնում, արթնանում են այնտեղ ժպիտներով»,-ասաց Դիանան:

Նա նաև ասաց, որ ցանկացած նախագիծ սկսելիս պետք է միշտ առաջ շարժվել ևս մեկ քայլով. «Սա հենց մեր  ստեղծագործական ու դերասանական անձնակազմի որդեգրած բանաձևն է: Յուրաքանչյուր նախագիծ իր սխալներն ունի, դրանք շտկելով, հեռուստադիտողի խորհուրդները լսելով՝ առաջ ես շարժվում»:

Նա նշեց, որ նախագծի համար հայտարարել էին օնլայն քաստինգ, որպեսզի բոլոր այն տաղանդավոր երիտասարդները, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել քաստինգներին, կարողանան ցույց տալ իրենց հնարավորությունները:

«Ես հայտարարեցի, որ յուրաքանչյուր ոք, ով օժտված է տաղանդով, երազում է դերասանի կարիերայի մասին, հասկանում է, որ ունի այդ բնությունը, կրթված է կամ ինքնուս, կարող է նկարահանել էտյուդ և տեղադրել իր էջում: Հազարավոր մարդիկ, տաղադավոր երիտասարդներ հենց այդպես էլ արել էին: Այս քաստինգի իրականացմանը հենց կարանտինային իրավիճակը նպաստեց. յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանաս լույս տեսնել,-ասաց նա և հավելեց, որ սերիալի գլխավոր հերոսուհուն` Աիդա Կարապետյանին, հենց օնլայն քաստինգի միջոցով են ընտրել,- Նա, ի դեպ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի թոռնուհին է»:

Ըստ Դիանայի` քաստինգին մասնակցող դերասանների ընտրությունը շատ բարդ է եղել. «Ես մերժել էի տարածված գեղեցկությունը, ինձ սարի աղջիկ էր անհրաժեշտ: Քանի որ նկարահանումների ընթացքում ներկայացնելու ենք մեր վայրի և գեղեցիկ բնությունը, հետևաբար` գեղեցիկ ու վայրի բնության մեջ պետք է անգամ հերոսուհին լիներ բնական ու վայրի գեղեցկությամբ ու անպայման պարուհի լիներ, որպեսզի կարողանար պարել մեր հայկական պարերը»:

Աիդա Կարապետյանի հետ գլխավոր դերերում են Թելման Խաչատրյանը, Կարո Հովհաննիսյանը: «Ինձ մոտ բոլոր կերպարներն են խաղարկային ու գլխավոր, ոչ գլխավոր կերպարներ իմ նախագծերում չկան: Ընտրել ենք, ինչպես միշտ, դերասանական պինդ կազմ: Նախագծում են Հարություն Մովսիսյանը, Էմմա Մանուկյանը, Աշոտ Ղազարյանը, Անգնեսա Շահնազարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անի Քոչարյանը, Աիդա Բաբաջանյանը, Արտաշես Մխիթարյանը, Ջուլիետտա Ստեփանյանը, Գոռ Համբարձումյանը, Անուշկա Մարգարյանը, Լիլիթ Բադալյանը, Անիտա Ավետիսյանը: Սերիալում խաղում է նաև դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ում հետ վաղուց չէի համագործակցել»,-ասաց Դիանան:

Հարցին՝ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նախագծում ընդգրկվա՞ծ է, Դիանան պատասխանեց. «Ժաննա Բուտուլյանը այս նախագծում չի նկարահանվում, քանի որ նկարահանվել է մեկ այլ նախագծում: Նա կլինի «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, բայց ոչ մեր նախագծով»:

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝