Լրահոս

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը՝ ուղիղ. Արցախի ներկա և նախկին նախագահներն այսօր կներկայանան դատարան (թարմացվում է)

16:38

Նշենք, որ դատարան եկավ նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։


16։08

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը ժամը 17։00-ին կժամանեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան։  

Նման հայտարարություն արեց  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննության ժամանակ։ 

Загрузка...

15:59

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որտեղ էլ պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց ուսումնասիրել որոշ տեսանյութեր։ Սակայն դատարանը նշեց, որ հիմա փաստերի հետազոտման փուլ չէ։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված տեսանյութերի զգալի մասը տեսել է մարտի 7-8-ի կողմերը:

«Գորիկ Հակոբյանն ինձ մոտ է բերել ու ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինները սկզբից կատեգորիկ հերքում էին, որ նման տեսանյութեր կան։ Ես ինչի համար եմ իմ մոտ նայել՝ որովհետև իմ հայտնի ասուլիսն էր: Ես կապվել եմ Գորիկ Հակոբյանի հետ ու հարցրել եմ՝ ինչ իրավիճակ է, քանի որ լրագրողների հետ հանդիպում եմ ու իրավիճակը պետք է ճշտեի։ Նա ինձ ասաց, որ, այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս, կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագները ինքը ինձ ցույց տվեց, դրանք այսօր ոչ մի տեղ չկան։ Երբ սկսեցին քննադատել, որ նման բան չկա, ինքը բերեց և իմ գրասենյակում ցույց տվեց: Նաև ցույց տվեց մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Չգիտեմ՝ որտեղ են: Բավական հետաքրքիր նյութեր էին, թե ոնց ա նռնակի պայթյունից ոստիկանության կապիտան զոհվում, բայց այս նյութերը չկան այսօր»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս պնդեց, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված ու ՀՔԾ փոխանցված 3 հատոր գործը ներկա պահին քննվող գործին կցված չէ։ Նա համոզված է, որ իր դեմ ներկայումս հարուցված գործին մի շարք այլ կարևոր փաստարկներ չեն կցվել։

«Ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել Ազգային անվտանգության ծառայությունից, և սա պետք է հարցեր առաջացնի։ Դրա համար էինք ասում, որ ամբողջական պատկերացում ունենալու համար դատարանը հնարավորություն տա այս հարցերն ավելի լայն քննարկել։ Եթե չեք ուզում, խնդիր չկա»,- շարունակեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս գործով ընդհանրապես ցուցմունք չի տվել և այդ պատճառով ստիպված է այն մասը, որին անձամբ մասնակից է եղել, ներկայացնել բանավոր։

Գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ արձագանքեց․ «Դատարանն ասաց, որ կարող ենք նշել փաստերը ու դատարանը կհետազոտի այն, բայց խորհրդակցական սենյակում։

Գործով  դատախազ Գևորգ Բաղդասարյան էլ հայտարարեց, որ մեղադրող կողմը չի առարկել ու չի առարկելու քրեական գործի քննության ընթացքում նյութեր ներկայացնելուն, ավելին՝ նյութերի հետազոտությամբ կպարզվի, թե ինչը կա քրեական գործում, ինչը՝ ոչ։

«Այս փուլում, որ հայտարարություն է արվում, թե ինչ-որ նյութեր են թաքցվել քրեական գործից և այլն, բայց այլս փուլում բոլորս զրկված ենք նյութերը, տեսագրությունները համեմատելուց: Քրեական գործի քննության ժամանակ մենք  կտեսնենք, թե գործերի նյութերի մեջ ինչ կա, բովանդակությունն ինչպիսն է: Եթե ինչ-որ նյութեր լինեն, որոնք պաշտպանության կողմը կհասկանա, որ չկան, կներկայացնի։ Բոլորս այդ փուլում կվերլուծենք ու նոր ճիշտ հետևությունների կարող ենք գալ»,- ընդգծեց դատախազը։

Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց՝ շեշտելով, որ իր ասածն այլ բանի է վերաբերում։

«Իմ ասածն այն է, որ պետական մարմինը՝ ԱԱԾ-ն, չի ներկայացրել նյութեր: Ենթադրում եմ, որ իրենցից չեն պահանջել այն նյութերը, իսկ դա այն մարմինը չէ, որ նյութերն անհետանան։ Խոսքը նրա մասին է, որ սելեկտիվ ձևով ընտրում են, թե ինչը ներկայացնեն, ինչը՝ ոչ»,- շարունակեց Ռոբերտ Քոչարյանը։

Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ նյութերի ուսումնասիրման փուլում հստակ պարզ կլինի, թե ինչ փաստեր են կցվել գործին։

15։36

Կաշառքը տալիս են ինչ-որ մի բանի համար, մի ծառայության համար: Այն ժամանակ ես նախագահ էի, պետության գլուխն էի, ըստ Սահմանադրության, գործադիր իշխանության հետ արդեն որևէ առնչություն չունեի: Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

«Ինքը չի ասում, որ իրեն մեկը պետք է լավություն անի, ասում է՝ տվել եմ, որ իրեն չխանգարեն: Որևէ փաստ չկա, որ իրեն պետք է խանգարեին, ինչի՞ց է եզրակացության եկել, որ կխանգարեն … Ինքը ունի մի ընկերություն, վաճառում է այն, և օրենսդրությամբ չի ենթադրում, որ այդ ընկերության վաճառքը պետք է համաձայնեցվի: Որտեղի՞ց պետք է նախագահն իմանա, որ Սիլվա Համբարձումյանը ընկերություն է վաճառում: Սա աբսուրդի է նմանվում: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար են անում: Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետ չի գործում: Երկրորդը՝ հունիսից ապօրինի ձևով իմ գույքի, հաշիվների վրա կալանք են դրել ու այդ հոդվածով իրավունք չունեին դնելու: Կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը: Ուրիշ բացատրություն չկա»,- հավելեց նա:


14:13

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Դատարանում այս մասին հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ շարունակելով ներկայացնել կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։

«Չկա հիմք ենթադրելու, որ անձը կխուսափի (պատասխանատվությունից/խմբ.): Այն դեպքում, երբ անձն ուներ բացարձակ ազատություն, և որևէ սահմանափակում չկար երկիրը լքելու համար, նա բուժման նպատակով երկիրը լքելու համար դիմել էր, քանի որ հարգում է պետական մարմնին։ Այսինքն, դատախազության ներկայացրած հիմքերը, որոնք իբրև պետք է լինեն դեմ պարոն Քոչարյանի դեմ, իրականում, համաշխարհային պրակտիկայում ի օգուտ մեղադրյալի են նշվում»,- շարունակեց նա։

Փաստաբանի խոսքին արձագանքեց գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ նկատելով, որ այս մասին խոսել էր նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը։

Ի պատասխան դատավորի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հարգելի՛ դատարան, ստիպված ենք դա անում, քանի որ մի քանի դատարանով անցել են և տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ «մտնի», բայց մեկա չի «մտնում» »։

13:43

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։ Այս փուլում Քոչարյանի փաստաբանները ներկայացնում են իրենց փաստարկները, թե ինչու պետք է իրենց պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, փոխվի։

Պաշտպաններից Արամ Օրբելյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Օրբելյանը կարծում է, որ նախաքննական մարմինը մի շարք բացթողումներ ունի։ Ըստ նրա՝ դատավորը պարտավոր է ստուգել՝ արդյոք նախաքննական մարմինը ներկայացրե՞լ է փաստեր, որ նախաքննության ընթացքում անձին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:

«Հարգելի´ դատարան, ուզում եմ ուշադրություն հրավիրեք այս հատվածին, երբ ասում ենք՝ պարոն Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ դադարեցրել է Սահմանադրության 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները, դա չի նշանակում նկարագրություն: Դատարանն ու դատախազը պարտավոր են մեղադրանքի բնույթի ու հիմքերի վերաբերյալ հանգամանալից տեղեկություն ներկայացնել մեղադրյալին»,- ասաց նա։

Օրբելյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման համաձայն, որպեսզի անձը լինի մեղադրյալ, դրա մասին որոշում պետք է կայացվեր, այդ մասին տեղեկացվեր մեղադրյալին, բայց շեշտեց, որ նախաքննական մարմինը լրացնելով և փոփոխելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, պատշաճ կերպով չի պարզաբանել իր պաշտպանյալին։

«2018թ. նոյեմբերի 2–ին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ մասին տեղյակ պահել կողմին։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին է տրամադրվել ամբողջական ձևաթուղթ՝ պաշտպան ունենալու, մեղադրյալին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին, բայց թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ նրա պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել են, որ մեղադրանքը պարզ չէ»–ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի անհասկանալի ձևակերպման հիմքով Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը․ «Բայց նախաքննական մարմինը, առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։ Պարոն Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և առնվազն այս փուլում չպետք է նրա  նկատմամբ կալանք կիրառվի»,–ընդգծեց Արամ Օրբելյանը։

Վերջինը հիշեցրեց օրենքի պահանջը՝ արարքի քրեաիրավական որակման հիմքում պետք է ընկած լինեն փաստերը, հանցագործության ու դրա հանգամանքների հետ կապված մանրակրկիտ նկարագրությունը, մեղադրանքը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունները, այն պետք է ներառի հանցակազմի բոլոր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները։

«Արդար դատաքննության իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվում է միայն քրեական օրենքով արգելված գործողության ընդհանրական նկարագրությամբ։ Մեղադրանքն ուսումնասիրելիս ենթադրյալ գործողությունների, որոնք դեռ ապացուցման կարիք ունեն, ու դրանց կապը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ չեն տեսնում։ Ոչ միայն ես չեմ տեսնում»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հարցով խոսել է արտերկրի առաջատար մասնագետների հետ, և նրանք իր հետ համաձայնել են ու կապ չեն տեսել։

Արամ Օրբելյանը շեշտեց, որ այսօր գործով որևէ չպարզված հանգամանք չպետք է լինի, որովհետև, եթե գործում կա չպարզված հանգամանք ,և դա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա գործն ուղղակիորեն չի կարող շարունակվել։

12։12

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի հետ կապված լրագրողներն օրեր շարունակ դժգոհություն ունեին, քանի որ նիստի ժամանակ խոսողների ձայնը վատ էր լսվում։ Դատարանը չէր թույլատրում բոլոր բարձրախոսները ներս մտցնել՝ հայտարարելով, որ կարող է մեկը հեռուստաընկերության դա թույլ տալ, որի կապը բաց է, իսկ մյուսներն օգտվեն այդ կապից։

Այսօր էլ խնդիրը չկարգավորվեց, նիստը մի քանի անգամ ընդհատվեց՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, ինչից հետո լրագրողները բոյկոտեցին դատական նիստը և դուրս եկան դահլիճից։ 

Բոյկոտից հետո դատարանը որոշեց, որ լրագրողները կարող են անցել ապակյա պատնեշը և հնարավորություն տրվեց դատական նիստերին հետևել հենց նիստերի դահլիճից։ 



11:40

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը դատարանի դիմաց Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ կներկայանան դատարան։ Սակայն նա հստակ ժամ չնշեց՝ չբացառելով, որ կարող են գալ օրվա 2-րդ կեսին։

Նշենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

11:37

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացնում է փաստարկներ, թե ինչու իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքը պետք է փոխվի։

Երեկվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը և խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան այսօր:

Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Նիստին զուգահեռ դատարանի բակում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը դեմ և կողմ քաղաքացիների ակցիան։

tert.am

Loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.