ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հինգ տարածված գործոն, որոնք կարող են դառնալ մեջքի ցավերի պատճառ

Պարանոցի, ողնաշարի կամ ամբողջ մեջքի ցավերը ժամանակակից մարդկանց շրջանում բավական տարածված խնդիր են։ Վիճակագրական տվյալների համաձայն` նման տհաճ խնդրին բախվում է մոլորակի հասուն բնակչության 60-80%-ը, սակայն մասնագետին այնուամենայնիվ շատ քչերն են դիմում։

Загрузка...

Փորձը ցույց է տվել, որ միայն չափազանց ուժգին ցավերի դեպքում են մարդիկ դիմում բժշկին, սակայն մասնագետները հորդորում են չափազանց ուշադիր լինել մեջքի հետ կապված խնդիրների դեպքում, քանի որ օրգանիզմի այս հատվածն ունի բավական բարդ կառուցվածք և բաղկացած է բազմաթիվ նյարդերից, հոդերից, ոսկորներից ու մկաններից։ 

Ողնաշարի ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ ինքնուրույն խնդրի պատճառը որոշել չի հաջողվի։ Նման ցավերը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, սակայն դրանցից մի քանիսը շատ ավելի հաճախ են հանդիպում։ Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են մեջքի ցավերի առաջացման այն պատճառները, որոնք առավել հաճախ են հանդիպում։

Մկանների կամ ջլերի վնասվածքներ

Ինտենսիվ մարզումները, ծանր իրեր բարձրացնելը, անհարմար դիրքով քնելն ու մի շարք այլ գործոններ լուրջ ազդեցություն են ունենում մկանների ու ջլերի վրա և կարող են դառնալ անգամ վնասվածքների պատճառ, որոնք էլ կուղեկցվեն ցավով, սպազմով ու շարժումների կաշկանդվածությամբ։

Բորբոքային գործընթաց

Օրգանիզմի բնական իմունային պատասխանը կարող է այնքան հզոր լինել, որ կհանգեցնի տհաճ զգացողությունների առաջացման և կուղեկցվի բարձր ջերմությամբ ու ցավով։ Վնասվածքի կամ հիվանդության պատճառով զարգացած բորբոքումը կարող է պահպանվել բավական երկար, ինչը կհանգեցնի մեջքի ու ողնաշարի քրոնիկ ցավերի։ Նման խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետին և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Արթրիտ

Այս խնդիրն ախտորոշվում է միլոնավոր մարդկանց մոտ՝ հանգեցնելով շարժումների կաշկանդվածության ու ցավոտ զգացողութունների առաջացման։ Այս հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկ բնույթ և ախտահարել օրգանիզմի ցանկացած հոդ, այդ թվում նաև ողնաշարի հոդերը։ Շատ դեպքերում հիվանդությունն ուղեկցվում է հոդերի ռիգիդությամբ ու այտուցներով, որոնք նույնպես կարող են տհաճ ախտանշանների պատճառ դառնալ։

Օստեոպորոզ

Այս հիվանդությունը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների նվազման, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ոսկորների վրա։ Այն առավել շատ է ախտահարում դաստակներն ու ողնաշարը՝ հանգեցնելով ոսկորների թուլացման ու փխրունության և ուղեկցվելով ցավոտ զգացողություններով ու շարժումների կաշկանդվածությամբ։

Միջողային սկավառակի ճողվածքի վնասվածք կամ միջողային սկավառակի պատռվածք

Ողերի միջև գտնվող աճառային հյուսվածքներից կազմված «բարձիկները», որոնք կոչվում են միջողային սկավառակներ, առանձնացնում են ոսկրային ողերը ողնաշարի մյուս հատվածներից։ Տեղախախտման դեպքում այդ սկավառակները վնասվում են կամ արտացցվում, ինչն ուղեկցվում է սաստիկ ցավով, մկանների սպազմով ու շարժունության խանգարմամբ։ Ընդ որում՝ տարիքի հետ մարդու միջողային սկավառակներն ավելի ու ավելի են մաշվում` դառնալով փխրուն և հաճախ վնասվելով։ Սա է պատճառը, որ հարկավոր է հոգ տանել ողնաշարի առողջության մասին և ժամանակին դիմել բժշկին միջողային սկավառակի ճողվածքից և էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Նյութի աղբյուրը՝