ԺԱՄԱՆՑ

Վնասվել էր դեմքիս ներվը․ Էրիկ Օհանյանը՝ առաջնագծում վիրավորվելու մասին

Մարտարվեստների մարզիչ, դերասան Էրիկ Օհանյանը, ով սեպտեմբերի 29-ից որպես պահեստազորային սպա, կամավոր առաջնագծում էր, հոկտեմբերի 4-ին վիրավորում էր ստացել: Դերասանին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Էրիկը:

Загрузка...

Էրիկի Օհանյանի խոսքով՝ նա վիրավորվել է հոկտեմբերի 4-ին, ստացել է դիմածնոտային, բեկորային վնասվածք, ինչպես նաեւ տարել է կանտուզիա. «Շատ շնորհակալ եմ մեր բժիշկներին, որ կարողանում են պրոֆեսիոնալ ձեւով օգնել բոլոր վիրավորներին, քանի որ նրանք էլ առաջնագծում զինվորի պես կռվում են»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտում, ապա տեղափոխվել է Խոջալու, այնտեղ հիմնական բուժօգնություն ստանալուց հետո, նոր տեղափոխվել է Երեւան, որտեղ անմիջապես ենթարկվել է վիրահատության:

«Խոջալուում թեեւ պայմանները դժվար էին, բայց երբ բժիշկներն անառիկ պայքարում էին, իսկ իմ վիճակն էլ գնալով ծանրանում էր, եւ երեք օր Խոջալուում մնալուց հետո տեղփոխվեցի Երեւան: Վնասվել էր դեմքիս ներվը, բեկորը չեն հանել, քանի որ այն բավականին խորն է եղել: Երեկ դուրս եմ գրվել հիվանդանոցից, քանի որ մտածում եմ, որ հիվանդանոցում իմ տեղը կարող է ուրիշ զինվոր պառկել, իսկ մնացյալ բուժօգնությունը կշարունակեմ տանից ստանալ»,-նշում է նա եւ հավելում, որ շատ ուրախ է, որ նրա տեղը զինվոր չի վիրավորվել:

Իսկ առաջնագծում կռվող մեր զինվորիների մաղթում է մնալ այնպիսին, ինչպիսին, որ կան . «Փառք Աստծու մեր երեխաները ուժեղ, դուխով արծվի ձագեր են՝ թե՛ զինվորները, թե՛ կամավորները: Բոլորը միասնական հոգով եւ սրտով մեր հողն են պահում, պաշտպանում, որպեսզի Արցախը մի թիզ հող չհանձնի թշնամուն: Այսօրվա մեր սերունդը շատ հոգով ու հայրենասեր սերունդ է: Նրանք ապացուցում են, որ մեզ կոտրել հնարավոր չէ»,-ընդգծում է նա:

Էրիկը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ մամուլում հրապարակված այն լուրերին, թե իբր նա վիրավորվելուց հետո կրկին վերադարձել է առաջնագիծ:

«Դրանք բոլորը սուտ, շինծու լուրեր են, որ անգամ այս օերին լայք հավաքելու համար մարդիկ նման բաներ են անում: Ես այս պահին գտնվում եմ տանը, ապաքինման փուլում»,-հավելում է դերասանը, եւ նկատում, որ Եթե Թուրքիայի աջակցությունը չլիներ Ադրբեջանին, ապա մենք վաղուց հասել էինք Բաքու:

Լիդա Եղիազարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝